Լրահոս
Օրվա լրահոսը

Շունը տարածքային, սոցիալական ու գյուղական կլինի

Դեկտեմբեր 24,2005 00:00

Արեւելյան
հորոսկոպով գալիք 2006 թվականը Հրե շան տարի է: Շատ ժողովուրդների մշակույթներում
Շունը ասոցացվում է արդարության ու հավատարմության հետ: Շունը աչալուրջ է, շարժուն,
անհանգիստ: Սա նշանակում է, որ մեր պետական այրերը հնարավոր է այս տարի աշխատանքից
«աչք չբացեն»: 2006-ը բարեբեր կլինի հատկապես տարածքային կառավարման նախարար
Հովիկ Աբրահամյանի, սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի եւ գյուղնախարար
Դավիթ Լոքյանի համար: Քանի որ վերջիններս ծնվել են Շան տարում: Արեւելցիները մի կողմից
խորհուրդ են տալիս չծանրաբեռնել ուղեղները, բայց մյուս կողմից էլ սա նրանց կատարած
աշխատանքներն ամփոփելու տարի է: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ու արդարադատության
նախարար Դավիթ Հարությունյանը ծնվել են Կատվի տարում: Իսկ շները, ինչպես հայտնի է,
կատվասիրությամբ չեն փայլում: Կառավարությունում միակ աքլորի՝ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի
համար Շան տարին հաջողներից չէ: Ըստ հորոսկոպի, նրա համար ճակատագրական կարող են
լինել փաստաթղթերի հապշտապ ստորագրումն ու կտրուկ որոշումների ընդունումը: ՀՀ
նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, տրանսպորտի եւ
կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը տարով Ձի են: Շունը վատ չի տրամադրված ձիերի հանդեպ:
Սակայն 2006-ին նրանց խորհուրդ է տրվում խուսափել աղմկահարույց պատմություններից:
Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը եւ ֆինանսների նախարար
Վարդան Խաչատրյանը Վարազ են: Նրանց խորհուրդ է տրվում բոլոր ժամանակներում եւ բոլոր
իշխանությունների օրոք զգույշ լինել հատկապես տոնական օրերին: Վագրի տարում ծնվել
են էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը:
Իսկ շունը ամեն տեսակ կատվազգիներին չի հանդուրժում, այնպես որ, թեկուզ վագրային
կատվախաղը 2006-ին չի անցնի: Կապիկներ են ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն
ու երկու փոխնախագահները՝ Վահան Հովհաննիսյանն ու Տիգրան Թորոսյանը: Կապիկի տարում
է ծնվել նաեւ մշակույթի նախարար Հովիկ Հովեյանը: Կապիկն այս տարի էլ ճարպկությամբ
կփայլի, շատ կճամփորդի եւ որեւէ հոսանքի քամի նրան չի խանգարի: Տարով Այծ
են ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եւ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը:
Նրանց թռիչքներն այս տարի էլ արդյունավետ կլինեն եւ լավ մարզավիճակը կպահպանվի: Ցուլ
է բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար
Մանուկ Թոփուզյանը: Ինքնապաշտպանական բնազդը նրանց մեջ կմեծանա եւ հեղափոխական բնույթի
որեւէ ցույց չի հանդուրժվի կառավարության շենքի առաջ: Ցուլերը, ինչպես հանրաքվեից
առաջ, այնպես էլ հետո՝ 2006-ին կշարունակեն ատել կարմիրը եւ կարմիրներին: Արեւելցիները,
նախաքննության շահերից ելնելով, չեն նշել միայն ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի
հորոսկոպային «տարբերանշանը», բայց դատախազության աստղերը հուշում են, որ նրա համար
Շան տարին խոստումնալից է, գլխավոր դատախազության շենքի դիմաց պարերի պակաս չի զգացվի
եւ նա կմնա հասարակության ուշադրության կենտրոնում: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել