Լրահոս
Օրվա լրահոսը

Համագործակցենք

Դեկտեմբեր 24,2005 00:00

Համագործակցենք դասարանում Չինական ասացվածքը, թե պետք է ոչ թե ձուկ բռնել եւ պատրաստի մատուցել ընկերոջը, այլ պետք է նրան ձուկ բռնել սովորեցնել, դրված է կրթական նոր ծրագրերի հիմքում: Թե ինչպես եւ որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր դպրոցները կարողանան իրականացնել գրվածը, ժամանակի հարց է: Իսկ հնարավորինս սահուն անցում կատարելու համար հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար հրատարակվել է նոր ձեռնարկ, որը պատմում է, թե ինչպես պետք է սովորել սովորեցնել: Եթե նախկինում ուսուցման ժամանակ շեշտը դրվում էր գիտելիքների յուրացման եւ պարզ վերարտադրության վրա, ապա այսուհետեւ առավել կարեւորվելու է գիտելիքի ընտրությունը, դրա մշակման, յուրացման եւ կիրառման գործնական հմտությունների ձեռքբերումը եւ կարողությունների զարգացումը: Դա էլ ենթադրում է սովորողի արդյունավետ համագործակցություն եւ սովորելու գործընթացը ինքնուրույն կազմակերպելու անհատի կարողությունների զարգացում: «Համագործակցային մոտեցումը ուսումնառության գործընթացը կդարձնի առավել գրավիչ եւ հետաքրքիր՝ նպաստելով սովորողների համար հավասար մասնակցության հնարավորությունների ստեղծմանը: Սա թույլ կտա ուսուցչին լուծելու ավանդական մեթոդներով գրեթե անլուծելի թվացող բոլոր սովորողների ակտիվ մասնակցության ապահովման հարցը: Դասարանը կդառնա ընդհանուր նպատակ ունեցող անհատների փոքր խմբերի մի թիմ, որտեղ հեշտությամբ կարելի է լուծել ամենաբարդ մանկավարժա-հոգեբանական խնդիրները՝ անկախ առարկայից եւ թեմայից»,- ասվում է ձեռնարկում: Վերջինս ավագ սերնդի ուսուցիչներին առաջարկում է վերանայել մոտեցումները՝ ժամանակակից մանկավարժական տեսություններին համահունչ՝ ուսումնառությունը դարձնելով առավել հետաքրքիր, ստեղծագործական ու մոտիվացված գործընթաց: Այսօր շատ ուսուցիչներ են դժգոհում, թե ուսումնական գործընթացը աշակերտների համար դարձել է անհետաքրքիր ու ձանձրալի, որովհետեւ նրանք ինտերնետից այնքան կենդանի ինֆորմացիա են ստանում, որ չոր դասագրքերը նրանց չեն բավարարում: Եվ համագործակցային ուսուցումը լուծում է այդ խնդիրները: Արագածոտնի մարզի Մաստարայի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի վաստակաշատ ուսուցիչ Զավեն Վարդանյանը, որ գրեթե 5 տասնամյակի աշխատանքային փորձ ունի, ոչ մի վերապատրաստում էլ չի անցել ու վաղուց գտել է աշակերտներին գրավելու ձեւը, որ այսօր առաջարկում են մասնագետները: «Իմ կոլեգաներին խորհուրդ կտամ, որ ֆիզիկան չանցնեն չոր ու ցամաք դասագրքերով՝ օրենքներն անգիր անելով: Տեսական գիտելիքները պետք է ամրապնդվեն գործնական աշխատանքների միջոցով: Իմ օգնականները մասնագիտական ամսագրերն են՝ «Ֆիզիկա վ շկոլե», «Յունի տեխնիկ», եւ ուսումնական ֆիլմերը: Օրինակ, էլեկտրամագնիսական ալիքների գոյությունը ցույց տալու համար ես օգտվեցի «կոսմոդրոմ» սարքից: Նրանից 20-25մ հեռավորության վրա տեղադրեցի հաղորդող կայանը եւ էլեկտրամագնիսական ալիքների ազդանշանների հիման վրա հրթիռի մոդելն ընդունեց ուղղագիծ դիրք, իսկ «թռիչք» ազդանշանի դեպքում ռեակտիվ ուժի շնորհիվ հրթիռի մոդելն օդ բարձրացավ եւ որոշ ժամանակ անց անջատվեց «տիեզերագնաց» տիկնիկն ու վայրէջք կատարեց: Պետք էր տեսնել, թե ի՜նչ հաճույք պատճառեց դա աշակերտներին»,- պատմում է ֆիզիկայի ուսուցիչը: Զ. Վարդանյանի «հայտնաբերած» այլ հրաշքներին դեռ կանդրադառնանք: Միայն ավելացնենք Էյնշտեյնի միտքը, որ հիշեց ուսուցիչը. «Ճշմարտությունն այն է, որը դիմանում է փորձով ստուգմանը»: Սա էլ հենց պետք է դրվի ուսուցման նոր մեթոդների հիմքում: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել