Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովն

Դեկտեմբեր 24,2005 00:00

Հանձնաժողովն ու 40 շուկաները Ընթացիկ տարում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է մոտ 40 շուկա՝ այդ ընթացքում գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության եւ այլ խախտումների համար տուգանքի տարբեր չափերով պատժելով բազմաթիվ ընկերությունների: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաեւ այդ շուկաների կառուցվածքը, հայտնաբերվել են գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները, նրանց վարքագիծը շուկայում ավելի վերահսկելի է դարձել, եւ հնարավորություն է ստեղծվել ավելի օպերատիվ արձագանքել տնտեսական մրցակցության սահմանափակումներին: Հայտնաբերված խախտումների առումով «սեւ ցուցակում» են հայտնվել այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «ԱրմենՏելը»՝ մատուցած բջջային կապի վատ որակի համար, «Կոկա-կոլա» աշխարհահռչակ ընկերությունը՝ վաճառողներին «Պեպսիի» սառնարանները տեղադրել թույլ չտալու եւ այդպիսով գերիշխող դիրքը չարաշահելու համար, ինչպես նաեւ «Բագրատուր» եւ թուրքական «Քուլե» ընկերությունները՝ հակամրցակցային համաձայնություն կնքելու համար: Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը նշանակել է ավելի քան 181 մլն դրամի տուգանք (չհաշված «Կոկա-կոլան», որի գործը դատական փուլում է), որից վճարված է մոտ 170 միլիոնը, իսկ մնացածը բռնագանձման հայցերով դատական գործընթացում են: Ուշագրավն այն է, որ հանձնաժողովը՝ պանրի, պաղպաղակի, մսամթերքի, կաթնամթերքի, գաջի եւ լայն սպառման այլ ապրանքների շուկաներն ուսումնասիրելիս Հարկային ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի տեղեկատվությունների հետ դրանք համեմատելով՝ երբեմն նույնիսկ զավեշտալի տվյալներ էր ստանում: Օրինակ՝ շամպայնի եւ փրփրուն գինիների շուկաների ուսումնասիրության արդյունքներով՝ շուկայում գործող 11 սուբյեկտների կողմից 2004-ին իրացվել է մոտ 600 հազար լիտր շամպայն եւ գինի, եւ, որպես գերիշխող դիրք ունեցող սուբյեկտ, ճանաչվել է «Երեւանի շամպայն գինիների գործարանը»: Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ Հարկային ծառայության տվյալներով ոչ միայն որոշակի անհամապատասխանություն կա իրացման, արտադրման եւ ներկրման ծավալների հետ կապված, այլեւ հարկայինի տրամադրած ցանկում առկա երեք տնտեսվարող սուբյեկտները հայտնել են, թե 2004-ին գործունեություն չեն իրականացրել: Նմանատիպ անհամաձայնություններ են հայտնաբերվել նաեւ օղու եւ գարեջրի շուկաների ուսումնասիրությունների արդյունքում: Հատկապես օղու շուկայում նկատված խախտումները հիմնականում վերաբերում են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներին, որոնք արտահայտվում են հայտնի ապրանքային նշանների (պիտակներ, ֆիրմային անվանումներ, արտոնագրված շշեր) ապօրինի օգտագործմամբ: Այս խախտումների համար հանձնաժողովը մի շարք ընկերությունների նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոցներ՝ խախտումը վերացնելու կարգադրությամբ: Սակայն հանձնաժողովի դիտարկմամբ՝ այս շուկայում անբարեխիղճ մրցակցության վերոհիշյալ երեւույթները դեռեւս գոյություն ունեն, եւ հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրությունները: Այս շրջանում հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են ներկրվող մրգերի, հանքային ջրերի շուկաները, որոնց ուսումնասիրություններն ընթացքի մեջ են: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել