Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԵՌ

Դեկտեմբեր 23,2005 00:00

ԴԵՌ ԲԱԶՈՒՄ ԱՆԱՎԱՐՏ ԳՈՐԾԵՐ ՈՒՆԵՐ ՌԴ-ում հայազգի գործարար Մուրադ Սարգսյանը ռուսական մշակույթի վերակենդանացման գործում անգնահատելի ներդրում ուներ: Ռուսաստանի Դաշնության շինարարության ասպարեզում մեծ ճանաչում ձեռք բերած ու զգալի ավանդ ներդրած հայազգի գործարար Մուրադ Սարգսյանը հայրենիքի բարգավաճման գործում էլ է մեծ ներդրում ունեցել: Նա թե ՌԴ-ում եւ թե հայրենիքում ճանաչված էր որպես բարերար, իր գործի իսկական գիտակ, բարեկիրթ եւ ինտելեկտուալ մարդ, ընտանիքի լավ հայր ու լավագույն ընկեր: Մուրադ Սարգսյանը դեռ բազում անավարտ գործեր, ասելիք ու անելիք ուներ, եթե չլիներ վաղաժամ մահը: Նրա ղեկավարած «Լուսինե» վերականգնողական եւ շինարարական կոնցեռնը կարճ ժամանակահատվածում հասցրել է վստահություն ձեռք բերել ՌԴ իշխանությունների մոտ: Ընկերությունն իր մի քանի տարվա գործունեության ընթացքում վերակենդանացրել եւ Ռուսաստանի ճարտարապետության գանձարան է վերադարձրել պատմական եւ մշակութային արժեք ունեցող մի շարք շենք-շինություններ, ինչպիսիք են՝ «Տրետյակովյան» պատկերասրահը, ժամանակի կործանիչ ազդեցությունից քայքայված «Վոլոեւ» դղյակը, Ռուսաստանի մշակույթի հիմնադրամի շենքը, Գեղարվեստի ակադեմիան եւ այլ պատմական շենքեր: Բարձրակարգ մասնագետների «ոսկերչական» աշխատանքի շնորհիվ ոչ միայն վերականգնվել է պատմական շինությունների նախկին տեսքը, այլեւ հնի ու ժամանակակից ոճերի համադրությամբ դրանք վերագտել են իրենց իրական գեղեցկությունն ու պատմական տեսքը: Ռուսական մշակույթում մեծ ներդրում ունենալու համար հայորդի գործարարը արժանացել է ՌԴ եւ քաղաքային իշխանությունների պատվոգրերի եւ շքանշանների: Ինֆորմատիկայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս-պրոֆեսոր Մուրադ Սարգսյանը ծնվել է 1959 թ. Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղում: Աշխատանքային գործունեությունը սկսել է Քանաքեռի «Ալյումինի» գործարանում՝ որպես փականագործ: Ընդունվել եւ ավարտել է Երեւանի Ժողտնտեսության ինստիտուտը՝ ձեռք բերելով «Ժողովրդական տնտեսության պլանավորում» մասնագիտությունը: Մ. Սարգսյանը ուսանելու տարիներին զուգահեռ, որպես փականագործ-գործիքավոր, աշխատանքի է անցել «Էլեկտրասարքավորումների» գործարանում: Այնուհետեւ տեղափոխվել է Երեւանի «Կերամիկայի արտադրության» գործարան՝ զբաղեցնելով հերթափոխի պետի, այնուհետեւ «Շինանյութի» գործարանում՝ տեղամասի ղեկավարի պաշտոնները: 1990 թ. 19 բարձրակարգ մասնագետների թվում Մուրադ Սարգսյանը հրավիրվում է Մոսկվա՝ «Տրետյակովյան» պատկերասրահի վերականգնողական աշխատանքներին մասնակցելու: Այդ ժամանակաշրջանը համընկնում է ԽՍՀՄ փլուզման տարիների հետ, եւ որպեսզի սկսած գործը կիսատ չմնա, նա հավաքագրում է հայ շնորհալի մասնագետների եւ հիմնադրում «Շինանյութ» կոոպերատիվը՝ ստանձնելով նորաբաց ձեռնարկության տնօրենի պատասխանատու պաշտոնը: 1992-ին էլ Մ. Սարգսյանը հիմնադրում է «Լուսինե» ընկերությունը, որը հետագայում ընդլայնվելով վերածվում է կոնցեռնի՝ շարունակելով սկսած գործը: Օտար ափերում հայորդի գործարարն իր շուրջն է համախմբում հայազգի մասնագետների: Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 100 բարձրակարգ մասնագետներ: Ի թիվս այլ աշխատանքների՝ Մ. Սարգսյանը Մոսկվայում հայկական ճարտարապետական լուծումներով կառուցել է «Արարատ» հյուրանոցը, որն իր շքեղությամբ չի զիջում քաղաքի նմանատիպ շինություններին: Գործարարը Մոսկվայում նախաձեռնել էր նաեւ հայկական տաճարի կառուցումը, որը պետք է լիներ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայկական թեմի առաջնորդի նստավայրը: Այն չնայած դեռեւս կիսակառույց է, սակայն արդեն ծառայում է իր նպատակին: Մուրադ Սարգսյանը մի եկեղեցի էլ իր հայրենի գյուղում է կառուցել: Նա վերականգնել է նաեւ Աղավնաձորում գտնվող Մոմիկի կառուցած եկեղեցիներից մեկը: Մեծ հայորդին իր կյանքի ընթացքում օրինակ է ծառայել բոլորի համար: Վաղաժամ մահվանից հետո էլ նրա ապրած կյանքը ուղեցույց կդառնա շատերին: Մուրադ Սարգսյանը մինչ օրս աշխատել է անմնացորդ նվիրումով եւ պատասխանատվության մեծ զգացումով՝ արժանանալով աշխատակիցների ու հասարակության ջերմ համակրանքին: Աշխատանքային գործունեության ընթացքում նա առանձնացել է իր սկզբունքայնությամբ, կամային հատկանիշներով, անսահման աշխատասիրությամբ ու հայրենասիրությամբ: Մ. Սարգսյանի հիշատակը հավերժ վառ կմնա նրա կոլեկտիվի, ընկերների, ընտանիքի եւ բոլոր ճանաչողների սրտերում: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել