Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ԱՆՈՐԱԿ ՍՆՆԴՈՎ

Դեկտեմբեր 24,2005 00:00

Շուրջ
մեկ տարի է՝ Երեւանի պետական համալսարանի կենտրոնական, բանասիրության, ֆիզիկայի եւ
կենսաբանության մասնաշենքերում բուֆետները հիմնանորոգվել են: Մինչ այդ՝ ուսանողները
ստիպված էին լինում դասերի արանքում վազել բարեր, սրճարաններ ու սնվել թանկուկրակ
ուտելիքներով՝ ամեն անգամ ուշանալով հաջորդ դասաժամից: Թեեւ հիմա համալսարանի ներսում
կամ մասնաշենքերի տարածքում բուֆետները գործում են, բայց դրանք իրենց նպատակին չեն
ծառայում: «Երբ տարվա սկզբին մեր բուֆետը վերաբացվեց, ես մշտական այցելուներից էի,
բայց հիմա էլ չեմ հաճախում, անտանելի աղմուկ է, ծուխ, բուֆետը դարձրել են ծխամոլների,
խաղամոլների, պարապ-սարապ տղաների հավաքատեղի»,- «Առավոտին» ասաց ԵՊՀ ուսանողուհի
Սյուզան Սարուխանյանը: Կենտրոնական եւ բանասիրության մասնաշենքերի բուֆետը
վարձակալության հիմունքներով շահագործում է «Որդի Ստեփան» ՍՊԸ-ն, մյուս երկուսը՝
ԵՊՀ Շրջանավարտների միավորման «Շրջանավարտ» ՍՊԸ-ն: Վերջիններս պարտավորվել են չծախել
ալկոհոլային խմիչքներ, մատուցել որակյալ սնունդ՝ մատչելի գներով: «Շրջանավարտ» ՍՊԸ-ի
կողմից շահագործվող բուֆետներում, պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության
Կենտրոնի եւ Նորք-Մարաշի տարածքային կենտրոնը ստուգումներ դեռեւս չի անցկացրել, իսկ
«Որդի Ստեփան» ՍՊԸ-ին սանիտարահիգիենիկ կանոնների որոշակի խախտումների համար տուգանել
է 30000 դրամով. աղցանի տարաները, սննդամթերքի հետ անմիջականորեն շփում ունեցող ափսեները
կեղտոտ են եղել, իսկ աշխատակիցները ենթարկված չեն եղել պարբերական բժշկական ստուգումների:
Բժիշկ-հիգիենիստ Աշոտ Մկրտչյանի տեղեկացմամբ՝ ստուգումներից հետո ընկերությունը թերությունները
վերացնելու համար ձեռնարկած միջոցառումների մասին իրենց գրավոր հայտնել է, եւ գործը
սրանով սահմանափակվել է: Հայաստանում գործող օբյեկտներում ստուգումների կազմակերպման
եւ անցկացման մասին օրենքի համաձայն, տեսչությունն իրավունք ունի իր նախաձեռնությամբ
ստուգումներ իրականացնել միայն տարին մեկ անգամ, ընդ որում՝ դրանց մասին կենտրոնը
նախապես՝ 3 օր առաջ, տեղյակ է պահում նաեւ օբյեկտի տնօրինությանը: Այսինքն՝ այսպես
թե այնպես, նրանք հնարավորություն են ունենում «պատրաստվել» ստուգումներին, ու եթե
այդքանից հետո տեսչությունը բուֆետներում հայտնաբերել է խախտումներ, ուրեմն կարելի
է պատկերացնել, թե ինչ է կատարվում այնտեղ սովորական օրերին: «Մի անգամ է ինձ բախտ
վիճակվել նախաճաշել բանասիրականի բուֆետում, սովորական «հոթ-դոգ» էի վերցրել. հացը
թարմ չէր, նրբերշիկն էլ ոչ միայն հին, այլ նաեւ հում էր»,- պատմեց ժուռնալիստիկայի
ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողուհի Հասմիկ Մկրտչյանը: Իսկ թե ինչքան մատչելի
են բուֆետներում վաճառվող սննդի գները, որոշում է համալսարանի ռեկտորատը՝ ՍՊԸ-ների
առաջարկած գները համեմատելով շրջակայքի նման սննդի կետերի հետ: Այս դեպքում տարբերությունն
էական չէ, իսկ եթե դրանք համեմատենք, ասենք, Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի
ճաշարանի գնացուցակի հետ, ապա տարբերությունը կլինի ակնառու. այնտեղ գները զգալիորեն
ցածր են: Օրինակ՝ թեյն արժե 30, սուրճը՝ 50, լիմոնադը՝ 50, «հոթ-դոգ»-ը՝ 100 դրամ,
իսկ համալսարանի ճաշարաններում համապատասխանաբար 100, 100, 100-120 եւ 150 դրամ:
Այսինքն՝ ավելի ձեռնտու է սնվել Ժողինստիտուտի ճաշարանում, քան համալսարանում: ԵՊՀ-ի
տնտեսական գծով պրոռեկտոր Սարգիս Շահազիզյանը մեզ վստահեցրեց, որ բուֆետների հետ
կապված որեւէ բողոք երբեւէ չի ստացել, այլապես խնդրին անմիջապես կարձագանքեին, մանավանդ
որ, ՍՊԸ-ների հետ կնքած պայմանագրի համաձայն՝ վերջիններիս կողմից պարտավորությունների
խախտման դեպքում համալսարանը կարող է խզել պայմանագիրը: Ինչ վերաբերում է բուֆետներում
ծխելուն, «Շրջանավարտ» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանի խոսքերով՝ իրենք, առանց այդ
էլ բիզնեսի կանոններին դեմ գնալով, բարձր սեղաններ են դրել՝ առանց աթոռների. «Թե
չէ պիտի երկար նստեին, մի բաժակ սուրճի շուրջ ծխեին, թղթախաղով կամ վիճաբանությամբ
տարվեին»: Մինչդեռ նկատենք, որ նույն այդ բարձր սեղաններին դրված են մոխրամաններ,
եւ հաճախորդներն ազատորեն ծխում են: Իսկ «Որդի Ստեփան» ՍՊԸ-ի տնօրեն Գաբրիել Մադաթյանը
ճաշարանում ծխելը պայմանավորեց միայն ուսանողների կարգազանցությամբ. «Առաջ սեղաններին
թերթիկներ էինք դնում, որոնց վրա գրված էր՝ «Ծխելն արգելվում է»: Ճղեցին-թափեցին:
Ոմանց օրական 10 անգամ զգուշացնում ենք՝ չի օգնում: Մնում է միայն 2 տարբերակ. կա՛մ
ծեծ ու ջարդով նրանց պիտի դուրս հրավիրենք, կա՛մ համալսարանը պիտի միջամտի՝ օգտագործելով
իր լծակները»: Սակայն պրոռեկտոր Շահազիզյանի խոսքից պարզ դարձավ, որ համալսարանը
ոչ մի լծակ էլ չունի. «Համալսարանում էլ ծխելն արգելված չէ: Ճիշտ է՝ օրենքն ընդունվել
է, բայց այն կիրառելու կանոնակարգերը դեռեւս չկան»: Մինչդեռ ՍՊԸ-ներն այս հարցում
հույսները դրել էին համալսարանի վրա, նույնիսկ առաջարկելով ճաշարանում ծխողների անուններն
ընդգրկել ինչ-որ «սեւ ցուցակում». ուսանողները, ստուգարքների եւ քննությունների մասին
մտահոգվելով, կսկսեն հետեւել կարգ ու կանոնին: ԱՐԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ
3-րդ կուրս Հ. Գ. ԵՊՀ պրոռեկտոր Ս. Շահազիզյանի եւ «Որդի
Ստեփան» ՍՊԸ-ի տնօրեն Գ. Մադաթյանի հետ մեր ունեցած զրույցի հաջորդ օրն իսկ բանասիրության
մասնաշենքի ճաշարանում մոխրամանների փոխարեն սեղաններին հայտնվեցին «Ծխելը եւ թղթախաղ
խաղալը արգելվում է» գրությամբ թերթիկներ, սակայն սրահում կրկին թեւածում էր ծխախոտի
ծուխը, իսկ մի քանի սեղանների շուրջ՝ «եռում» թղթախաղը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել