Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՕԴՈՒԱԾ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 24,2005 00:00

ՅՕԴՈՒԱԾ ՏԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հարկ կա՞ արդյոք փոխել մեր ուղղագրությունը Թերեւս կարելի էր այնքան էլ լուրջ չընդունել դասական ուղղագրությանն անցնելու՝ ժամանակ առ ժամանակ թարմացվող հարցը՝ հաշվի առնելով, որ այն բարձրացնողները կա՛մ մասնագետ չեն եւ խնդրին մոտենում են բացառապես զգացական, այլ ոչ թե գիտական տեսանկյունից, կա՛մ էլ եթե մասնագետ են, ապա չեն կարողանում համոզիչ եւ մասնագիտական հիմնավորմամբ պաշտպանել իրենց առաջարկած տարբերակի արդյունավետությունը: Սակայն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունները հաճախ այնքան հեռու են բանականությունից եւ տրամաբանությունից, որ մտավախություն կա, թե դասական ուղղագրության անցնելու խնդիրը եւս կարող է ընթացք ստանալ: Օգտվելով այն բանից, որ լուրջ լեզվաբաններից շատերն արդեն չկան, որ երկրի ղեկավարությունը գրագիտությունը որպես արժանիք չի ընկալում, դասական ուղղագրության անցնելու ջատագովները առաջ են քաշում Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման՝ իրենց կարծիքով ամենաէական՝ հայերենի ներկայիս ուղղագրությունը դասական ուղղագրությամբ փոխարինելու հարցը: Ինչպես հայտնի է, Սփյուռքում յուրաքանչյուր համայնք կամ յուրաքանչյուր ամսաթերթ ունի իր սեփական ուղղագրությունը: Հայաստանում եւս յուրաքանչյուր ոք կարող է թերթ կամ գիրք հրատարակել իր նախընտրած ուղղագրությամբ եւ կանոններով: Եվ այս համատարած խառնաշփոթն ու կիսագրագիտությունը վերացնելուն ջանքեր ուղղելու փոխարեն, առաջ է քաշվում գրչի մի հարվածով ողջ ժողովրդին միանգամից անգրագետ դարձնելու միջոցով լուծել Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման խնդիրը: Զգացական ոլորտից տեղափոխվելով գիտական դաշտ՝ կարելի է բերել բազմաթիվ հակափաստարկներ, որոնք կարող են ապացուցել դասական ուղղագրությանն անցնելու մտադրության սնանկությունը: Երբ գրաբարն իր դիրքերը զիջեց աշխարհաբարին (19-րդ դարի կեսերին)՝ պահանջ առաջացավ հին ուղղագրությունը հարմարեցնել աշխարհաբարի պահանջներին: 1922 թվականին Մանուկ Աբեղյանն առաջ քաշեց «մեկ հնչյունին՝ մեկ տառ եւ մեկ տառին՝ մեկ հնչյուն» սկզբունքը՝ առաջարկելով փոփոխությունների իր տարբերակը, որը, ինչ խոսք, որոշակի թերություններ ուներ: 1926 թվականին ստեղծվեց ուղղագրության եւ տառաձեւերի բարեփոխության հանձնաժողով, որի կազմում էին Աճառյանը, Լեոն, Ղափանցյանը, Շիրվանզադեն եւ այլք: Այդ հանձնաժողովը թեեւ գործնական արդյունքներ չարձանագրեց, սակայն նրա ներկայացրած առաջարկությունները տեղ գտան 1940 թվականի բարեփոխությունների մեջ: Քանի որ այսօր շատ քիչ են հեղինակություն եւ կշիռ ունեցող լեզվաբանները, մենք կներկայացնենք դասական ուղղագրությանն անցնելու անպատեհության մասին աշխարհահռչակ լեզվաբան Գեւորգ Ջահուկյանի՝ դեռեւս 1996 թվականին արտահայտած տեսակետը. այդ ժամանակ դարձյալ արծարծվում էր դասական ուղղագրությանն անցնելու խնդիրը: Ըստ նրա՝ 1922 թ-ի ուղղագրական բարեփոխությունը, ճիշտ է, արտացոլում էր մտավորականության միայն մի՛ կողմի կարծիքը եւ լայն քննարկման արդյունք չէր, սակայն այն գրչի մի հարվածով ստիպեց մեր մտավորականության ներկայացուցիչներին նորից ճիշտ գրել սովորել. «Սրանով է բացատրվում այդ բարեփոխումների դեմ բարձրացած հուժկու ալիքը: Եթե նկատի առնենք, որ գրագիտության արդի տոկոսը չի կարելի համեմատել 1922 թ. տոկոսի հետ, ապա պարզ կլինի, թե որքա՜ն մարդու ենք միանգամից դարձնելու կիսագրագետ, մանավանդ, եթե նկատի առնենք, որ 1922 թ. ուղղագրությունը վերացնում էր եղած շատ դժվարություններ, իսկ հին ուղղագրությանն ացնելը ոչ միայն կվերականգնի եղած դժվարությունները, այլեւ կստեղծի նոր դժվարություններ»: Բարեփոխված ուղղագրությամբ ստեղծվել է հսկայական գրականություն, որն իր ծավալով չի զիջում նախորդ շրջանում ստեղծված ողջ գրականությանը: Անցնելով դասական ուղղագրության՝ այդ ողջ գրականությունը դրվելու է ուղղագրական անլիարժեք վիճակի մեջ: Եվ հետո, չկան հին ուղղագրությամբ բառարաններ, ձեռնարկներ, մասնագետներ, ուսուցիչներ: Ինչպես Գեւորգ Ջահուկյանն էր նշում, գրության եւ ուղղագրության յուրացումը երկարատեւ վարժությունների շնորհիվ վերածվում է հմտության եւ ավտոմատացվում. մարդ գրում է «մեխանիկորեն», ոչ թե մտածելով, թե ինչպես գրի: Փոխել գրության մեխանիզմը՝ նշանակում է մարդուն հունից հանել, խախտել նրա ձեռք բերած ունակությունը, նրան հոգնեցնել, ինչպես մարդ հոգնում է մասամբ տիրապետած լեզվով գրելիս կամ խոսելիս: Եվ հետո՝ ճիշտ չէ ուղղագրության փոփոխության հարցը դարձնել ազգային միասնության խորհրդանիշ: Սփյուռքահայերի՝ օտարներին ձուլվելու պատճառները նախեւառաջ հասարակական են, եւ միամտություն է կարծել, թե ուղղագրության փոփոխությունը կարող է շտկել ստեղծված վիճակը: Հին ուղղագրությանն անցնելու դեպքում, միեւնույն է, արեւելահայերենի եւ արեւմտահայերենի միջեւ կլինեն շատ այլ տարբերություններ՝ բառապաշարային, քերականական, ոճական, ուղղախոսական, տառադարձական: Եվ հետո, արեւելահայերենի քերականությունից դժգոհող սփյուռքահայերը, որոնք բնակվում են արաբական, եվրոպական երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում, առանց տրտնջալու յուրացնում են արաբերենը, գերմաներենն ու իսպաներենը, եբրայերենն ու չինարենը: Այնպես որ, ցանկության դեպքում կարելի է Հայաստանի Հանրապետության բնակիչներիս չդնել երկընտրանքի առաջ՝ կա՛մ ձուլված Սփյուռք, կա՛մ դասական ուղղագրություն: Թեեւ անժխտելի է, որ դասական ուղղագրության անցնելու դեպքում կարելի է հասնել բաղձալի համերաշխության, սակայն միայն երկուստեք անգրագիտության ասպարեզում: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել