Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Դեկտեմբեր 24,2005 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդԳլուխ տասնչորսերորդ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ Ահա էսպիսի հետաքրքիր մի պատմություն, ու էս պատմությանը ես հաստատ անհաղորդ կմնայի ու էսպես մեկին մեկ ձեզ էլ չէի հաղորդի, եթե անցած աշնան մի անձրեւոտ օր ինձ չգցեի Մանկավարժականի Հայկունի կաբինետ ու էնտեղ կյանքումս առաջին ու վերջին անգամ չկարդայի էդ, ուրեմն, «Նեզավիսիմայա գազետա» կոչվող թերթը, եւ քանի որ խոսքը խոսք է բերում, ես հիմա ուզում եմ հիշել ու հիշեցնել միանգամայն այլ Արմսթրոնգի մասին, եւ եթե խոսքը խոսք չբերեր, ես դժվար թե իմ Ֆրեդ քեռուց միանգամից թռնեի Լուսին, եւ քանի որ իմ Ֆրեդ քեռու շնորհիվ լուսնագնացի քեռուն հիշեցի, էդ լուսնագնաց Արմսթրոնգի շնորհիվ էլ հիմա ջազմեն ու շեփորահար Արմսթրոնգին պիտի հիշեմ, ավելի ճիշտ՝ ոչ թե Արմսթրոնգին եմ հիշելու, այլ՝ Լեւոն Ներսիսյանի պատմած մի պատմությունը, որի մեջ աշխարհահռչակ շեփորահարն ու երգիչը որոշակի դերակատարություն ունի, ու էս պատմելիքս շատ ավելի տեղին է, մանավանդ որ՝ տեղի է ունեցել նույն յոթանասունվեցի նույն օգոստոսին, երբ Երեւանի փողոցներն ու սրճարաններն էի չափչփում՝ ձեռի հետ աշխատանք փնտրելով ու չգտնելով, ու էնքան ազատ էի, ավելի ճիշտ՝ էնքան պարապ էի, որ, «Սկվազնյակի» ու «Պապլավոկի» իմ շրջապատը համալրելով հանդերձ, նկարիչների սրճարանում էլ ուշահաս դերասան Ազատ Շերենցի հիմնական զրուցակցի կարգավիճակն էի ինքնակամ ստանձնել, ու էդ տարվա օգոստոսի սկզբների մի օր, ավելի ստույգ՝ դույն թվի օգոստոսի վեցին, այսինքն՝ իմ ու ախալքալաքցի Աշոտի աշխատանքային խոսակցությունից ուղիղ տասը օր առաջ, երբ մտա նկարիչների սրճարան ու նստեցի միայնակ ու մտահոգ Շերենցի սեղանի մոտ, Շերենցն առանց ինձ մարդավարի բարեւելու՝ հարցրեց. – Արմո՛, հեչ ինիստուտ ընդունված կա՞ս: – Ի՞նչ իմաստով,- հարցրի ես: – Սովորելու իմաստով,- ասաց Շերենցը: – Մանկավարժականն եմ ավարտել,- ասացի ես: – Ընդունվել ես՝ հետո ե՞ս ավարտել,- հարցրեց Շերենցը: – Որ չընդունվեի՝ ո՞նց կավարտեի,- ծիծաղեցի ես: – Քանի՞ աչոկով ես ընդունվել: – Էրկու հատ հինգ էի ստացել, էրկու հատ՝ չորս. սաղ իրար հետ տասնութ աչոկ ա անում: – Էդ էրկու հատ հինգը ծանոթով էի՞ր ստացել, թե՞ ինքնուրույն: – Ինքնուրույն: – Լրիվ ինքնուրույն ընդունվել ես, հա՞: – Չէ. էն էրկու հատ չորսերն եմ ծանոթով ստացել: – Ըտենց էլ ա՞ ըլնում: – Իմը ըտենց ա էղել: Խի՞ ես հարցնում: – Թոռս Պոլիտեխնիկ իրեք հատ քննություն ա տվել, մնացել ա մի հատ: – Վերջինն ա, հա՞, մնացել: – Հա: Բայց էս վերջինն ամենաբարդն ա: – Էդ վերջինն ի՞նչ քննություն ա: – Հայերենի թելադրություն ա: Էդ թելադրությունն աչոկ չեն հաշվում. մի հատ իրեք էլ որ ստանա՝ ծով ա: – Բա էլ ինչի՞ ես դարդ անում: – Ո՞նց դարդ չանեմ,- հոգոց հանեց Շերենցը.- թոռս կպել ա թե՝ ծանոթ պիտի ճարես: Ասում ա՝ էդ հայերեն թելադրությունից ինքնուրույն հազիվ զրո ստանամ: – Հայերենից էդքան վատ ա, հա՞: – Ի՞նչ վատ. լավ էլ հայերեն ասում-խոսում-ճտպտում ա. ինչքան չըլնի՝ իմ թոռն ա: Ուղղակի մեջը վախ ա մտել. ասում ա՝ ծանոթ պիտի մեջ քցենք: – Ծանոթ ունե՞ք: – Անձամբ մենք չունենք, բայց Ֆրունզն ունի: – Ֆրունզին ասել ե՞ս: – Հա. մի քիչ առաջ ասեցի: Ինքը հիմի ռեստորանից զանգում ա: – Ո՞ւմ ա զանգում: – Էրեխի քննության հաշվով: – Ինքը դասախոսին ճանաչում ա՞: – Ինքը ո՞ւմ չի ճանաչում,- ասաց Շերենցը.- ավելի ճիշտ՝ իրան ո՞վ չի ճանաչում: Մենակ թե՝ կարենանք էդ թելադրություններն ստուգող դասախոսի անունը ճշտենք, ավելի ճիշտ՝ ազգանունը: – Դասախոսի անունը չգիտե՞ք: – Դասախոսի անունը որ իմանայինք՝ էլ ի՞նչ դարդ ունեինք,- ասաց Շերենցը.- սաղ աշխարհը Ֆրունզին ճանաչում ա: – Քեզ է՛լ ա սաղ աշխարհը ճանաչում,- ասացի ես: – Ինձ ճանաչում են, ճիշտ ա, բայց իրան համ էլ սիրում են: – Քեզ էլ պակաս չեն սիրում: – Իրան համ սաղ ճանաչում են, համ էլ ինքն ա սաղին ճանաչում: Ինքը որ մի հատ զանգի՝ հերիք ա: Մենակ թե՝ էդ ստուգող դասախոսի անունն իմանանք, ավելի ճիշտ՝ ազգանունը: – Բա ո՞նց պիտի իմանաք: – Ֆրունզն էդ Պոլիտեխնիկի դիրեկտորին ա հիմի զանգում, որ էդ ստուգողի անունը դիրեկտորից իմանա: – Ռեկտորի՞ց: – Հա: Ասում են՝ մենակ էդ ռեկտորն ա իմանում էդ ստուգողի անունը, ավելի ճիշտ՝ ազգանունը: – Ֆրունզը որ ռեկտորին ասի՝ հերիք ա,- ասացի ես: – Ա՛յ Արմո, մենք որ ինիստուտ չենք սովորել՝ պակա՞ս մարդ ենք դառել,- հոգոց հանեց Շերենցը, եւ հենց այդ պահին մեր սեղանին հանդիսավոր մոտեցավ Լեւոն Ներսիսյանը: – Բարեւ ձեզ: Թոռնիկիդ գործերն ինչպե՞ս են ընթանում, Շերե՛նց,- հարցրեց Ներսիսյանը: – Վաղը վերջնական կիմացվի, Լեւոն ջան,- ասաց Շերենցը: – Իսկ ռազմաճակատային պոեզիայի վիճա՞կն ինչպես է,- ինձ ժպտաց Ներսիսյանը: – Նորմալ,- ժպտացի ես: – Էս ժողովուրդը վերջնականապես է խելագարվել,- ասաց Ներսիսյանը.- բոլորն ուզում են բարձրագույն կրթություն ստանալ: – Ես հենց նոր էդ էի ասում, Լեւոն ջան,- ասաց Շերենցը: – Թոռնիկիդ առումով չեմ ասում,- ասաց Ներսիսյանը.- թոռնիկդ մտավորականի ընտանիքից է: – Ի՞նչ մտավորական, ա՛յ Լեւոն. իմ հերը բանվոր մարդ էր: – Ես քե՛զ նկատի ունեմ. դու մտավորական չե՞ս, ինչ է: – Հա,- ասաց Շերենցը.- իմ հաշվով չէի մտածել: – Քեզ շատ ես թերագնահատում: Համեստությունը լավ բան է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ,- ասաց Ներսիսյանը: – Լեւոն ջան, դու դասախոս մարդ ես, հաստատ կիմանաս. ասում են՝ էրեխեքին թվանշան դնելու համար հիմի դասախոսները փող են ուզում: – ըօՉՈպՑ,- ասաց Ներսիսյանը: – Շատ ե՞ն ուզում: – Չգիտեմ,- ասաց Ներսիսյանը.- ոչ մի անգամ չեմ ուզել: – Էդ շատ վատ ա,- ասաց Շերենցը: – Ի՞նչն է շատ վատ,- զարմացավ Ներսիսյանը: – Որ փողով են թվանշան դնում, էդ նշանակում ա՝ ծանոթով չեն դնի: – Նայած ծանոթ,- ասաց Ներսիսյանը: – Հենց հիմի Ֆրունզը ռեստորանից էդ Պոլիտեխնիկի դիրեկտորին ա զանգում: Ի՞նչ ես կարծում՝ Ֆրունզի ասածը կանե՞ն: – Կարծում եմ՝ կանեն,- ասաց Ներսիսյանը.- մի Հայաստան՝ մի Մհեր Մկրտչյան: – Քո ասածը չեն անի՞, Լեւոն ջան: – Միգուցե իմ ասածն էլ անեն, բայց ես սովորաբար չեմ ասում,- ասաց Ներսիսյանը: – Վաբշե չես ասո՞ւմ,- զարմացավ Շերենցը: – Վաբշե չեմ ասում,- ասաց Ներսիսյանը: – Թոռանս համար էլ չես ասի՞,- հարցրեց Շերենցը: – Թոռնիկիդ համար գուցեեւ ասեի, բայց այդ Պոլիտեխնիկ կոչված վայրում ծանոթ չունեմ,- ասաց Ներսիսյանը: – Նապրիմերի համար եմ ասում,- ասաց Շերենցը: – Ես է՛լ եմ նապրիմերի համար ասում,- ժպտաց Ներսիսյանը: – Մաղարիչը վրե՛դ ա, Շերե՛նց,- ռեստորանից դուրս գալով՝ գոռաց Ֆրունզիկ Մկրտչյանը: – Ի՞նչ մաղարիչ, ա՛յ Ֆրունզ,- ուրախացած վեր թռավ Շերենցը.- մարդավարի բան ասա՝ բան հասկանանք: – Թոռանդ գործը հաշվի էղած,- ասաց Ֆրունզիկը: – Հաստա՞տ,- մեղմ ժպտաց Շերենցը: – Ինձ նոր ե՞ս ճանաչում,- ժպտաց Ֆրունզիկը: – Քեզ միշտ էլ լավ կողմով եմ ճանաչել, Ֆրունզ ջան,- ասաց Շերենցը:- Շա՜տ շնորհակալ եմ: – Շնորհակալը ո՞րն ա. մաղարի՛չ պիտի անես,- ասաց Ֆրունզիկը: – Որ ըլնի՝ մաղարիչը կանեմ,- ասաց Շերենցը: – Ասում եմ՝ էդ գործն արդեն էղած ա,- ասաց Ֆրունզիկը: – Բարեւ-բան չկա՞, Մհեր,- ասաց Ներսիսյանը: – Բարեւ, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը.- էս Շերենցը խելք ա՞ թողել: – Ասում ես՝ այդ ռեկտոր կոչեցյալին զանգահարեցի՞ր,- հարցրեց Ներսիսյանը: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Ես մինչեւ կներկայանայի՝ ինքն արդեն ձենիցս ինձ ճանաչել էր: – Այդ մարդու հետ ինձ մի անգամ ծանոթացրել են, բայց ազգանունը չեմ հիշում,- ասաց Ներսիսյանը: – Հես ա ազգանունն ասեմ,- ասաց Ֆրունզիկը՝ գրպանում ինչ-որ բան փնտրելով:- Շատ բարդ ազգանուն էր. թղթի վրա գրել էի, որ չմոռանամ: Էդ թուղթը երեւի հեռախոսի մոտ մնաց. գնամ բերեմ: – Այդ թուղթն այլեւս ձեզ հարկավոր չէ,- ասաց Ներսիսյանը: – Այսինքն՝ ճիշտ ես ասում,- ասաց Ֆրունզիկը: – Ֆրունզ ջան, ասում ես՝ էդ գործն արդեն էղած ա՞,- հարցրեց Շերենցը: – Շատ անհավատ մարդ ես,- ասաց Ֆրունզիկը:- Ինչքան հասկացա՝ էդ մարդը շատ էլ ուրախ էր, որ իրան զանգել եմ: – Իրան ի՞նչ ասեցիր,- հարցրեց Շերենցը: – Ի՞նչ պիտի ասեի. ասեցի, որ Շերենցի թոռը վաղը թելադրություն ա գրելու,- ասաց Ֆրունզիկը: – Հա՛, թելադրությո՛ւն. շատ ճիշտ ես ասել,- ժպտաց Շերենցը:- Բա ի՞նքն ինչ ասեց: – Ինքն ասեց՝ եթե Շերենցի թոռան համար ա, կարար ի՛նքն էլ զանգեր: – Այսինքն՝ ո՞վ զանգեր,- հարցրեց Շերենցը: – Այսինքն՝ դո՛ւ զանգեիր,- ասաց Ֆրունզիկը: – Էդ դիրեկտորն ինձ ճանաչե՞ց,- ժպտաց Շերենցը: – Էն էլ ո՜նց ճանաչեց: – Ճիշտ ե՞ս ասում, թե՞ ձեռ ես առնում: – Շատ անհավատ մարդ ես,- ասաց Ֆրունզիկը.- ոչ մի բանի չես հավատում: – Ոչ թե չեմ հավատում, այլ զարմանում եմ,- ասաց Շերենցը: – Շատ իզուր ես զարմանում,- ասաց Ներսիսյանը.- ե՛ւ դու, ե՛ւ Մհերը հանրաճանաչ մարդիկ եք: Այդ ռեկտոր կոչեցյալը երջանիկ պիտի լինի, որ Մհերն ու դու իրենից բան եք խնդրում: – Հի՛-հի՛-հի,- քթի տակ խնդաց Շերենցը: – Ինչո՞ւ ես ծիծաղում,- զարմացավ Ներսիսյանը: – Որ Ֆրունզին Մհեր ես ասում, ծիծաղս գալիս ա: Հեչ չեմ կարում իրա էդ թազա անունին վարժվեմ: – Դու լավ կանես՝ մաղարիչի մասին մտածես,- ասաց Ֆրունզիկը: – Որ ըլնի՝ մաղարիչը կանեմ,- ասաց Շերենցը: – Շատ անհավատ մարդ ես,- ասաց Ֆրունզիկը.- ասում եմ՝ էդ գործն արդեն էղած ա: – Գործը չեմ ասում,- ասաց Շերենցը.- ասում եմ՝ հենց որ փող ըլնի, մաղարիչը կանեմ: Էս վերջին կինոյի փողը որ տան՝ կանեմ: – Որ ըտենց ա՝ թոռանդ մաղարիչը ե՛ս եմ անում. հո չե՞նք թողի՝ թոռանդ գործն ըսենց չոր մնա,- ասաց Ֆրունզիկը: – Պարտքով արա,- ասաց Շերենցը.- դու հիմի մաղարիչն արա, հետո որ էդ կինոյի փողն ստանամ՝ կտամ: – Ես մաղարիչը կանեմ, հետո որ փողն ստանաս՝ դու էլ քո՛ անունից կանես,- ասաց Ֆրունզիկը: – Ավելի լավ ա ընդունվի-պրծնի՝ նոր մաղարիչն անենք,- ասաց Շերենցը: – Ասում եմ՝ ընդունված-պրծած ա,- ասաց Ֆրունզիկը: – Հնարավոր չի՞, որ կտրվի,- հարցրեց Շերենցը: – Չէ,- ասաց Ֆրունզիկը:- Հիմի որ կտրվի, արդեն ե՛ս եմ խայտառակ ըլնում, ոչ թե՝ թոռդ. փաստորեն կստացվի, որ էդ ռեկտորն իմ խոսքը գետնով ա տվել: – Լեւոն ջան, հնարավո՞ր ա, որ խոստանան ու չանեն,- հարցրեց Շերենցը: – ըօՉՈպՑ,- ասաց Ներսիսյանը, բայց Շերենցի այլայլված դեմքը տեսնելով՝ անմիջապես ավելացրեց.- բայց սա այդ դեպքը չէ. չեմ կարծում, որ այդ ռեկտոր կոչեցյալը Մհերի խնդրանքը մերժի: Ինքը պետք է շատ ուրախ լինի, որ Մհերն իրենից բան է խնդրել: – Մհեր,- քթի տակ խնդաց Շերենցը:- Ֆրունզին որ Մհեր են ասում, մի տեսակ շատ անսովոր ա: – Մհերը կարգին անուն է,- ասաց Ներսիսյանը:- Ինքը ճիշտ ժամանակին իր այդ Ֆրունզիկ անունից հրաժարվեց: – Ինքը հրաժարվել ա, ճիշտ ա, բայց ժողովուրդը չի հրաժարվում,- ասաց Շերենցը: – Նորմալ անուն չի,- ասաց Ներսիսյանը: – Էդ Ֆրունզիկ անունն իրա հերնումերն են դրել,- ասաց Շերենցը: – Կարեւոր չէ, թե ով է դրել,- ասաց Ներսիսյանը: – Ոչ թե Ֆրունզիկ են դրել, այլ՝ Ֆրունզե. պասպորտով Ֆրունզե եմ,- ասաց Ֆրունզիկը: – Ավելի վատ քեզ համար,- ասաց Ներսիսյանը: – Ամեն մեկը որ իրա հորնումոր դրած անունը փոխի, ո՞ւր կհասնի, ա՛յ Լեւոն,- ասաց Շերենցը: – Անհեթեթ անուն է,- ասաց Ներսիսյանը: – Օղորմածիկ հերդ էլ էդ Ֆրունզիկ անունս հեչ չէր սիրում, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը: – Սիրելու բան չի,- ասաց Ներսիսյանը: Էդ տարիներին սրճարաններում մատուցողներ ու մատուցողուհիներ չկային, եւ Շողիկ մայրիկը, որ նկարիչների սրճարանի հավաքարարն էր, ձեռի հետ նաեւ մատուցողուհու պարտականություն էր կատարում: – Շողի՜կ,- Շողիկ մայրիկին տեսնելով՝ կանչեց Ֆրունզիկը: – Ասա՛, Ֆրունզ ջան,- մեր սեղանին մոտենալով՝ ասաց Շողիկ մայրիկը: – Շողիկ ջան, մի շիշ էն իմ արաղից բեր,- ասաց Ֆրունզիկը: – Մեր մոտ դրանից չկա, Ֆրո՛ւնզ ջան,- ասաց Շողիկ մայրիկը: – Որտեղից ուզում ես ճարի,- տասանոցը մեկնելով՝ ասաց Ֆրունզիկը: – Էն ներքեւի խանութում վայ թե ըլնի,- տասանոցը վերցնելով՝ ասաց Շողիկ մայրիկը: – Իրա թաշախուստով-բանով,- ասաց Ֆրունզիկը: – Էղավ, Ֆրունզ ջան,- ասաց Շողիկ մայրիկն ու գնաց: – Օղորմածիկ հերդ էդ Ֆրունզիկ անունս հեչ չէր սիրում, Լեւո՛ն ջան,- ասաց Ֆրունզիկը: – Չեմ զգացել,- ասաց Շերենցը: – Դու իրան ե՞րբ ես տեսել, որ զգայիր,- ասաց Ֆրունզիկը: – Քո պատմածների՛ց չեմ զգացել,- ասաց Շերենցը: – Ես քեզ որ Երեւան բերի՝ ինքն արդեն չկար,- ասաց Ֆրունզիկը: – Երեւան բերի: Ես մի մատ էրեխա էի, դու էլ ձեռիցս բռնեցիր՝ բերիր,- նեղացավ Շերենցը: – Ուրիշ վախտ դո՛ւ ես ասում՝ Ֆրունզը չըլներ, Երեւան էկողը չէի,- ասաց Ֆրունզիկը: – Լավ եմ անում՝ ասում եմ,- ասաց Շերենցը.- ուտող-ուրացող չեմ, որ չասեմ: Որ ես եմ ասում՝ էդ ուրիշ ա, բայց որ դո՛ւ ես ասում՝ սավսեմ ուրիշ բան ա: – Ուրիշ տեղ էդ բանը չեմ ասում,- ասաց Ֆրունզիկը.- մենք ու մերոնք ենք՝ խոսում ենք: – Շատ ճիշտ ես անում, որ ուրիշ տեղ էդ բանը չես ասում,- ասաց Շերենցը: – Լեւոնն ու Արմենը մեր ախպերներն են՝ ուրիշ մարդ չեն,- ասաց Ֆրունզիկը: – Բան չունեմ ասելու, Ֆրունզ ջան,- ասաց Շերենցը: – Դո՛ւ էլ փորձիր Ֆրունզիկին Մհեր ասել,- ասաց Ներսիսյանը: – Փորձել եմ,- ասաց Շերենցը.- չի ստացվում, Լեւոն ջան: – Մի քանի անգամ որ փորձես՝ կստացվի,- ասաց Ներսիսյանը: – Մի քանի անգամ փորձել եմ, բայց հենց որ իրան Մհեր եմ ասում, ծիծաղս բռնում ա,- փռթկացրեց Շերենցը: – Որ նոր-նոր Սունդուկյանի թատրոն էի էկել, Հրաչյա Ներսիսյանը զարմացած նայեց քթիս ու հարցրեց. «Անունդ ի՞նչ է, մա՛նչս»: – Էդ թեման փակենք, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը: – Լեւոնը չի սիրում, որ իրա հոր մասին խոսում են,- ասաց Շերենցը: – Չեմ սիրում, երբ անտեղի են խոսում,- ճշտեց Ներսիսյանը: – Անտեղի չի, Լեւոն ջան,- ասաց Ֆրունզիկը:- Հիմի չես թողելո՞ւ պատմեմ: – Թող պատմի՛, Լեւոն ջան,- խնդրեց Շերենցը: – Թող պատմի,- համաձայնվեց Ներսիսյանը: – Պատմի՛, Մհե՛ր ջան,- փռթկացրեց Շերենցը:- Ասում ես՝ նայեց քթիդ ու անունդ հարցրե՞ց: – Հա,- ասաց Ֆրունզիկը:- Որ անունս հարցրեց, ու ես ասեցի՝ Ֆրունզե, ինքն ապշած ինձ նայեց: – Ֆրունզե ասացի՞ր, թե՞ Ֆրունզիկ,- հարցրեց Լեւոն Ներսիսյանը: – Ֆրունզե: Մտածեցի՝ Ֆրունզեն գրական հնչողություն ունի. ավելի կուլտուրական ա: – Հետո՞, Ֆրո՛ւնզ,- հարցրեց Շերենցը.- ի՞նքն ինչ ասեց: – Ոչ մի բան: Շշմած ինձ նայեց, ու հաջորդ օրը՝ փորձի ժամանակ որ ինձ տեսավ, հարցրեց. «Ինչպե՞ս են գործերը, ընկե՛ր Կատո՛վսկի»: – Դիտմամբ Կատովսկի ասա՞ց, թե՞ անունդ մոռացել էր,- ծիծաղեց Ներսիսյանը: – Չգիտեմ,- ասաց Ֆրունզիկը.- կա՛մ մոռացել էր, կամ էլ ձեռ էր առնում: – Հետո՞,- հարցրեց Շերենցը: – Էլ ի՞նչ հետո,- զարմացավ Ֆրունզիկը: – Էդ պատմածիդ մեջ ծիծաղելու տեղը ո՞րն էր,- հարցրեց Շերենցը: – Չհասկացա՞ր, Շերե՛նց,- զարմացավ Ներսիսյանը: – Չէ,- ասաց Շերենցը.- էդտեղ հասկանալու կամ չհասկանալու ի՞նչ կար: – Կմեծանաս՝ կհասկանաս,- ասաց Ֆրունզիկը:- Ես էլ որ նոր էի Երեւան էկել, ահագին բան չէի հասկանում: – Դու ձե՛ռ առ, ձե՛ռ առ. իրավունք ունես,- ասաց Շերենցը:- Մենակ նայի՝ վաղը թոռս էդ անտեր մնացած թելադրությունից չկտրվի: – Չի կտրվի,- ասաց Ներսիսյանը.- բարեխոսողն էնպիսի մարդ չի, որ կտրեն: – Քո քննություններից հեչ էրեխա կտրած կա՞ս, Լեւո՛ն,- հարցրեց Շերենցը: – Էդպիսի դեպք չեմ հիշում,- ասաց Լեւոն Ներսիսյանը, հետո մի քիչ էլ մտածեց, ավելացրեց.- մի անգամ կտրել եմ: – Ո՞ւմ ես կտրել,- հարցրեց Շերենցը: – Մի սիրունատես օրիորդ էր,- ասաց Ներսիսյանը.- ոչ մի հարցիս չկարողացավ պատասխանել: – Բա էդ աղջիկը մեղք չէ՞ր, Լեւոն ջան,- ասաց Շերենցը: – Ես ավելի մեղք էի,- ասաց Ներսիսյանը: Էդ պահին Ֆրունզիկի գլխավերեւում շողշողաց Շողիկ մայրիկը, եւ Ֆրունզիկի պատվիրած օղին հայտնվեց մեր սեղանին: – Արմեն ջա՛ն, մի հատ էս արաղը բաց արա՝ մինչեւ Շողիկը բաժակներն ու մյուս բաները բերի,- ասաց Ֆրունզիկը: Ես ուշադիր լսում էի նրանց, բայց իրենց խոսակցությանը չէի մասնակցում, չնայած հանրահայտ ու անունով մարդկանց հետ սեղան նստելն արդեն ինձ համար սովորական բան էր: Այդուհանդերձ, ես ամեն անգամ շոյվում էի, երբ հանրահայտներից ամենահանրահայտն ինձ անունով էր դիմում ու որ ինձ ասաց՝ «Արմեն ջան, մի հատ էս արաղը բա՛ց արա», ես ինձ վերստին լավ զգացի, ու էդպես արդեն տասը տարուց ավելի էր՝ ես Ֆրունզի ներկայությամբ ինձ լավ էի զգում, ու դեռեւս վաթսունականների կեսերից անձամբ ճանաչում էի իրեն, որովհետեւ դեռեւս հորս Աբովյանի վրայի կենդանագրական արհեստանոցից սկսած՝ Ֆրունզիկն ու Խորիկը մշտապես հորս մոտ էին իրենց ավտոմեքենաների համարները թարմացնում կամ նորից գրել տալիս, ու հաճախ Ֆրունզիկը հորս արհեստանոցում երկար էր նստում եւ ծիծաղելի բաներ էր պատմում, կամ, որ ավելի հաճախ էր պատահում ու ինձ համար ամենացանկալին էր, բոլորովս խաչբառ էինք լուծում, ու ինձ համար էդ խաչբառների լուծման պրոցեսն ամենահաճելին էր նախ է՛ն պատճառով, որ էդ ընթացքում վերստին ակնհայտ էր դառնում հորս մտավոր ու իմացական գերազանցությունը, եւ երկրորդ՝ չնայած էն ժամանակ տասը տարեկանից մի քիչ էի ավել, էդ խաչբառների լուծման պրոցեսին ինքս է՛լ էի ակտիվորեն մասնակցում, եւ երբ հորս ու մյուս ներկաների չգտած բառն ի՛նքս էի գտնում, Ֆրունզիկը զարմացած ու հիացած բացականչում էր. «Մալադե՛ց, Արմեն»: – Հա,- ասացի ես ու մինչ օղու շիշը կբացեի, Շողիկ մայրիկը բաժակները, հացը, պոմիդորով ու վարունգով սալաթը բերեց: – Շերենցի թոռան հաջողության համար խմենք,- ասաց Ֆրունզիկը: – Չէ,- ասաց Շերենցը.- թոռս որ ընդունվի՝ նո՛ր իրան կշնորհավորենք. ես լսել եմ, որ նախօրոք շնորհավորելը լավ նշան չի: – Ոչ թե շնորհավորում ենք, այլ հաջողություն ենք մաղթում թոռնիկիդ,- ասաց Ներսիսյանը: – Էդ ուրիշ,- համաձայնվեց Շերենցը: – Հաջողություն, Շերե՛նց ջան,- ասաց Ֆրունզիկն, ու մեր բաժակներն իրար խփեցինք: Ես ու Շերենցը թեթեւ կում արինք, եւ երբ ես լցրի Ֆրունզիկի ու Ներսիսյանի դատարկված բաժակները, Լեւոն Հրաչեւիչն ասաց. – Հիմա ե՛ս եմ ուզում մի կենաց առաջարկել: – Ասա՛, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Ես առաջարկում եմ խմել ընկերությա՛ն կենացը,- ասաց Ներսիսյանը: – Շատ լավ կենաց ա,- ասաց Շերենցը.- ընկերությունից քաղցր բան չկա: – Ընկերությունն աբստրակտ հասկացություն չէ,- ասաց Ներսիսյանը.- ընկերությունը շատ կոնկրետ պարտականություն եւ, կարելի է ասել, շատ մեծ առաքելություն է: Խոսքս, իհարկե, ճշմարիտ ու իսկական ընկերության մասին է: – Հա. ընկերության կենացը խմենք,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Ֆրունզիկը: – Մի րոպե՛, Մհե՛ր,- ասաց Ներսիսյանը:- Ես ո՛չ թե ընդհա՛նրապես ընկերության կենացն եմ առաջարկում, այլ առաջարկում եմ կոնկրետ Մհեր Մկրտչյանի կենացը: – Ի՞մ: Ո՞ր մեղքիս համար, Լեւո՛ն ջան,- զարմացավ Ֆրունզիկը: – Իսկական ընկերը նեղության պահին է իմացվում,- ասաց Ներսիսյանը.- ժողովուրդը ճշգրիտ է ասել: – Թոռանս իմաստով ես ասում, չէ՞, Լեւոն ջան,- ասաց Շերենցը: – Թեկուզեւ,- ասաց Ներսիսյանը: – Մեծ բան չի,- ասաց Ֆրունզիկը: – Միգուցե քեզ համար մեծ բան չի, բայց Շերենցի համար շատ մեծ բան է,- ասաց Ներսիսյանը: – Իմ համար շատ մեծ բան ա, Լեւոն ջան, բայց չեմ ուզում թոռանս էդ գործի մասին շատ խոսանք, որ հանկարծ աչքով չտանք,- ասաց Շերենցը: – Ես ընդամենը ճշմարիտ ու իսկական ընկերության մասին եմ խոսում,- ասաց Ներսիսյանը.- Մհերն այսօր իսկական ընկերության օրինակ ցույց տվեց: – Թոռանս հաշվով քեզ էլ որ խնդրեի, վայ թե դո՛ւ էլ էդ գործն անեիր, Լեւո՛ն ջան,- ասաց Շերենցը: – Վստահ չեմ,- ասաց Ներսիսյանը: – Ձեռիցս ո՞ւր պիտի փախնեիր,- ծիծաղեց Շերենցը: – Երեւի փախչելու տեղ կգտնեի,- ասաց Ներսիսյանը, եւ հենց էդ պահին Շողիկ մայրիկը խաշլաման բերեց: Շարունակությունը՝ եկող տարի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031