ՏՆՕՐԵՆԸ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ Բարեփոխումներին նախ պետք է պատրաստվեն տնօրենները եւ ուսուցիչները «Այսօր մենք Սարոյի ու Անուշի սերն ենք ներկայացնում՝ երեխաները հազիվ են ծիծաղները պահում, որովհետեւ ինտերնետում սիրո այնքան զանազան տեսակներ կան…: Մենք մեր ուսուցիչներին տեսնում՝ զգաստանում էինք, իսկ այսօրվա սերո՞ւնդը»,- Կրթության ազգային ինստիտուտում կազմակերպված տնօրենների վերապատրաստման դասընթացների ժամանակ իր մտահոգությունները հայտնեց թիվ 13 դպրոցի տնօրեն Ռիմա Տանանյանը: Իսկ թե ինչպես պետք է աշակերտի ուշադրությունը գրավել ու դասը նրա համար հետաքրքիր դարձնել, թե ինչպես պետք է ճիշտ ղեկավարել դպրոցը՝ պարզ կդառնա, եթե նախ տնօրենները, ապա ուսուցիչները ծանոթանան նախատեսվող բարեփոխումների ողջ փաթեթին ու հասկանան դրանց էությունը: Բարեփոխումները պետք է փուլ առ փուլ սկսեն իրականացվել եկող սեպտեմբերից: Բարեփոխումների քննարկվող փաթեթն իր մեջ ներառում է պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչները, հենքային ուսումնական պլանը, գնահատման նոր համակարգը, նրա սկզբունքները, 12-ամյա կրթության անցման ռիսկերը, անհրաժեշտությունը, դպրոցի ճիշտ ղեկավարման ձեւերը: Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ, ուսումնամեթոդական աշխատանքների համակարգող Լալա Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բարեփոխումներին զուգընթաց կլինեն նաեւ վերահսկող մեխանիզմներ. հետադարձ կապ՝ դպրոց-նախարարություն, դպրոց-Կրթության ազգային ինստիտուտ օղակների միջեւ, բացի այդ, վերահսկող մեխանիզմներ կունենա նաեւ նախարարության կազմավորվելիք տեսչությունը: Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանն իր դասախոսության ժամանակ տնօրեններին հորդորեց լինել պահանջատեր կրթության հարցում: «Ինքս դեմ եմ 2 ամիս աշակերտների՝ տանը նստելուն, բայց եթե հիմա ձեզ հարցնեմ, կասեք՝ միեւնույն է, երեխաները չեն գա: Պետք է պահանջեք: Դպրոցի որակի չափանիշը պետք է դարձնել ոչ թե ընդունելության քննությունները, այլ այն, թե ինչ քաղաքացի եք պատրաստում»: Բոլոր տնօրեններն ունեին մի մտահոգություն՝ ինչպե՞ս պետք է անցավ անցկացնել նորամուծությունները, որոնց պատրաստ չեն երեխաները, նրանց ծնողները: Դա հիմնականում վերաբերում էր գնահատման նոր համակարգին: «Իմ մտավախությունը գնահատման չափանիշների հետ է կապված. երեխաները, ծնողները դեռ պատրաստ չեն դրան, տարիների փորձ է պետք: Պետք է այնպես սկսել, որ սահուն անցում լինի: Ուսուցիչները, մենք՝ նախ պետք է պատրաստ լինենք դրան: Եթե մենք հասկանանք էությունը, արդեն կկարողանանք ճիշտ իրականացնել: Դրա համար վերապատրաստումն անհրաժեշտ է մեզ»,- ասում է թիվ 57 դպրոցի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Մինչեւ չտեսնենք ինչպես է արվում, արդյունքը չտեսնենք, չենք կարող պատկերացնել ու հավատալ, որ գիտելիքների գնահատման կենտրոնը նորմալ կաշխատի: Մինչեւ 1 տարի չփորձարկվի, չեմ կարող ասել»,- նշեց Չարենցի անվան դպրոցի տնօրեն Աիդա Ղազարյանը: Իսկ թիվ 182 ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցում արդեն բարեփոխումների մի շրջան սկսվել է: Տնօրեն Անետա Ասատրյանն ասաց, որ իրենց դպրոցում ուսուցիչների խորհրդով ՌԴ-ից բերված դասագրքերով են նաեւ պարապում: Տնօրենը հավաստիացնում է, սակայն, որ ցանկացած նորամուծություն առանց ծնողների համաձայնության չի արվում: «Գաղտնիք չէ, որ այսօր դպրոցում մեծացել է ծնողի ներդրումը, հետեւաբար դրան զուգընթաց պետք է մեծանա նաեւ նրա մասնակցությունը դպրոցական կյանքին, ուսումնական պրոցեսներին»,- ասում է Վ. Մարտիրոսյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ