Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ԽԱՆԴԸ ՍԻՐՈՒՑ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է»

Դեկտեմբեր 24,2005 00:00

Տարեվերջյան
ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Ազգային
ժողովի նախագահը խորհրդարանի մեկ տարվա աշխատանքը գնահատեց բավարար եւ նկատեց, որ
եթե երկրում լիներ քաղաքական հանդուրժողականության ավելի բարձր մակարդակ, կարելի
կլիներ շատ ավելին անել. «Չնայած գտնում եմ, որ օրենսդրական, միջազգային եւ քաղաքական
գործունեության մասով մենք կարողացել ենք ապահովել նորմալ ցուցանիշներ»: Պատասխանեց
նաեւ լրագրողների հարցերին: – Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում
տեղի ունեցած կեղծիքների եւ ապօրինությունների վերաբերյալ դուք միակն էիք, որ ահազանգեցիք
եւ գրություն ուղարկեցիք դատախազություն, դուք իրո՞ք հավատում եք, որ գլխավոր դատախազին
ներկայացված ձեր գրության փաստերին ընթացք կտրվի: – Ես ուղարկել եմ նամակ.
երբ օրենքով սահմանված կարգով կստացվի պատասխանը եւ կլինեն հետաքրքրվողներ, ես այդ
պատասխանը կտրամադրեմ ձեզ: – Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ վերջին
5-6 օրվա ընթացքում կոալիցիայի անդամ երկու կուսակցություններ հայտարարում են ներկոալիցիոն
վերաձեւումների, բանակցությունների, վերադասավորումների եւ նմանատիպ այլ զարգացումների
մասին: – Հայաստանում, ցավոք, շատ հաճախ սկսում են վրեժ լուծել, քան ինքդ
հասցրել ես ինչ-որ մեկին վիրավորել: Այդ պատճառով էլ ես կոալիցիան համեմատել եմ մի
ամուսնության հետ, որտեղ խանդը սիրուց ավելի ուժեղ է: Ասել, որ կոալիցիայում տարաձայնություններ
չկան, ճիշտ չի լինի, եթե այդպես լիներ՝ մենք կլինեինք մեկ կուսակցություն եւ ոչ թե
երեք, բայց կարծում եմ, որ կոալիցիան առայսօր կարողացել է լուծել իր առջեւ դրված
խնդիրները, եւ, անկախ քաղաքական տարաձայնություններից, մենք կարողացել ենք ընդունել
լուծումներ, որոնք նպաստել են երկրի կայունությանը եւ զարգացմանը: Իսկ ապագայի մասին
ես չեմ ուզում կանխագուշակումներ անել, բայց կարծում եմ, որ 2006-ին կոալիցիայի ներսում
տեղի կունենա քաղաքական լուրջ քննարկում՝ մեր հետագա գործունեության հետ կապված:
Մեծ աղմուկ բարձրացնելու անհրաժեշտություն չկա, նորմալ քաղաքական գործընթաց է, իսկ
2006-ը ենթադրում է այդ գործընթացի հետ կապված որոշակի դիրքորոշումների ճշգրտում:
– Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կանխագուշակել էր, որ հաջորդ կոալիցիոն կառավարությունում
ՕԵԿ-ը չի լինի եւ նրան կփոխարինի ինչ-որ մի օլիգարխիկ կուսակցություն՝ անպայման ընդդիմադիր
լիդերով: – Ես այդ կանխատեսումներին ծանոթ չեմ եւ որոշել եմ, որ քանի դեռ
ինքս բառացի չծանոթանամ, թե մարդն ինչ է ասել, ոչ մի մեկնաբանություն չեմ անելու:
Որովհետեւ շատ հաճախ ասվածը աղավաղված է ներկայացվում: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին,
ես ուղղակի կարող եմ ասել, որ «Օրինաց երկիրը» այսօր Հայաստանի ամենակազմակերպված
քաղաքական ուժերից մեկն է, որը հայտնի է ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից
դուրս, հայտնի է իր սկզբունքայնությամբ, իր հետեւողականությամբ, այսօր բազմահազար
մարդիկ ՕԵԿ-ի շարքերում են, ունենք տասնյակ-հազարավոր համակիրներ, եւ դուք գիտեք,
որ պաշտոնական տվյալներով ՕԵԿ-ը Հայաստանի ամենախոշոր քաղաքական կազմակերպությունն
է: – ՀՀԿ համագումարում կուսակցության փոխնախագահը բառացի ասաց, որ ՀՀԿ-ն
այսուհետեւ պետք է լինի խորհրդարանում եւ կոալիցիայում թելադրողն ու եղանակ ստեղծողը:
Դուք տեղյա՞կ եք՝ ո՞վ էր նրանց խանգարում մինչ այժմ ցույց տալ իրենց մեծամասնությունը
եւ լիներ եղանակ ստեղծողը: – Դուք կարող եք այդ հարցն ուղղել այն մարդուն,
ով այդ ելույթն ունեցել է: Ես նորից ուզում եմ կրկնել, որ այդ ելույթի բառացի շեշտադրումներին
ծանոթ չեմ: Ես կարող եմ ասել մեր կուսակցության փոխարեն, բոլորդ էլ տեսնում եք, որ
ՕԵԿ-ն ակտիվ է ԱԺ-ում եւ այսուհետեւ էլ շարունակելու է իր ակտիվ հետեւողական գործունեությունը
մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար, իսկ եթե մեկը որոշել է լրացուցիչ
ակտիվություն ցուցաբերել, ավելի լավ աշխատել ԱԺ-ում, մենք դա կարող ենք միայն ողջունել:
– Արդեն ակնհայտ է, որ 2006 նախընտրական տարում վերադասավորումներ են լինելու
Հայաստանի քաղաքական դաշտում, մի շարք նոր քաղաքական ուժեր արդեն հայտ են ներկայացրել
լուրջ դերակատարություն ունենալու: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ վերադասավորումներին:
2007-ի խորհրդարանական ընտրություններին ո՞ւմ հետ է գնալու ՕԵԿ-ը՝ առանձի՞ն, թե՞
հնարավոր է դաշինքով: – Ես դեմ եմ որեւէ արհեստական գործընթացի, այսինքն՝
ստեղծել ինչ-որ արհեստական կառույցներ կամ արհեստականորեն խոչընդոտել ինչ-որ կառույցների,
ես դա չեմ համարում ճիշտ գործունեություն: Մենք՝ քաղաքական ուժերս եւ գործիչներս,
յուրաքանչյուրս ունենք մեր կերպը, մեր տեսակը, մեր մոտեցումը, մենք ներկայացնում
ենք՝ հասարակությունը ընտրություն է կատարում: Եվ ինչքան այդ քաղաքական վերադասավորումները
կամ ճշգրտումները տեղի ունենան, այնքան օգտակար կլինի, որովհետեւ ես ինքս կողմնակից
եմ հրապարակային, ոչ թե ստվերային գործունեության: Ես ինքս նույնպես հնարավոր եւ
անհրաժեշտ եմ համարում տարբեր վերադասավորումները, քաղաքական համագործակցության դրսեւորումները,
այսինքն՝ ոչինչ էլ բացառված չէ, եւ դրան պետք է հանգիստ վերաբերվել: Կարծում եմ,
նման վերադասավորումները կլինեն 2006-ի կեսերից հետո, այսինքն՝ ինչքան կմոտենան ընտրությունները,
այնքան այդ տրամադրությունները հայտնի կդառնան: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, ապա մենք
նման կարեւորագույն քաղաքական խնդրի շուրջ այս պահին որեւէ որոշում չունենք (չեմ
կարծում, որ մեկուկես տարի առաջ որեւէ մեկը կարող է որոշում ունենալ), դա կորոշի
կուսակցության համագումարը՝ ելնելով այն քաղաքական իրավիճակից, որ մենք կունենանք,
ինչպես նաեւ այն քաղաքական կշռից, որը կունենա մեր կազմակերպությունը: – ՕԵԿ-ը
պատրա՞ստ է մրցակցել «Բարգավաճ Հայաստանի» հետ, որտեղ, ըստ կազմակերպիչների, լուրջ
ուժեր են ներկայացված: Եվ նախագահական ընտրություններում դուք պատրա՞ստ եք պայքարել
Սերժ Սարգսյանի հետ, որը, ըստ «Էկոնոմիստի»՝ ամենահավանական թեկնածուն է: –
Ընկերներ, նոր տարի է, խոսում եք իրողություններից, որոնց մասին որեւէ մեկը դեռ հստակ
դիրքորոշում չի արտահայտել: Ընդհանրապես, դժվարին իրավիճակները թույլերին բաժանում
են, ուժեղներին՝ միավորում: Ես կողմնակից եմ քաղաքական խաղաղ մրցակցության, եւ թող
յուրաքանչյուր ուժ այդ նույն սահմաններում փորձի ստանալ ժողովրդի վստահությունը:
ՕԵԿ քաղաքական ուժը այսօր կազմակերպված է, պատրաստ է մասնակցել ընտրություններին
եւ ունենալ լավ արդյունքներ: Ժողովուրդն է ընտրելու այն թեկնածուին, ում պաշտպանելու
է: Ամեն ինչ իր ժամանակին: Մինչեւ նախագահական ընտրությունները դեռ կա խորհրդարանականը
եւ, ինչպես ասում են, պետք չէ առուն չթռած «հոպ» ասել: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել