Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպի անդունդ»

Դեկտեմբեր 24,2005 00:00

«2005 թվականը Հայաստանի պատմության եւ, որ անընդհատ
սիրում ենք կրկնել, համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ մի ամոթալի
էջ գրեց: Սա մի քայլ առաջ էր՝ դեպի անդունդ»,- նկատի ունենալով սահմանադրական
հանրաքվեն եւ ամփոփելով անցնող տարին՝ կարծիք հայտնեց Հայաստանի կոմունիստական կուսակցության
նախագահ Ռուբեն Թովմասյանը: Նրան վրդովեցնում է, որ դատախազը, ԱԺ նախագահը եւ այլ
տրամաչափի պաշտոնյաներ պահանջում են կեղծարարներին պատժել. «Իրենք են ստիպում, որ
այդ մարդիկ կեղծիք կատարեն, հանձնաժողովի ոչ մի անդամ պատրաստված չի գնում կեղծելու:
Իշխանավորների հրահանգով են կեղծում՝ իրենց դնելով եւ քրեական պատասխանատվության,
եւ հարազատների ու, ընդհանրապես, ժողովրդի ամոթանքի ու լուտանքների տակ»: ԼՂՀ հարցի
մասով մեր զրուցակիցն ասում է. «Քանի գնում է՝ վտանգները լցվում են այդ հարցի լուծման
մեջ: Հայաստանին խաբել են ու խաբելու են Եվրոպայի փորձառու դիվանագետները, թե մեր
այս կամ այն պաշտոնյաներն ինչ են ասում՝ որեւէ նշանակություն չունի: Ղարաբաղի հարցը
դուրս է եկել Հայաստանի լուծելիք հարցերի շրջանակից, տվել ենք միջազգային ատյանների
ձեռքը: Բայց ՀԿԿ-ն գտնում է, որ այդ հարցը պետք է լուծվի բացառապես ազգերի ինքնորոշման
սկզբունքով, եւ Հայաստանի ղեկավարությունն իր մեջ պետք է ուժ գտնի՝ 1989 թ. դեկտեմբերի
1-ի որոշումը կատարի: Մանավանդ որ՝ մեր նախագահը մի առիթով ցանկացավ իրեն մեծարել
եւ հայտարարեց, որ ինքն է գրել այդ որոշումը: Այն ժամանակ հույսը դնում էր հզոր Սովետական
Հայաստանի վրա՝ այդպիսի որոշում էր գրում: Դու գրել ես՝ դու էլ կատարիր այդ որոշումը,
ինչո՞ւ չես կատարում»: Իսկ ընդհանրապես, ընկեր Թովմասյանը գնահատելով 2005-ը՝ այն
դիտարկում է անցած 15 տարիների համատեքստում եւ Հայաստանի մեծագույն կորուստը համարում
է Սովետական Միության փլուզումը՝ մտովի պատկերացնելով, թե եղբայրական ընտանիքում
ինչ ձեռքբերումներ կարող էինք ունենալ: ՀԿԿ-ի գործունեությունը, բնականաբար,
գնահատվում է դրական. «Կոմկուսն ամենաամրակուռ, զուսպ եւ կազմակերպված կուսակցությունն
է, որն աղմկարարչությամբ չի զբաղվում եւ ամուր կանգնած է իր գաղափարախոսությանը»:
Սակայն ընկեր Թովմասյանին մտահոգում է, որ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանում,
հակակոմունիստական հիստերիա է սկսվում: Նա նկատի ունի Եվրոպայի Խորհրդում կոմունիզմը
դատապարտող փաստաթղթի պատրաստումը: Ի դեպ, այս առիթով աշխարհի կոմկուսները համատեղ
նամակով «անարգանքի սյունին» են գամել ԵԽ-ին՝ այդ նախաձեռնության համար, քանզի «կոմկուսների
ղեկավարների շնորհիվ է փրկվել ողջ Եվրոպան»: Հայաստանյան հակակոմունիստական հիստերիայի
մասով ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղարն ասում է. «Զանազան պայմանագրեր անհիմն արդարացվում
են՝ «մոռացության» մատնելով այն հիմար պայմանագրերը, որոնք փաթաթված էին երիտասարդ
Սովետական Հայաստանի վզին»: Քանի որ ընկեր Թովմասյանը մեր զրույցի ընթացքում
անդրադարձավ նաեւ գների կտրուկ աճին, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են հայ կոմունիստները
վերաբերվում այն փաստին, որ «եղբայրական Ռուսաստանը» պատրաստվում է բարձրացնել Հայաստանին
մատակարարվող գազի գինը. «Մենք մեր խողովակներով Մոսկվայում լուրջ բանակցություններ
ենք վարում՝ դիմակայելու այդ թանկացմանը: Ես հաստատ համոզված եմ, որ անգամ 110 դոլարի
պարագայում ՌԴ-ն փոխհատուցման ճանապարհներ կգտնի: Գազի թանկացման պատրվակով հունվարից
մեզ մոտ կբարձրացնեն այնպիսի ապրանքների գները, որոնք դրա հետ բացարձակ կապ չունեն,
վկան՝ այսօր արդեն աճող գներն են: Այսօր ողջ հանրապետությունը սառչում է. դա կապ
ունի՞ ՌԴ-ի հետ»: Այս համատեքստում Բելառուսի նկատմամբ ՌԴ-ի վերաբերմունքը բացատրում
է նրանով, որ «մեր իշխանությունները քայլ չեն անում ՌԴ-Բելառուսին անդամակցելու ուղղությամբ»:
Ամանորյա իր մաղթանքներում ընկեր Թովմասյանն ասաց. «ՀԿԿ-ն ձուլված է հայ ժողովրդին
եւ այդպես էլ մնալու է: Ապագան սոցիալիզմինն է: Մարդկությունը ի վերջո կհանգի այդ
գաղափարին: Թող ամսի 31-ին բոլոր տներում հնչի սովետական շրջանի երգը՝ «Լցրեք, ընկերներ,
բաժակները լի, խմենք կենացը՝ մեր ժողովրդի»: Ուզում եմ ժողովրդի ոգին բարձր լինի,
սպասումները՝ կոմունիստական, անկախ սեղանների ճոխության աստիճանից»: ՆԵԼԼԻ
ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել