Հաշվարկնե՞ր, թե՞ հույսեր Դրանցից ո՞ր մեկն է հասարակության դատին ներկայացնելը ճիշտ համարում «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: «Մեր ժողովուրդն արագ հաղթանակների կողմնակից է,- մեր զրույցի ընթացքում նկատեց Արամ Սարգսյանը:- Ինքս էլ այդպիսին եմ. ես ուզում եմ խնդիրը լուծել 1, 2, 3 քայլով: Բայց տարբեր երկրների հեղափոխությունների փորձը ցույց տվեց, որ այս ամենը պահանջում է առավել երկարատեւ գործընթաց: Հնարավոր է, որ հեղափոխությունները 1-2 օրվա լուծումներ ունենան, բայց դրանք հիմնականում 15, 20, 30 եւ ավելի օրերի համառ պայքարի արդյունք են»: Մեր հարցին, թե չի՞ կարծում, որ ուղղակի ոգեւորելու, հույսեր տալու համար հայտարարություններ անելը, որոնք ամրապնդված չեն հաշվարկներով, թե արդյոք իրականում կա՞ հեղափոխական մթնոլորտ, կամ ընդդիմության ներուժը բավարա՞ր է իշխանափոխության համար, վերածվում են ընդամենը բարձրագոչ պնդումների կամ պոռոտախոսության՝ հետեւեց ավելի ծավալուն պատասխան. «Իհարկե, տարբեր բաներ են բարի ցանկություններն ու իրական վիճակը: Ինքս առավել գաղափարախոսական վեճերի կողմնակից եմ, բայց կարող եմ նաեւ պրագմատիկ քաղաքական վեճերի մեջ մտնել, թե ո՛ր դեպքում ի՛նչ ենք շահում, կամ ի՛նչն է հնարավոր, ի՛նչն անհնարին: Այն կեղծիքների պայմաններում, որոնք տեղի ունեցան նոյեմբերի 27-ին՝ չափից շուտ եմ համարել այդ էջը փակված համարելը եւ 2007-ին պատրաստվելը: Մենք հայտարարել ենք հունվարի 27-ի հանրահավաքի մասին եւ գործընթացներ ունենք իրականացնելու: Հավատում ենք հաղթանակին ու չենք ստում հասարակությանը, երբ հայտնում ենք այդ բարի ցանկությունները: Մենք այդ ամենն ասելու համար ունենում ենք համոզվածություն ու որոշակի հիմքեր, որոնք արմատներ ունեն հենց պրագմատիկ դաշտում: Երբե՛ք չեմ սիրում ասել, թե այս բանն ասացի եւ եղավ, բայց կարող եմ նաեւ բերել նման բազմաթիվ օրինակներ՝ թե՛ իշխանական բուրգում տեղի ունեցող գործընթացների, թե՛ ընդդիմադիր բուրգում տեղի ունեցող վերադասավորումների, թե՛ ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող իմիտացիայի, թե՛ սոցիալական իրավիճակի, թե՛ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասին: Իսկ հիմա ասում եմ՝ հեղափոխական իրավիճակն իրականություն կդառնա այսպես թե այնպես: Վերոթվարկյալ խնդիրներից որեւէ մեկի ուժեղ կամ թեթեւ ի հայտ գալուց՝ կարող է առաջանալ ձնագնդի էֆեկտ եւ հասարակության բոլոր շերտերին միանգամից դուրս բերել փողոց: Սրան նաեւ պատրաստ լինել է պետք: Բայց եթե դրանք էլ ի հայտ չգան՝ չի նշանակում, թե ընդդիմությունը պետք է համակերպվի նման լկտի հանրաքվեի հետ ու պատրաստվի 2007-ին: Եթե ընդդիմադիր ես՝ չպիտի՛ համակերպվես, պիտի պայքարես ամե՛ն օր: Եվ այդ պայքարի մեթոդը ոչ թե իշխանությունների ամեն ասածին հակադրվելն է, այլ ծրագրավորելն այն գործողությունները, որոնք հնարավոր է, ի զորու ես իրականացնել, ու որոնք այս կամ այն պատճառով չեն հաջողվել նախկինում: Բայց բացառելը, որ նախկինում չեն ստացվել՝ հիմա էլ չի ստացվի, ինքդ քեզ ինքնահրկիզման դատապարտելուն հավասարազոր է»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ