Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինագործի անունը թանգարանում չեն հիշել

Դեկտեմբեր 24,2005 00:00

Հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պալատներից մեկում պառկած էր Արտուշ Բալյանը, որը ծանր վիրավորվել էր դեռ տասը տարի առաջ՝ արցախյան պատերազմի ժամանակ:

Վիրահատվել էր հանրապետության ութ հիվանդանոցներում: Ոտքի էր կանգնել, սակայն տասը տարի անց կրկին վիրահատվել: «Բժիշկը՝ վիրաբույժ Ղուլյանը կատարեց կտրվածք նախաբազկի երկու ոսկրերի արանքում մեխված հակատանկային արկի բեկորի տեղում: Հետեւեց օտար մարմնի բեկորի հեռացումը: Ամուր կամքը, ուժեղ ոգին եւ մարմինը թուլացել էին, դարձրել նրան մանկան հոգու եւ մարմնի պես փխրուն»,- պատմում է կինը՝ Նարինե Ոսկանյանը: Ա. Բալյանն այնուհետեւ հայտնվեց մեկ այլ վիրահատարանում. աջ նախաբազկի երկու ոսկրերի արանքում դարձյալ արկի բեկոր կար: Կինը վիրահատության ողջ ընթացքում կողքին էր: «Չարաբաստիկ բեկորը բավականին մեծ էր՝ լոբու հատիկի չափ, սուր ծայրերով եւ չափազանց ամուր»,- ասում է նա:

Արտուշ Բալյանն ավարտելով Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիայի բաժինը, 1990-ից ազգային պայքարի հորձանուտում էր: Լինելով Չարենցավան քաղաքի «Կենտրոնաձույլ» գործարանի գլխավոր մետալուրգը, շատ գիշերներ էր լուսացնում իր աշխատավայրում: Աշխատասենյակը վեր էր ածվել զենքի արտադրության ձուլարանի, նրա ղեկավարությամբ ձուլվում էին նռնակներ, ականանետեր, «Ալազանի» արկեր: Վտանգելով իր անձը, նա առաջինն էր փորձարկում զենքը, ստանում վնասվածքներ: Արտուշը մասնակցել է Նոյեմբերյանի շրջանի օրհասական կռիվներին, այնուհետեւ անցել Սրխավենդով, Վահանով, Մարտակերտով, Հադրութով, Քարվաճառով, Ֆիզուլիով: Նրան վաղաժամկետ շնորհվեց մայորի կոչում: Վերադարձավ: Բալյանը ծառայեց Չարենցավան քաղաքի զինկոմիսարիատում: 2000-04-ի հուլիսը Եղվարդի սպառազինությունների զորամասերից մեկում հրամանատարի տեղակալ էր թիկունքի գծով: Այսօր արդեն զորացրված գնդապետը՝ Արտուշ Բալյանը աշխատում է Պարույր Սեւակի անվան դպրոցում եւ իր սաներին տանում ռազմական ինստիտուտ: Իսկ ինստիտուտի միակ թանգարանում տեսնում է իր իսկ ձեռքով ձուլած ականը, ապշած կարդում, թե ինչ է գրված դրա տակ՝ «ձուլված է Չարենցավանի գործարաններից մեկում»: Լուռ, մտքերի մեջ խորասուզված, վիրավորված վերադառնում է տուն:

Կա ռազմական ինստիտուտը, ինստիտուտի միակ թանգարանը, այն անկյունը, որտեղ ամուր եւ հպարտ ցուցադրվում է ձուլված ականը եւ այս հղումը. «Ձուլված է Չարենցավանի գործարաններից մեկում»: Սակայն ինչո՞ւ ողջ աշխարհին հայտնի չէ այն գործարանի անունը, որտեղ ձուլվել է այս ականը եւ ինչո՞ւ հայտնի չէ այն հայորդու անունը, որը վտանգելով իր անձը՝ կազմակերպել, ձուլել, գործի է դրել այդ ականը, վնասել իր առողջությունը հանուն երկրի, այսօրվա խաղաղ ու հզոր ապագայի:

Ն. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել