ՀԿՆ-ՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ Նոյեմբերի 27֊ի հանրաքվեի ողջ նախապատրաստական գործընթացը եւ մասնավորապես՝ քվեարկության ընթացքն ու արդյունքների ամփոփումը մի անգամ եւս եւ անորոշ ժամանակով հետաձգեցին մեր երկրում հասարակական համաձայնության ձեւավորումը։ Քվեարկությանը հաջորդած տարատեսակ, իրար հակասող, զուտ քաղաքական տրամաբանություն ունեցող մեկնաբանությունները եւս անպատասխան թողեցին հայաստանյան հասարակության բազմաթիվ հարցականները։ Հայաստանի մի շարք հասարակական կազմակերպություններ՝ կարեւորելով ժողովրդավարական ընտրական համակարգի կայացումը, արժեւորելով մարդու իրավունքների ու ազատությունների իրական պաշտպանությունը, ինչպես նաեւ իրավական պետության հաստատման անհրաժեշտությունը՝ – կոչ են անում բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին, մտավորականներին՝ միավորվել կատարած խախտումները բացահայտելու, ինչպես նաեւ օրինախախտներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու պահանջի շուրջ, – պահանջում են հանրաքվեի Կենտրոնական հանձնաժողովից՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրամադրել հանրաքվեի օրը բոլոր ընտրատեղամասերում քվեարկության մասնակիցների վերաբերյալ տեղեկություն (մատյանների պատճեններ), – համոզված են, որ քաղաքական եւ հասարակական ուժերը անմասն չեն մնա հանրաքվեի արդյունքների եւ հետեւանքների՝ իրենց կողմից նախաձեռնվելիք քննարկումներին։ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոն «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն» «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Հայաստանի կոմիտե «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակ «Միջնաբերդ» «Երիտասարդ պահպանողական» «Երիտասարդությունը հանուն ժողովրդավարության» «Գիտական հետազոտությունների եւ հանրային առաջընթացի կենտրոն» 21 դեկտեմբերի 2005թ.