Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԽՄԲՎԵՆՔ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Դեկտեմբեր 23,2005 00:00

ՀՅԴ
Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը ՀՅ Դաշնակցության 115-ամյակի առիթով
ՀՅԴ 115-ամյակի հանդիսավոր տոնակատարության առիթով ցանկանում
եմ մեր խոսքը բաց նամակի տեսքով ուղղել մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության
նախագահին եւ մեր ընկերներին։ Սիրելի՛ հայ ժողովուրդ, ՀՅ Դաշնակցության
բովանդակ ընտանիքի անունից խոսքը քեզ եմ ուղղում, քանզի Դաշնակցության գոյության
պատճառը դու ես։ Դաշնակցությունը ստեղծվել է, որ դու կարողանաս ազատ ու անվտանգ ապրել,
որ դու բարգավաճես մարդկության մեծ ընտանիքում։ ՀՅԴ-ի օրը ուղղակի առիթ է՝
մեր արածի ու անելիքի մասին քեզ զեկուցելու, մեր դիրքորոշումները քեզ հետ կիսելու,
անորոշությունները վերացնելու, քեզանից ուժ ստանալու եւ քեզանով վերանորոգվելու համար։
ՀՅ Դաշնակցությունը ավելի քան 30 երկրներում կազմակերպված ներկայություն ունեցող,
հայ ժողովրդի բոլոր հատվածների մեջ գործող, բազմաբնույթ պարտականություններ եւ պատասխանատվություններ
ստանձնած կազմակերպություն է։ Մենք հայ ժողովրդի հարազատ կազմակերպությունն ենք,
մեր ուժի միակ աղբյուրը հայ ժողովուրդն է։ Հայ ժողովրդի բոլոր հատվածների հոգսերն
ու խնդիրները մերն են։ Մեր զինանոցը հարուստ է, որովհետեւ սնվում է բովանդակ հայ
ժողովրդից։ 2005-ը Հայոց Ցեղասպանության 90-ամյակի տարին էր, միաժամանակ Հայ
Դատի պայքարի առումով՝ կարեւոր հաջողությունների տարի։ Իբրեւ Հայ Դատի աշխատանքների
ծավալման արդյունք՝ հաջողել ենք հայությանը, իր տարագիր զանգվածներով հանդերձ, վերածել
միջազգային ազդու քաղաքական գործոնի եւ Թուրքիային հետապնդել ամենուր, բոլոր ատյաններում,
որտեղ քննվել է Թուրքիային վերաբերող որեւէ խնդիր։ Գոհունակությամբ պետք է
անդրադառնամ մեր Հայ Դատի հանձնախմբերի եւ Հայ Դատի գրասենյակների աշխատանքներին։
Աշխատանքներ, որոնք ընդհանրապես ծառայեցին միջազգային ասպարեզում հայ ժողովրդի ազդեցության
տարածմանը, միջազգային քաղաքական բեմերում մեր հեղինակավոր ներկայության ապահովմանը։
ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն ու գրասենյակները այսօր վերածվել են նաեւ ՀՀ արտաքին
քաղաքականության եւ տնտեսության զարգացման համար միջազգային կարելիությունների ապահովմանը
օժանդակող միջոցի։ Նրանք սերտ համագործակցության մեջ են ՀՀ արտաքին գործոց նախարարության
հետ։ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ ուղղված մեր ճիգերը Եվրոպայում
ընդհանրապես եւ մասնավորաբար Ֆրանսիայում, իսկ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի միջոցով
նաե՛ւ Եվրախորհրդարանի մակարդակում արդյունավորված են։ Մենք հաջողել ենք ամբողջ եվրոպահայությանը՝
իր բոլոր կառույցներով ու միություններով, զորաշարժի ենթարկել՝ հաստատել մեր ներկայությունը
Եվրոպայում։ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը Եվրոխորհրդարանը պայմանավորեց
Հայոց Ցեղասպանության ճանաչումով, ինչը մեզ դեռեւս չհաջողվեց Եվրամիության գործադիր
իշխանության մեջ։ Բայց պայքարը շարունակվում է։ Արձանագրված հաջողությունների
հետ մեկտեղ, մենք կանգնած ենք նաեւ միջազգային մակարդակով կազմակերպված դավադրության
դեմ հանդիման. փորձ է արվում մեր պայքարը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման համար
մղվող պայքարը, զրկել իր քաղաքական բովանդակությունից՝ այն վերածելով պատմական իրադարձությունների
նկատմամբ գնահատականի քննարկման։ Ցեղասպանության հարցը մեզ համար ինքնանպատակ
չէ, այն հայ ժողովրդի արժանապատվության ու իրավունքների վերականգնման, Հայաստանի
Հանրապետության եւ մեր ազգային անվտանգության ապահովման համար մղվող պայքար է։ Ցեղասպանության
հարցի արծարծումը մեզ համար նաեւ հայկական սփյուռքի քաղաքական կազմակերպվածության
եւ ազգային ինքնության պահպանման համար մղվող պայքար է։ Այն չի կարելի առանձնացնել
Հայաստանի եւ Արցախի պետականությունների համար միջազգային վարկ, հեղինակություն եւ
ներկայություն ապահովող պայքարից։ Ցեղասպանության հարցը իր քաղաքական բովանդակությունից
պարպելու դավադրական քայլ էր «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողով» կոչվածը, սակայն
իբրեւ արդյունք մեր բոլորի զգոն ու վճռական կեցվածքի՝ այն համապատասխանեց իր բուն
էությանը՝ վերածվելով Թուրքիայի պետության եւ մի քանի հայերի հաշտության հանձնաժողովի։
Այսօր կարող ենք արձանագրել՝ այդ դավադրությունը վնասազերծված է։ Դավադրությունների
շարքը համալրվում է Ցեղասպանության ճանաչման խնդիրը հատուցման հարցից անջատելու,
այսպես կոչված՝ փոխադարձ մշակութային, գիտական եւ այլ խմբերի այցելություններով ու
հյուրախաղերով հայ ժողովրդի պահանջատիրական պայքարի մեջ բեկում մտցնելու փորձերով։
Մենք կողմ ենք ժողովուրդների բարեկամությանը։ Նաեւ դեմ չենք թուրք ժողովրդին, մեր
պայքարը Թուրքիայի պետության հակահայ քաղաքականության դեմ է։ Այդ հարաբերություններով
Թուրքիան հետապնդում է քաղաքական նպատակներ՝ նա ցանկանում է հաչս հանրային կարծիքի
թողնել այն տպավորությունը, թե երկու ժողովուրդների մոտ սկսվել է բարեկամության գործընթաց,
եւ պետք չէ այն խոչընդոտել Ցեղասպանության հարցի արծարծումով։ Այս եղանակով նա կոչ
է անում պետություններին եւ միջազգային հանրությանը՝ չարծարծել Հայոց Ցեղասպանության
հարցը եւ դադարեցնել իր նկատմամբ ճնշումները։ Թուրքիան, ինչպես անցյալում,
այսօր նույնպես շարունակում է իր թշնամական քաղաքականությունը հայ ժողովրդի ու Հայաստանի
Հանրապետության նկատմամբ, իսկ որոշ շրջանակներ փորձում են մեր ժողովրդին մղել ապաքաղաքական
կեցվածքների Թուրքիայի կեղծ ու դավադիր նախաձեռնությունների նկատմամբ։ Սիրելի՛
ժողովուրդ, անհրաժեշտ է շարունակե՛լ պայքարը։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Մերժի՛ր այն
ամենը, ինչով քեզ կվերագրվի ուրացումի ամոթը, մի՛ հավատա բոլոր նրանց, ովքեր անկարող
են տեսնել մեր անվտանգության ու Թուրքիայի կողմից Ցեղասպանության մերժման կեցվածքի
միջեւ առկա ուղիղ կապը։ Հայ Դատի պայքարում նոր խնդիր է Արեւմտահայաստանում
եւ Թուրքիայի ողջ տարածքում հայ ժողովրդի մնացորդացի մարդկային եւ ազգային իրավունքների
եւ ժառանգության պաշտպանության հարցը, որը նոր ճանաչողություն, ուժ եւ կամք է պահանջում
բոլորիցս։ Սիրելի ժողովուրդ, մեզ համար Հայ Դատի պայքարի եւ հայ ժողովրդի
ուժի ձեւավորման հարցերի հետ ուղղակի առնչություն ունի մեր ժողովրդի սփյուռքյան հատվածը,
սփյուռքի օրակարգն ընդհանրապես։ Սփյուռքը մեզ համար ուժի, հզորության, կարելիությունների
աղբյուր է։ Անհրաժեշտ է ծրագրված աշխատանք Սփյուռք-Հայրենիք համարկումի առումով։
Սփյուռքը այսօր նոր իրողությամբ է ներկայանում մեզ, Սփյուռքի հատվածների ներքին համարկման
համար եւս անհրաժեշտ է ծրագրված աշխատանք։ Մենք պարտավոր ենք, մեզ գերազանցելով,
ազգային կազմակերպական ցանցի մեջ առնել հայ ժողովրդի բոլոր հատվածներին, որոնք ինչ-ինչ
պատճառներով դուրս են մնացել հայ ժողովրդի կազմակերպվածությունից։ Պետք է մոտենալ
այդ հատվածներին, պետք է նրանց տալ ինքնակազմակերպման հնարավորություն՝ մեր գիրկը
լայն բացելով նրանց առջեւ։ Հայ ժողովրդի այդ կարեւոր հատվածներից են նախկին խորհրդային
հանրապետություններում հաստատված հայությունն ու մասնավորաբար Սեւ Ծովի ափերին ապրող
համշենահայությունը, որի վերաբերյալ թե Հայաստանում եւ թե Սփյուռքում պատկերացումները
խիստ աղոտ են։ Ճանաչողական այս բացը ինչ-որ չափով լրացնելու նպատակով հոկտեմբեր ամսին
Սոչի քաղաքում կազմակերպվեց Համշենահայության հարցերին նվիրված գիտաժողով, որը բացահայտեց
գիտաճանաչողական եւ կազմակերպական աշխատանքների մի մեծ ասպարեզ։ Համշենահայությունը
հայ ժողովրդի կարողականության մաս է կազմում եւ պետք է գործնականում եւս այն մաս
կազմի հայ ժողովրդի ուժին։ Սիրելի՛ հայ ժողովուրդ, վերջին 9 դարերի քո պատմության
ընթացքում, Հայաստանի Անկախ պետականության վերականգման հետ, ամենամեծ նվաճումը եղել
է Արցախի ազատագրումը, որի համար մեծ գին ես վճարել։ Պահենք մեր զգոնությունն ու
վճռականությունը, որպեսզի կարողանանք վերջնականորեն արձանագրել Արցախի ազատագրության
փաստը պատմության էջերում։ Մեկ անգամ եւս հաստատենք, որ Արցախի հարցը պետք է իր իրավական
ձեւակերպումը գտնի այսօրվա փաստացի սահմանների ու ազգային ինքնորոշման սկզբունքի
հիման վրա։ Արցախի հարցի որեւէ լուծում պետք է վերջնական համարվի հայ ժողովրդի կամքի
ուղղակի արտահայտությամբ, այն չպետք է վերածվի ներքին առճակատման հարցի։ Ազգի
յուրաքանչյուր հատվածի հարցը բովանդակ ազգի հարցն է, այն չի կարող ազգի, նրա քաղաքական,
հասարակական կազմակերպությունների ու հոսանքների եւ յուրաքանչյուր հայի կողմից անտեսումի
ու անտարբեր վերաբերմունքի արժանանալ։ Ինչ խոսք՝ որեւէ հատվածի հարց չի կարող ավելի
ծանր կշռել, քան ընդհանուր ազգի հարցը։ Ջավախքի հարցը հայ ժողովրդի հարցն է, մի քանի
տարի առաջ Ջավախքի հարցի բարձրաձայնումով մենք նպատակ ունեինք այն դարձնել Վրաստանի
օրակարգի մաս։ Այսօր կարող ենք փաստել, որ հաջողություններ ունենք նաեւ այստեղ։ Ջավախահայությունը
պատրաստակամ է ու պահանջատեր, նա ցանկանում է ինքնավարություն, մենք ջավախահայության
պահանջատիրության կողքին ենք։ Ինքնավարության պահանջը Վրաստանից անջատման պահանջ
չէ, այն Վրաստանի դեմ պայքար չէ, այլ Վրաստանի հզորացման, կայունության համար իսկ
մղվող պայքար է։ Ջավախքցին գիտակից է Հայաստանի Հանրապետության այսօրվա կաշկանդումներին։
Նա գիտակցում է, որ Հայաստանի համար գրեթե նույնքան կարեւոր է Վրաստանի քաղաքական
կայունությունն ու զարգացումը, ինչքան այն կարեւոր է Վրաստանի համար։ Ջավախքցին ցանկանում
է մաս կազմել Վրաստանի կայունության պահպանման ու զարգացման ճիգերին, սակայն իրավազրկված
այսօրվա վիճակում, իբրեւ Վրաստանի երկրորդ կարգի քաղաքացի, նա ցանկության դեպքում
էլ չի կարող ինտեգրվել Վրաստանին։ 200 հազար հայ բնակչություն ունեցող Ջավախքը պահանջում
է այնպիսի ինքնավարություն, ինչպիսին Վրաստանը վերջերս առաջարկեց 40 հազար հաշվվող
օսերին։ Ջավախքի ինքնավարության պայքարը չպետք է ընթանա առճակատման ուղով,
առճակատումը չպետք է պարտադրվի Ջավախքին։ Մասնավորաբար պայքարի զարգացման այս հանգրվանում,
հաչս միջազգային՝ դեռ բավարար չափով չիրազեկված հանրության, Ջավախքի արդարացի պահանջը
մերժող Վրաստանի որոշ շրջանակների ձեռնտու է հարցի կանխահաս պայթեցումը, ուստի մենք
մերժում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք փորձում են առճակատման ուղի դուրս
բերել Ջավախքի ինքնավարության պայքարը։ Պետք է զգուշանալ բոլոր այն քայլերից, որոնք
կամա-ակամա ջուր են լցնելու այս ջրաղացին։ Ջավախքը չի քայլում եւ չպետք է
քայլի առճակատման ճամփով, եւ առճակատում չպետք է պարտադրվի Ջավախքին։ Հայրենի Ջավախքը
մեր Հայրենիքի, մեր հոգու ու սրտի բեկորն է, այն իր պայքարում առանձին չի մնալու,
բովանդակ հայ ժողովուրդը նրա կողքին է, նրա թիկունքին։ Սիրելի ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետությունը միշտ եղել է եւ է՛ մեր հույզերի ու երազանքների հիմնական
կռվանն ու ապավենը, ուր ամեն մի դրական երեւույթ մեր աչքի լույսն է, իսկ ամեն մի
բացասականը՝ մեր սրտի ցավն է ու վերքը։ Հայրենիք, որտեղից ակամա երկար տարիներ բացակա
ենք եղել, գեթ՝ կազմակերպականորեն, սակայն վերադարձել ենք հարազատի պես, իբրեւ տեր՝
տիրոջ պատասխանատվությամբ, ու իբրեւ ծառա՝ ծառայի նվիրվածությամբ։ Անցած 15
տարիների ընթացքում երկար ճամփա ենք կտրել. մասնակցություն Արցախի ազատագրական պայքարի,
Արցախի անկախության ու բանակի կերտման գործին, պայքար ժողովրդավարական եւ ազգային
պետականության ստեղծման համար։ Տեսել ենք հալածանք ու բռնություն… Բայց
հաղթահարել ենք դժվարություններն ու տեր ենք մեր պատասխանատվությանը։ Սիրելի՛
ժողովուրդ, Ազգային Ժողովի անցած ընտրություններում մենք արժանացանք քո 11% վստահության
քվեին, առնվազն այդքան արձանագրվեց մեր անունով, սակայն այսօր դու իրավացիորեն մեզանից
պահանջում ես 100%-անոց արդյունք։ Արդարեւ, մեր դերակատարության եւ ազդեցության
չափը ՀՀ-ի քաղաքական, պետական կյանքում շատ ավելի մեծ է եղել, քան ստացած քվեների
տոկոսը։ Նույն խստապահանջությունը մենք եւս ունենք մեր նկատմամբ, սակայն մեր դերակատարությունը
պետք է քննարկել ոչ թե աղմկարարության չափով, այլ՝ իրական արդյունքով։ Սիրելի՛
ժողովուրդ, գիտեմ՝ այսօր որոշ շփոթի ու տարակուսանքի մեջ ես՝ թե ինչո՞ւ ենք մաս կազմում
կոալիցիային։ Դու ցանկանում ես, որ մենք, մեզ խնայելով, փրկենք քո հույսը. բայց մենք
հենց քեզ համար ենք ստանձնել այս պատասխանատվությունը։ Միջազգային ու տարածաշրջանային
քաղաքական նոր զարգացումների, տարածաշրջանում քաղաքական ազդեցության դաշտերի վերաձեւավորման,
գունավոր հեղափոխությունների հրահրման պայմաններում մենք ետեւում թողեցինք 2003 թվականի
ընտրությունները։ Հայ-թուրքական եւ Արցախյան հիմնահարցերի առկայությունը միջազգային
քաղաքական այս իրավիճակում առավել կարեւոր էին դարձնում երկրի քաղաքական կայունության
պահպանման հարցը։ Կայունության չափով էր պայմանավորված արտաքին ազդեցությունների
ու միջամտությունների չափն ու տարողությունը. մեր ներկայությունը իշխանության կողքին
կարեւոր չափով նպաստեց երկրի կայունության պահպանմանը։ Իսկ մյուս կողմից՝
ՀՀ-ում ձեւավորման իր ժամանակը չբոլորած քաղաքական դաշտի իրականությունը, իր բոլոր
դրսեւորումներով՝ որոշների կողմից իշխանական աթոռներին տիրանալու հիվանդագին մարմաջ,
օտարին տրվելու տրամադրությունները, մեզ ստիպեցին կանգնել իշխանության կողքին, որպեսզի
բեկում չմտնի երկրում առկա զարգացման ընթացքի մեջ, որպեսզի մեր երկիրը եւ քո ապագան
զերծ պահենք նորանոր ցնցումներից, նահանջներից։ Որպեսզի անշրջելի դառնա 1998 թվականին
սկիզբ առած ազգային քաղաքական ուղեգիծը։ Մաս կազմեցինք իշխանությանը՝ քաջ
գիտակցելով, որ երկրի կայունությունը կարելի է երաշխավորված համարել միայն այն ժամանակ,
երբ իշխում է արդարությունը. իսկ երկրի զարգացումը կարող է իրական եւ արդյունավետ
լինել, եթե այն չի ընթանում կոռոպցիայով ականապատված դաշտի միջով, եթե մթնոլորտը
հագեցած չէ արտոնյալների անպատժելիության ու ամենաթողության երեւույթներով։ Մենք
մաս կազմեցինք իշխանությանը, որպեսզի իրական պայքար մղենք բոլոր տեսակի հոռի երեւույթների
դեմ։ Գուցե շատ բան չենք հաջողել, սակայն հաստատ ավելին ենք արել, քան անարդյունք,
հայհոյախառն ամբոխավարությունն է։ Մենք չենք կարող եւ չենք հաշտվել բացասական այս
երեւույթների հետ եւ պայքարը շարունակելու ենք։ Ընդդիմադիր որոշ ուժերի կենսագրությունը,
նրանց գաղափարական եւ ծրագրային հենքի բացակայությունը, ամեն գնով իշխանության հասնելու
կույր մոլուցքը, ազգային կարեւոր հարցերի նկատմամբ հստակ դիրքորոշումների չգոյությունը,
ազգային անվտանգության նկատմամբ անպատասխանատու կեցվածքները, սեփական ժողովրդի զորակցությունը
փնտրելու փոխարեն առաջին իսկ առիթով օտարի գիրկը նետվելու պատրաստակամությունը, մեզ
համար ռիսկային է դարձնում ամեն մի քայլ, որ կարող է խախտել քաղաքական հավասարակշռությունը՝
ի նպաստ այսպիսի ընդդիմության, գեթ՝ հրապարակում աղմկող որոշ ընդդիմադիրների։ Սիրելի
ժողովուրդ, մենք քո բնազդը քաղաքականության ենք վերածել. դու եւս մերժել ես ծայրահեղությունը,
դու եւս մերժել ես ցնցումներով առաջ գնալու գործելաոճը, դու եւս մերժել ես օտարի
ուժով, բայց քո անունով մեզ վիճակ պարտադրելու նկրտումները։ Ժամանակն է, որ սթափվի
նաեւ ընդդիմությունը։ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ. Գուցե
շատ անսովոր է հրապարակով ասված խոսքս այս ձեւակերպումով հնչեցնելու հնարքը, բայց
ցանկանում եմ արդեն հաճախակի դարձած մեր հանդիպումների ընթացքում արծարծված հարցերը
բարձրաձայնել։ Դա պետք է բոլորիս։ Պարոն նախագահ, մեր համագործակցությունը
սկիզբ է առել դեռ 90 թվականից, երբ խորհրդային կարգեր էին Արցախում։ Մենք միասին
պայքարում էինք նաեւ դրանց դեմ, թեպետ դուք ՀՀ-ի օրվա նախագահի հետ էիք, իսկ մենք՝
նրա դեմ, բայց ավելի ճիշտ՝ ոչ դուք էիք նրա հետ, եւ ոչ էլ մենք էինք նրա դեմ, այլ
միասին Արցախի հետ էինք, նրա համար էինք պայքարում՝ մեր զանազանություններով հանդերձ։
Մեր համագործակցության առանցքը, մղիչ ուժը եղել է Արցախը, Արցախի ազատագրական
պայքարը, մեր հաղթանակը վերջնականորեն ամրագրելու հաստատակամությունը, կամքը։ Բայց
միայն Արցախով եւ Արցախյան ազատագրական պայքարի մեջ Ձեր դերակատարության փաստով չի
սահմանափակվում մեր համագործակցության շարունակականությունը, այն պայմանավորված է
նաեւ ազգային հարցերում մեր տեսակետների նմանությամբ. Ցեղասպանության միջազգային
ճանաչում, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններ, երկքաղաքացիության հարց եւ այլն։
1998 թվի իշխանափոխությունից հետո իշխանության մեջ ազգային պետական գլխավոր
հարցերում Ձեզ ենք համարել մեր դաշնակիցը։ Մեր համագործակցության հիմնական պատճառներից
մեկը եղել է այն, որ Դուք այդ ուղու մեջ չմնաք մենակ։ Անցած տարիների մեր
համագործակցությունը անցել է դժվարին ճանապարհ։ Այդ ճանապարհի վրա պայթեցրել են ականներ.
հիշենք Հոկտեմբերի 27-ը, խորհրդարանական ու նախագահական ընտրությունները ու մեր զինակիցներից
ոմանց պահվածքը՝ պատեհապաշտություն, վախկոտություն, «արջի ծառայություն»… սակայն
անցածը անցած է։ Դժվար օրերին եղել ենք իրական ընկեր եւ գուցե այդ պատճառով
չենք վարանել միշտ եւ ամենուր, դեմ դիմաց ու բարձրաձայն ասել ճշմարտությունը։ Նույնը
պետք է անեմ նաեւ այսօր։ Անցած 7 տարիներին, երբ եղել եք նախագահ, եւ մենք
եղել ենք Ձեր կողքին, հաջողվել է Արցախի հարցում ոչ մի զիջում չարձանագրել, Ցեղասպանության
միջազգային ճանաչման հարցում հաջողություններ ունենալ, Թուրքիայի նախապայմանների
նկատմամբ գլուխ չծռել, Սփյուռք-Հայրենիք հարաբերություններում առաջընթաց ունենալ,
Ջավախքի նկատմամբ ցուցաբերել հարազատի կեցվածք։ Անցյալում են մնացել մութ
ու ցուրտ օրերը, կասեցվել է համընդհանուր հետընթացը, առկա է տարիներ ձգվող տնտեսական
կայուն աճ, պետական բյուջեն կրկնապատկվել է, կյանքը վերաշխուժացել է, դրական առաջընթաց
կա։ Ով ինչ ուզում է՝ թող ասի, բայց Սահմանադրության փոփոխված տարբերակը երկիրը
ժողովրդականացնելու, իշխանության ճյուղերը լիարժեք տարանջատելու եւ հակակշիռների
մեխանիզմներով օժտելու մեծ հնարավորություններ է տալիս։ Մնում է վճռականություն եւ
կամք՝ օգտվելու այդ հնարավորությունից։ Մենք ուղղակի պարտավոր ենք ժողովրդավարության
առումով տարածաշրջանում առաջին դիրքերում լինել։ Այսքանը՝ լույսի մասին, սակայն
մեր երկրում համենում է նաեւ ստվերը։ Պրն նախագահ, ՀՅԴ-ի համար մերժելի է
անարդարությունը՝ անկախ այն բանից, թե այն ո՛ւմ կողմից եւ ո՛ւմ դեմ է իրականանում։
Մեր ժողովուրդը 9-դարյա օտարի բռնիշխանության հետ է նույնացրել անարդարությունը եւ
այսօր՝ անկախ պետականության պայմաններում, իրավացիորեն չի կարողանում հանդուրժել
անարդարության ցանկացած դրսեւորում։ Իսկ այսօր մեր երկրում՝ ազատ ու անկախ
մեր հայրենիքում, որի նախագահը Դուք եք, ու մենք՝ Ձեր կողքին, անարդարություն կա.
դրա համար մենք եւ Դուք պատասխանատու ենք։ Անարդարության պատճառ-հետեւանքներն
են՝ երկրում առկա կոռուպցիան, աղքատությունը, անպատժելիության մթնոլորտը։ Այսօր կոռուպցիայի
ու աղքատության դեմ իրական ծրագրված պայքար գրեթե չկա երկրում, Դուք եւ մենք մեր
նախընտրական ծրագրերում շատ ենք խոսել այդ մասին, պարտավոր ենք հասարակությանը տեսանելի,
լուրջ, իրական հույս ներշնչող քայլեր ձեռնարկել։ Մենք միշտ պատրաստ ենք եղել ու պատրաստ
ենք այդ ճանապարհին պատասխանատվություններ ստանձնելու։ Կոռուպցիայի դեմ պայքարում
մեր առաջարկությունները՝ անկախ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներից
կազմված մարմին ձեւավորելու վերաբերյալ, որն ի վիճակի լիներ վերահսկողության տակ
առնելու գործադիր իշխանությանը, ձեւախեղվեց եւ, փաստորեն, անարդյունավետ մեկ մարմնի
վերածվեց։ Իսկ նվազագույն աշխատավարձը սպառողական նվազագույն զամբյուղին համապատասխան
կարգավորելու մեր օրենսդրական նախաձեռնությունը, որը հաստատվեց Ազգային Ժողովի կողմից,
«անհասկանալիորեն» մնաց թղթի վրա։ Դաշնակցությունը արդարության համար պայքարող
ազատամարտիկների կազմակերպություն է, մենք հաստատակամորեն շարունակելու ենք պայքարը
աղքատության ու կոռուպցիայի դեմ։ Մեր կյանքում անարդարություն կա, եւ դա ոչ
միայն այն պատճառով, որ օրըստօրե բեւեռանում է մեր հասարակությունը, խորանում են
դասակարգային բաժանումները, հարուստը ավելի ու ավելի է հարստանում, իսկ աղքատը անհուսալիորեն
ողորմություններից է կառչած մնում, այլ նաեւ այն պատճառով, որ անարդարություն կա
մեր կենցաղո՛ւմ, մեր ամենօրյա՛ կյանքում։ Ժամանակն է մատը վերքի վրա դնելու։ Վաղուց
ի վեր մեր հասարակությունը վերածվել է երկու անհավասար շերտերի. մի շերտը «արտոնյալների»
այն խավն է, որ վայելում է իշխանությունների ամբողջական զորակցությունը, մոտ է նրանց
եւ հովանավորվում է նրանց կողմից։ Իսկ մյուս խավը՝ մեծամասնության խավը, հիմնականում
զուրկ է պետական հոգատարությունից, անպաշտպան է ու լքված։ Չցանկանալով ստեղծել
համընդհանուր տպավորություն՝ սակայն չեմ կարող չհիշատակել, որ, այսպես կոչված, արտոնյալների
շարքերը կազմում են մի շարք օլիգարխներ, թաղային հեղինակություններ, չինովնիկներ
ու իշխանիկներ։ «Արտոնյալներ», որոնց համար մատչելի է պետական պաշտոնը, սեփականաշնորհման
բարիքները, մաքսային ու հարկային անօրինական դյուրություններն ու կարելիությունները,
ինչի շնորհիվ նրանք հայտնվում են անմրցելի դիրքերում, հասարակությունից վեր ու հասարակության
դեմ կարգավիճակում։ Արտոնյալներ՝ շրջապատված «թիկնապահներով», որոնք միշտ
չէ, որ կոչված են իրենց պաշտպանյալի անվտանգությունը ապահովելու, այլ հաճախ նրանց
կամայականությունները գործադրելու՝ սովորական ժողովրդի, ես կասեի՝ անպաշտպանների
նկատմամբ բռնություն կիրառելու։ Եվ նրանք իրենց անօրինական արարքների համար անպատիժ
են մնում, չեն պատժվում։ Տեղին է նշել, որ թիկնապահական գործը օրենքով կարգավորելու՝
ԱԺ մեր խմբակցության օրենսդրական նախաձեռնությունը, որին, ի դեպ, պրն նախագահ, Դուք
եւս տվել էիք Ձեր նախնական համաձայնությունը, մերժվել է կառավարության կողմից, այն
կառավարության, որին մաս ենք կազմում մենք եւս եւ որի հետ պատասխանատվություն ենք
կրում նաեւ, այսպես կոչված, թիկնապահների անօրինական գործողությունների համար։ Երկրի
մեծամասնություն կազմող անպաշտպաններին մնում է լռել՝ ի տես անարդարության, կամ օրենքով
սահմանված իրենց իրավունքները պաշտպանել կաշառքով ու հովանավորչությամբ։ Նրանցից
որոշները, եթե «վերեւներում» ունեն կապեր ու ծանոթություններ, նրանց հովանավորչության
շնորհիվ ու նրանց պարտական մնալով՝ կարողանում են ձեռք բերել պետական պաշտոններ,
տիրանալ սեփականաշնորհման փշրանքներին, զերծ մնալ կամայականություններից։ Հովանավորչությամբ
են լուծվում շատ ու շատ հարցեր, եւ առավելաբար այդ իրողություններն են, որ ստեղծում
են անարդարության մթնոլորտ։ Սա առավել անհանդուրժելի է, քան սոցիալական-տնտեսական
դժվարությունները։ Այս երեւույթները յուրաքանչյուր քաղաքացու առօրյա կյանքն են դառնացնում։
Պետք է սթափվել։ Պրն նախագահ, այս երեւույթները Ձեր իշխանության օրոք չեն
ստեղծվել, Դուք ու մենք այն ժառանգել ենք անցյալից, բայց նրանք շարունակվում են նաեւ
մե՛ր օրոք. մենք պարտավոր ենք ծրագրված, կազմակերպված պայքար ծավալել երկրում կարգապահություն
ու օրինականություն, անաչա՛ռ կարգապահություն ու օրինականություն հաստատելու համար՝
մեր պաշտպանության ու հոգատարության սահմանների մեջ առնելով մեր ժողովրդի բոլոր շերտերին,
բոլոր-բոլոր քաղաքացիներին։ Պրն նախագահ, լույս ու ստվերի այս համայնապատկերի
մեջ մենք հույսով ենք համակված։ Այժմ ՀՀ-ում լուսաբաց է, մեր կամքի ու գործի սփռումով
ստվերը պետք է չքանա։ Պրն նախագահ, Դուք եւ մենք եւ մեզ նման շատ-շատերը զենք
են վերցրել՝ Արցախում արդարության վերականգնմանն ի խնդիր, շարունակենք մեր պայքարը՝
մեր կյանքում եւս արդարություն հաստատելու համար։ Դաշնակցության սիրելի ընկերներ,
Մենք բոլորս երդվել ենք մեր պատվով ու հայրենիքով՝ ծառայել Հայաստանի ու հայության
ազատագրության դատին։ Մեզ միմյանց միացնող շաղախը մեր ընդհանուր գաղափարն է ու հետապնդվող
նպատակը։ Ներկա ժամանակահատվածում, երբ նյութականն ու անհատական շահը հաճախ
վճռորոշ նշանակություն ունեն քաղաքական ու ազգային հարցերի դիրքորոշման հարցերում,
երբ կուսակցություններ են ձեւավորվում անձերի ու դրամի շուրջ, երբ մարդիկ անդամագրվում
են այս կամ այն կազմակերպությանը զուտ անձնական շահերից ելնելով, որոշ անձերի կարիերային
ծառայելու, անձի, իմա՝ լիդերի ճշտած ուղով ընթանալու համար, նման պայմաններում Դաշնակցությանն
անդամագրվելը առաքելություն է, պարտավորություն ու հպարտություն։ Մենք՝ դաշնակցականներս,
որեւէ անձի կամ էլիտայի հետեւորդներ չենք, մենք կայացած ու կազմակերպված կուսակցության
անդամներ ենք։ Մեր պայքարը դյուրին էր, երբ կռիվ էր Արցախի ազատագրության համար,
երբ իշխանություն չէինք, ու մեր բաժին պատասխանատվությունը սահմանափակ էր։ Այսօր
մեր պայքարը շատ ավելի դժվար է, եւ յուրաքանչյուրիս դերակատարությունն ու պահվածքը
թե՛ կազմակերպության եւ թե՛ հասարակության մեջ հույժ կարեւոր է ու վճռորոշ։ Բարոյական
հարցերում թե՛ մեր անձի եւ թե՛ պետական ու կուսակցական դիրքեր զբաղեցնող մեր ընկերների
նկատմամբ ցուցաբերված խստապահանջությամբ մենք կարող ենք երաշխավորել մեր կազմակերպության
անշեղ ու նպատակասլաց ընթացքը։ Սիրելի՛ ընկերներ, մեր գործը երկար ժամանակ
այսքան ընդգրկուն, այսքան տարածված, այսքան պատասխանատու չի եղել։ Խտացնենք մեր շարքերը
ազգային, համամարդկային արժեքներին հավատացող եւ դրանց համար հանձնառություններ ստանձնող
նոր անդամներով։ Վերջում կրկին խոսքս ուղղում եմ մեր ժողովրդին՝ կոչ անելով.
միացե՛ք Դաշնակցությանը, համախմբվե՛ք Դաշնակցության շուրջ, որպեսզի մեր երթը շարունակվի
հայ ժողովրդի հաղթանակներով։ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել