Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 24,2005 00:00

«Ճի՛շտ, կոպի՛տ, ճշգրի՛տ, շիտակ պիտի լինես՝ այնքա՛ն, ինչքան իր ժամանակին Չարենցը եղավ»

Հրանտ Մաթեւոսյան

Կարծես Հայաստանի բոլոր ճանապարհներում մշտապես տնկված եւ մեր պետության կաշառակեր բնույթի մասին մեզ անընդհատ ու պարտադիր հիշեցնող պետավտոտեսչությունը հերիք չէր, հիմա էլ Երեւանի փողոցներով մեկ, մեծ գովազդային պաստառներով «Մենք 115 տարեկան ենք» ազդարարող Դաշնակցությունը մեյդան ընկավ:

Ի սկզբանե հայտնեմ, որ այս հոդվածի գրության պատճառը վերջերս հանդիպած մի դաշնակցականի՝ նոյեմբերի 27-ի խայտառակության առիթով բազմաթիվ վկաների ներկայությամբ կատարած ազնիվ խոստովանությունն է՝ «Այո, լավ ենք արել՝ կեղծել ենք, մենք գտնում ենք, որ այդ ԱՅՈ-ն մեր ազգին պետք է»:

Ուրեմն… «Նպատակն արդարացնում է միջոցները»:

Պարզ շարքայինից դեռ նոր-նոր դեպի ղեկավարող մարմիններ մագլցող դաշնակցականի վերոնշյալ խոստովանությունը լավագույնս բացահայտում է 115 տարի շարունակ Հայ ազգի ճակատագրի հետ խաղացող կուսակցության էությունը: Նրանք միշտ էլ իմ, քո, նրա, մյուսի, մեր բոլորի տեղը որոշել ու փորձում են դեռ որոշել:

Մի՞թե հենց նրանք չէին մեր տեղը որոշել «Բանկ Օտոման» գրավել, Խանասորի արշավանք իրագործել, բայց փաստորեն հակառակը ստացվեց՝ մեզ ջարդեցին: Ժամանակին հենց նրանք էին որոշել Սուլթանին տապալել, բայց արդյունքում մեր ժողովրդին տապալեցին: Հետո որոշեցին Երիտթուրքերի հետ եղբայրանալ ու, իբրեւ հեղափոխական դաշնակիցներ, համատեղ հեղափոխություն անել, սակայն արդյունքում հենց մեր ազգին ցեղասպանության ենթարկեցին: Էլի նրանք էին, որ մեր փոխարեն որոշեցին դեռ շարունակվող ցեղասպանության տարիներին մի կերպ ստեղծված անկախ Հայաստանի ճակատագրի հետ խաղալ եւ, երկիրն իրոք «թշվառ ու անտեր»ության մատնելով, անխիղճ անամոթությամբ հայցեցին թուրքի գութը՝ ստորագրելով Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը:

Նրանք, Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի կորստից հետո, իրոք որ անելու բան չունեին, բայց որոշեցին էլի մի բան անել, եւ «Դաշնակցությունը ժողով արեց»՝ որոշելով այս անգամ էլ երկրագնդի հայկական միակ հատվածը՝ մոխիրներից հառնել փորձող Խորհրդային Հայաստանը քարկոծել ու հայհոյել: Հայաստանում ստալինյան տարիներ սկսվեցին, իսկ սփյուռքում էլ նրանք որոշեցին իրենց բռնապետական ծարավին հագուրդ տալու անհաջող փորձեր կատարել՝ «Դաշնակցական չեղողը հայ չէ»: Իրենց քաղաքականությանը չենթարկվող եւ ազգօգուտ գործունեություն ծավալող, ուղն ու ծուծով հայրենասեր մեր բազմահազար հայրենակիցներին սկսեցին ահաբեկել եւ սպանել: Հայաստանում հայ հայրենասերին Ստալինն էր սպանում, Սփյուռքում՝ Դաշնակցությունը:

Եվ հենց դրա համար էլ որոշեցին ոչ թե Անդրանիկ, Նժդեհ կամ Բաղրամյան երգել, այլ երգեցին ու դեռ երգում են «Ելի՛ր, դաշնակ Դրո»: Երգելը մի կողմ. որոշեցին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին եւս մասնատել՝ 1956-ից հիմնելով իրենց կաթողիկոսությունը, որին էլ չափազանց անհարգալից՝ ասես սեփական բոստանի են վերաբերում: Ահա՛ միմիայն լոզունգային «ազատ, անկախ եւ միացյալ»-ների, իրականում՝ «անազատ, օտարից կախված եւ մասնատող» իսկական բնույթն ու նկարագիրը: Ով այս ամենին չի հավատում, թող նեղություն քաշի՝ ԱՄՆ հատուկ ծառայության՝ ԿՀՎ-ի տարեկան ալմանախները թերթելու, որ հրապարակի վրա են, կամ պարզապես ընթերցի պատմաբան Ստեփան Պողոսյանի գրքերը:

Ու քանի որ նրանք որոշել էին, որ մեր փոխարեն որոշողները միշտ իրենք են լինելու, որոշեցին 1991 թ. Սեպտեմբերի 21-ին՝ համայն հայության համար ճակատագրական, պատմության մեզ ընձեռած այդ սքանչելի պահին, Հայաստանի անկախության հանրաքվեին «Ո՛չ» ասել: Բայց, ի հեճուկս իրենց, Հայաստանի բնակչությունը բոլորիս դարերի երազանքն իրականություն դարձրեց:

Նրանք գովազդային գործակալության նման մշտապես ցույց են տալիս, որ իբր թե Հայաստանի եւ հայ ժողովրդի ճակատագրով են մտահոգված: Վերջերս նույնիսկ առանց անհարմար զգալու հայտարարեցին թե՝ «իրենք ստեղծվել են, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյություն ունենան եւ կարողանան զարգանալ», բայց, ինչպես բոլորիս ծանոթ պատմական փաստերն են ցույց տալիս, հակառակն է՝ նրանք կարծես թե «115 տարի առաջ ստեղծվել են, որպեսզի Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյություն չունենան եւ չկարողանան զարգանալ»:

Եվ փաստորեն նոյեմբերի 27-ի խայտառակության առիթով վերոհիշյալ շարքային դաշնակցականի իմ ներկայությամբ կատարած անկեղծ խոստովանությունը հենց այս անհերքելի իրականության վերջին օրինակներից էր: Ու քանի որ այդ կուսակցությունն իր շարքերում եւ ոչ մեկ հատ «ազատ, անկախ» մտածելու ունակ պարկեշտ անդամ չունի, ուստի 115 տարի տեւող տհասությունից, բախտախնդրությունից, արկածախնդրությունից եւ հայ ժողովրդի համար միայն դժբախտ հետեւանքներով ավարտվող ողբերգություններից զերծ չենք լինելու հաստատ:

Չգիտեմ, թե այս կուսակցությունը բոլոր այս տարիներին քանի-քանի տիրոջ ծառա կարող է եղած լինել, բայց որ ստեղծման օրից մեզ պարտադրված իր գոյությամբ հայ ժողովրդին չի ծառայել, փաստ է: Սույն կուսակցության քաղաքականության պատճառով իրականացված ցեղասպանության փաստը միայն հերիք պիտի լիներ, որպեսզի նրանք այլեւս անվերադարձ հեռանային եւ նորից երբեք չհայտնվեին հայոց երկնակամարում, բայց հավանաբար մեզ բոլորիս նորանոր դժբախտություններ բերելու նպատակով պատվիրված անավարտ հանձնարարականներ ու, ի հեճուկս Հ. Քաջազնունու հայտնի պատգամի, դեռ «անելիք» ունեն: Չէ՞ որ Ջավախքում դեռ հայեր են ապրում:

Հայոց ցեղասպանության 90-ամյակում նույնիսկ բազմաթիվ թուրքեր մարդկության դեմ գործված աններելի հանցանքի համար մեզնից ներողություն խնդրեցին, մինչդեռ 115-ամյա զառամյալն այդպես էլ լռում է: Սրանից 115 տարի առաջ բազմամիլիոնանոց հայությամբ Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա կար, իսկ հիմա այդ ամենից արդեն ցավոտ հուշ ու նույնանուն մի նորակառույց առագաստանավ է մնացել: Հիմա պա՞րզ է, թե ինչու նրանք 115 տարեկան են, իսկ մենք արդեն չկանք, թե ինչու ամբողջ հայ ազգի համար պաշտելի զորավարներ Անդրանիկին եւ Նժդեհին տանել չեն կարողանում:

Գովազդային նպատակներով պատեհ-անպատեհ Արցախյան ազատամարտից խոսողները երբեք հայ ժողովրդին չեն ասելու, թե ինչու արյան կանչով ոտքի ելած, Սփյուռքի իրենց գաղթօջախներից Հայրենիք հասած եւ Արցախյան գոյամարտի արժանավոր մասնակիցը դարձած հատուկենտ հայորդիներին անխտիր հեռացրին իրենց կուսակցության շարքերից: Նրանք, անշուշտ, երբեք մեր ժողովրդին չեն ասելու, որ 1989-90-ականներին՝ դեռ Արցախյան ազատամարտի արշալույսին, թեկուզ որսորդական հրացաններով հայրենի հողը պաշտպանելու պատրաստ լավագույն նվիրյալներին անամոթաբար ստիպում էին՝ «Զենք՝ Դաշնակցության անդամակցելու դիմաց» անբարո գործարքը: Իսկ շատերս, ձեռքում թեկուզ մեկ միավոր զենք ունենալու նպատակով, նման գործարքի զոհ գնացած տասնյակ հայորդիներ ենք ճանաչել: Տեսել ենք նաեւ, թե Դաշնակցության անդամ, Արցախի Ազգային ժողովի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի անմեղ թափված արյունը ինչպես կամ ինչու այդպես մոռացության մատնվեց:

«Մեր պետությունը երեք ճակատ, մեկ սահման ունի» հայտարարող ԱԺ փոխխոսնակի կուսակցությունը, «Ջավախք…… Ջավախք» հոլովելով, հայ ժողովրդին մի նոր աղետի հասցնելու փոխարեն՝ Դաշնակցության Ջավախքի պատասխանատու հանդիսացած իրենց «ընկեր» Պողոս Պողոսյանի՝ Երեւանում, բոլորի աչքի առաջ, օրը-ցերեկով սպանության հանցավորներին օրենքով հասնող պատժին արժանացնելու համար աշխատեր գոնե: Հին ընկերնե՞րը չեն դավաճանում: Քանի որ ստելով, կեղծելով, խարդախելով 115-ամյա կուսակցությունը կարողանում է իր տեղն իշխանությունների արեւի տակ ապահովել, ուստի բնական է, որ «բոլոր միջոցներն էլ ընդունելի են» իր համար:

Կարծում եմ՝ 115-ամյա կուսակցության՝ ինձ քաջածանոթ անդամներից մի քանիսի մասին հազիվ մեկ երկտողանոց անդրադարձը հերիքելու է վերջակետ դնելու սույն գրությանը:

Երբ ամեն օր քնելուց առաջ գլուխս բարձին եմ դնում եւ մտածում եմ, թե ինչ լավ է, որ ես իրանցի Սերժ Ամիրխանյան չեմ, որ երկար ժամանակ Քարվաճառի վարչակազմի ղեկավար լինեմ, ու այդտեղ հայորդիների քանակն ավելացնելու փոխարեն պակասեցնեմ:

Ինչ լավ է, որ ես Հովսեփ Սեֆերյան չեմ ու ամբողջ ՀՀ քաղաքացիների քրտինքով սարքված քանի-քանի գործարան ձրի ձեռք բերելուց հետո դրանք աշխատեցնելու փոխարեն՝ հիմնահատակ չեմ ավերել:

Ինչ լավ է, որ ես հալեպցի Հովհաննես Պողոսյան չեմ, որ պապերուս հայրենիք Ադանայի համար կյանքս տալու պատրաստ լինելով հանդերձ՝ առաջին իսկ առիթով ամբողջ գերդաստանով, ձուլվելու նպատակով, այժմ թուրքի ձեռքում գտնվող նույն Ադանայում ռազմակայաններ պահող երկիր՝ դեպի Ամերիկա չեմ գաղթում մշտական բնակության:

Ինչ լավ է, որ ես Հակոբ Պալյան չեմ ու Փարիզի հայկական «Ռադիո Այբ»-ի եթերից առավոտից երեկո Հայաստան փնովելուց չհոգնելով՝ Հայրենիքի ամենաանաչառ եւ ժողովրդականություն վայելող հեռուստաալիք «Ա1+»-ը լռեցնելու իշխանությունների որոշման ուղղակի մեղսակից «Երկիր Մեդիա»-ի տերերից լինելուս համար չեմ ամաչում: Ինչ լավ է, որ ես պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյան չեմ եւ Հայ ազգին իր ծննդավայր բնօրրանում «եկվոր» չեմ կոչում:

Եվ երիցս ինչ լավ է, որ ես Լիբանանի Ավոն, Թեհրանի Վարուժը եւ Բեյրութի «թուրք դեսպան խփած» Անդոն չեմ, որ հազար ու մեկ խարդախության, կաշառքի ու մեքենայությունների անբարո ճանապարհով, իրականում՝ ՀՀ քաղաքացուն պատկանող երեւանյան բազմահարյուր հազարանոց հողատարածքները կազմակերպված «ամենաարդար աճուրդների» շնորհիվ ջրի գնով ձեռք չեմ բերում, որ հետո էլ նույն այդ վայրերում սարքվող «էլիտար» շենքերի պատուհաններից Արարատ սարը դիտելու համար «ուշքը գնացող» սփյուռքահայ հայրենակիցներին կրակի գնով նաղդեմ:

Եվ գիտեք՝ դեռ ինչքան, մեր Հայրենիքի համար «ուշքը գնացող» այսպիսի «ինչ լավ է, որ…»-երին կարող եմ օրինակ բերել սույնն ընթերցող ՀՀ քաղաքացիներիդ: Օրինակներ, որոնց համար, հաստատ, ձեզնից եւ ոչ ոք այդպիսիների գոյությամբ իրեն հպարտ չի զգա:

Հենց դրա համար էլ գրեթե ամեն շաբաթավերջ փորձում եմ գնալ Վերնիսաժ՝ հանդիպելու Ջավախյան Լեւոն հայ գրողին եւ թեկուզ ոտի վրա նրա հետ մի քանի րոպե զրուցելուց հպարտանում եմ, իմ մարդու հայ տեսակին պատկանելությունից: Իրոք, որ ինձ համար այդ մի քանի րոպեն ավելին արժե, քան ոմանց համար 115 տարին: Փորձե՛ք, որպեսզի համտեսեք ազատ մարդ լինելու բերկրանքը: Դուք ձեզ հաստատ ազատ մարդ կզգաք:

Հ. Գ. Այս հետգրությամբ ուզում եմ փարատել սույն հոդվածի առիթ դարձած շարքային դաշնակցականի տվայտանքները. միեւնույն է՝ ես նրա անունը չէի տա, նախ, որ նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, այսինքն՝ ո՞ր մեկի անունը տաս, եւ երկրորդ՝ շատ լավ իմանալով, թե ինչ ճակատագիր կարող էր նրա համար “որոշել” իր կուսակցությունը, պետք չէր հերթական անգամ արձակել այդ կուսակցության 115-ամյա ձեռքերը՝ մի ճակատագրի խեղման պատասխանատվություն վերցնելով:

ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆԵԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել