Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԼԱՎԱՆԴԱՆ»

Դեկտեմբեր 24,2005 00:00

«ԼԱՎԱՆԴԱՆ» ՍՈՒՊԵՐՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ Է Տրիոն պատրաստվում է մուտք գործել համաշխարհային շոու-բիզնես Ջութակահարուհիների «Լավանդա» տրիոյին հայ հանդիսատեսը ծանոթացավ այս տարվա մայիսին՝ հեռուստաեթերից, այն միանշանակ գնահատելով հայտնություն: Վերջերս կայացած Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում երեք անվանակարգում (լավագույն տեսահոլովակ, լավագույն խումբ, տարվա հայտնություն) ներկայացված «Լավանդան» հաղթող չճանաչվեց: Տրիոյի երկրպագուների շրջանում, եւ ոչ միայն նրանց, մրցանակաբաշխությունից հետո սկիզբ առավ խոսակցություն, թե այդ ինչպե՞ս «Լավանդա» կոնցեռնի նախագահը, որը հովանավորում է երաժշտախմբին, չկարողացավ նրանց գոնե «Տարվա հայտնություն» անվանակարգի հաղթող դարձնել, մանավանդ մասնագետների կարծիքով տրիոն կայացած է: Մյուս կողմից էլ, այսքան խոսվում է բարձրակարգ երաժշտություն մատուցելու մասին, իսկ «Լավանդան» առայսօր ներկայացրել է միայն հայ կոմպոզիտորական դպրոցի ճանաչված դեմքերի երկեր, այդ թվում՝ Արամ Խաչատրյան: Հանդիպեցինք «Լավանդա» տրիոյի պրոդյուսեր Արայիկ Հայրապետյանին: Հարցազրույցի սկզբում, ի զարմանս մեզ, նա տեղեկացրեց, որ իրեն երաժշտախմբի պրոդյուսեր կոչելը այնքան էլ տեղին չէ. «Պրոդյուսերը մասնագիտություն է: Մեր երկրում այն նոր է ձեւավորվում: Ես ունեմ պայմանավորվածություն, այսօր դեռ հարմար չեմ գտնում ասել ով, բայց 2006-ին խումբը կունենա պրոֆեսիոնալ պրոդյուսեր արտերկրից»: Շարունակելով խոսքը, պարոն Հայրապետյանը տեղեկացրեց, որ դեռ 2003-ին իր նախաձեռնությամբ հայտարարվել էր ջութակահարների մրցույթ՝ տրիո ստեղծելու նպատակով: Մասնակցելու հայտ էր ներկայացրել 130 երաժիշտ: «Որպես գեղարվեստական ղեկավար՝ տեսնում էի ճանաչված երաժիշտ Մարտիրոս Մարտիրոսյանին: Նրա հետ մենք հրավիրեցինք համապատասխան մասնագետներ, այդ թվում՝ պրոֆեսորներ Երեւանի կոնսերվատորիայից: Ընտրվեց ութ մասնակից: Նրանց մեկուսացրինք քաղաքից՝ ստեղծելով բոլոր պայմանները պարապելու եւ հանգստի համար: Սա արվեց՝ ելնելով այն գաղափարից, որ տրիոն մեկ օրգանիզմ, ինչու չէ՝ մեկ մարդ պետք է լինի: Այս «փորձությանը» մեկ տարի դիմացան երեք ջութակահարուհիներ՝ Լարան, Լյուսին, Դինան, ովքեր էլ ընդգրկվեցին «Լավանդայում»,- ներկայացրեց Ա. Հայրապետյանը: Ըստ նրա՝ ամեն ինչ արվում է, որ երաժշտախումբը համապատասխանի համաշխարհային շոու-բիզնեսի չափանիշներին եւ երկացանկի 80-90 տոկոսը պետք է կազմեն հայ հեղինակների գործերը: «Այնպես, ինչպես մենք ենք զգում մեր ազգայինը, աշխարհում ոչ մի՝ նույնիսկ տաղանդավոր երաժիշտ չի կարող այն ներկայացնել: Օրինակ, հիմա ամերիկացիներն էլ են փորձում դուդուկ նվագել, բայց վարպետ Ջիվան Գասպարյանի կամ մյուս հայերի նվագն ուրիշ է: Կամ աշխարհահռչակ ջութակահարուհի Վանեսա Մեյի խաչատրյանական մեկնաբանումը չի կարելի համեմատել հայ ջութակահարների կատարումների հետ: Սա նախեւառաջ հոգու խնդիր է, ընդ որում՝ մասնագետների կարծիք»,- նշեց մեր զրուցակիցը: Անդրադառնալով Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը, Ա. Հայրապետյանն ասաց. «Տրիոյի տեսահոլովակները նկարահանել է եւ կնկարահանի Եվրոպայում ճանաչված հայազգի կլիպմեյքեր Արամ Կարապետյանը, ընդ որում՝ կինոժապավենով: Միանգամից ասեմ, որ դա թանկ հաճույք է, բայց, ինչպես վերը ասացի՝ դրսում ներկայանալու համար այլ չափանիշներ են անհրաժեշտ: Ինչ վերաբերում է «Տարվա հայտնությանը», բերեմ մի օրինակ. դպրոցում հաճախ ինձ էլ էին գնահատում «5», համադասարանցուս էլ, որը պարզապես տաղանդ էր: Խնդրում էի ուսուցչից՝ ինձ գոնե «4» նշանակել, որ ես կարողանամ նայել ընկերոջս աչքերին: Նկատենք, որ էլեկտրոնային հարցումների արդյունքում հենց «Տարվա հայտնություն», անվանակարգում «Լավանդան» էր առաջինը: Համամիտ եմ տարածված խոսակցություններին, թե ես չկարողացա մրցանակը ապահովել: Այո, ես կարող էի, բայց մտածեցի, որ կայացած մրցանակաբաշխությունը ի վերջո ֆուտբոլի, բոքսի համաշխարհային առաջնություն չէ, որտեղ միլիոնանոց մրցանակներ են եւ, ինչու չէ, մաֆիաներն էլ իրենց գործն են անում: Սա մեր տան, մեր ազգի մրցույթն է ու խառնվել ինձ թույլ չէի տա: Թեպետ մեր աղջիկները շատ հանգիստ, ժպիտով ու բարյացակամորեն շնորհավորեցին բոլոր մրցանակակիրներին»: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ «Լավանդան» չի գնում հյուրախաղերի, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Մենք կազմել ենք 2006-ի գրաֆիկ: Առաջին մենահամերգը՝ Երեւանում, ապա Հայաստանի մարզերում, Արցախում, հետո նոր արտերկրում, բայց ոչ թե հայկական համայնքներում, այլ Եվրոպայի ու Ամերիկայի հեղինակավոր դահլիճներում»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել