Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ համայնքային ծրագիր՝ ուղղված ջրամատակարարման բարելավմանը

Դեկտեմբեր 23,2005 00:00

Հաճախ
կարելի է լսել այն մասին, որ բազմաբնակարան շենքերում ջրամատակարարման եւ ջրահեռացման
համակարգի վթարայնության դեպքում բնակիչները հայտնվում են անելանելի վիճակում, քանի
որ այն վերականգնելու պարտավորությունը ոչ ոք իր վրա չի վերցնում: Մի
կողմից բողոքում են Ջրմուղից, մյուս կողմից՝ համատիրությունից: Ո՞վ է պատասխանատու
այդ աշխատանքների կատարման համար: Այս եւ հարակից հարցերի շուրջ պարզաբանումներ
է ներկայացնում «Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման
ծրագրի» Ուրբան ինստիտուտի խորհրդատվական խմբի ղեկավար Կամո Խաչատրյանը: –
Նախ, համաձայն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի՝ բնակարանատերերը,
որպես ընդհանուր բաժնային սեփականատեր, իրավունք ունեն տիրապետել, օգտագործել, տնօրինել
ընդհանուր բաժնային սեփականությունը՝ նկուղները, ձեղնահարկը, տանիքը, մուտքերը, աստիճանավանդակները,
նաեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման ներքին ցանցը, իսկ առաջացած թերությունների
դեպքում՝ պետք է վերացնեն դրանք։ Տվյալ դեպքում եթե խոսում ենք ջրամատակարարման մասին,
շենքի մուտքագծի արտաքին ջրաչափից արդեն ջրամատակարարման համակարգի կառավարումն իրականացնում
են բնակարանատերերը։ Եվ քանի որ համատիրությունը, ըստ օրենքի, հենց բնակարանատերերի
կողմից ընդհանուր բաժնային սեփականությունը կառավարելու նպատակով ստեղծված կառույց
է, ապա նշյալ հատվածում խնդիրները վերացնելու համար պատասխանատու են բնակարանատերերը՝
ի դեմս համատիրության կամ շենքի կառավարման այլ մարմնի։ Կարեւոր է, երբ կողմերը
գիտեն եւ պարտաճանաչ կատարում են իրենց իրավունքները եւ պարտականությունները։ Սակայն
ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում հասկանալի է բնակիչների մտահոգությունը, երբ
ամեն մի վթարի վերացման համար պահանջվում են մեծ գումարներ։ Ընդառաջ գնալով Երեւանի
անվճարունակ բնակիչներին, արդեն երկու տարի իրականացվում է «Համատիրությունների վրա
հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագիրը», որն աննախադեպ է աշխատանքների
ծավալով, շահառուների ընդգրկման թվով ու արդյունավետությամբ։ Գտնում եմ, որ այն աջակցություն
է ջրամատակարարման ծառայության հետ առնչվող բոլոր կողմերին։ – Ի՞նչ ասել է
«աննախադեպ»։ Ի՞նչ խնդիրներ են դրված ծրագրի առջեւ։ – Ծրագիրն աննախադեպ է,
քանի որ արդեն ընդգրկել է Երեւան քաղաքի ավելի քան 2700 բազմաբնակարան շենք, որից
1694-ում պետք է իրականացվեն վերանորոգման աշխատանքներ: Սա օժանդակություն է շուրջ
8000 սեփականատերերի: Իսկ ավելի քան 1050 շենք սպասում է մրցույթի մասնակցության
իր հերթին: Ծրագիրն աջակցել է ավելի քան 2200 անապահով ընտանիքների՝ նրանց բնակարաններում
անվճար տեղադրելով ջրաչափական սարքեր: Այսօր մեր բնակարանային ֆոնդը գտնվում է տեխնիկական
շատ վատ վիճակում՝ մաշված ջրամատակարարման եւ ջրահեռացման խողովակներ, որոնք վթարների
ամենօրյա վտանգի առաջ են, շենքի կայունությունը վտանգող խոնավ նկուղներ, եւ խնդիրներ
ու խնդիրներ: Ինչպես արդեն ասացի, այս խնդիրների լուծմամբ պետք է զբաղվի համատիրությունը:
Շենքերը, հիմնականում, ունեն կառավարման մարմիններ, սակայն համակարգը դեռ կայացած
չէ: Պատճառը ոչ միայն տեխնիկական է. կա նաեւ իրենց իրավունքների եւ պարտականությունների
մասին իրազեկվածության ու փորձի պակաս, բաց դաշտ գործընկերային հարաբերություններում:
Ահա «Համատիրությունների վրա հիմնված քաղաքային ջրամատակարարման կառավարման ծրագիրը»
հնարավորություն է տալիս այս համալիր խնդիրները եթե ոչ լիարժեք լուծել, ապա գոնե
մեղմել: Այսօր արդեն 1000-ից ավելի բազմաբնակարան շենքերում վերանորոգվել եւ ջերմամեկուսացվել
է ջրամատակարարման ներքին ցանցը, որը խնամքով պահպանելու դեպքում՝ կարող է բնակիչներին
անվթար ծառայել շուրջ 15-20 տարի: Ի դեպ, որպես երաշխիք, Ծրագրի իրականացման կարեւոր
պայման է կատարվող աշխատանքներում բնակարանատերերի մասնակցությունը: Ջրակորուստների
կրճատման եւ նկուղներում վթարային իրավիճակները վերացնելու միջոցով՝ ծրագիրը լուծում
է նաեւ շենքերի ամրության խնդիրը, նպաստում բաժանորդներին մատակարարվող խմելու ջրի
ծառայության որակի բարձրացմանը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վերանորոգված
շենքերում կորուստները կրճատվել են շուրջ 50 տոկոսով՝ մեկ շենքի հաշվով խնայելով
մոտ 170 խ/մ ջուր: Դա նշանակում է, որ բնակիչները կարող են ստանալ բարձր ճնշմամբ
ջրամատակարարում, խուսափել շենքի ներսում ջրամատակարար խողովակների վթարներից ու
դրանց արդյունքում ջրի անցանկալի աղտոտումից: Ծրագրի իրականացման կարեւոր խնդիրներից
է Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ընկերության հետ գործընկերային հարաբերությունների զարգացումը,
նաեւ ծրագրի աշխատանքներում բնակարանատերերի մասնակցությունը,: – Խոսեցիք
ջրամատակարարման որակի բարձրացման եւ Ջրմուղի հետ գործընկերային հարաբերությունների
զարգացման մասին: Ի՞նչ կոնկրետ քայլեր են տարվում այդ ուղղությամբ: – Փորձելու
ենք շարունակել ծրագիրը ԵՋԿ ընկերության եւ համատիրությունների միջեւ պայմանագրային
հարաբերություններ զարգացնելու ուղղությամբ: Դեռեւս 2002 թվականից կողմերը փորձում
են աշխատել պայմանագրային հարաբերություններով, սակայն փոխշահավետ պայմանների բացակայության
պատճառով դրանք ժամանակ առ ժամանակ խզվում են: Այսօր Երեւանի 7 համատիրության 21
բազմաբնակարան շենքերում փորձնական ծրագրով գործարկվում է «ԵՋԿ ՓԲԸ-ի եւ համատիրությունների,
բազմաբնակարան շենքի կառավարման այլ մարմինների միջեւ խմելու ջրի մատակարարման եւ
ջրահեռացման դիմաց վճարների հավաքագրման ծառայությունների մատուցման» նոր պայմանագրի
օրինակելի ձեւը: Նախորդ պայմանագիրը ԵՋԿ-ի եւ շենքի կառավարման մարմինների միջեւ
համագործակցության առաջին փորձն էր, որը թույլ տվեց փորձառություն ձեռք բերել միասնական
աշխատանքում: Նոր պայմանագիրը նախատեսում է աշխատանքային առավել լայն դաշտ ու ջրամատակարարման
ծառայության որակի բարձրացման կոնկրետ լուծումներ. շենքում տեխնիկական ջրակորուստների
կրճատում, որն ինչ-որ չափով արդեն բարելավվել է ծրագրի աջակցությամբ իրականացված
վերանորոգումից հետո, եւ առեւտրային կորուստների վերացում (ձախ ջրագծեր, ներբնակարանային
հաշվիչների բնականոն աշխատանքի միջամտություն), որի դեմ լավագույնս կարող է պայքարել
համատիրությունը: Շենքի ներսում ջրակորուստների կրճատումը կբերի ԵՋԿ-ի հասույթի ավելացման,
իսկ համատիրությունն այդ հասույթից կստանա իրեն հասանելիք գումարը, ինչի միջոցով
բնակարանատերերը, համատիրության միջոցով, հնարավորություն կունենան ներդնել այն շենքի
ընդհանուր սեփականության, այդ թվում՝ ջրամատակարարման ներքին ցանցի պահպանմանը: Ըստ
պայմանագրի՝ յուրաքանչյուր բազմաբնակարան շենք դիտարկվում է մեկ առանձին միավոր,
եւ համատիրությունը ԵՋԿ-ի հետ հարաբերվում է այդ շենքի մուտքագծի ջրաչափի ցուցմունքի
համաձայն: Ըստ հաշվարկների, ոչ տեխնիկական կորուստները, այս պայմանագրի գործարկման
արդյունքում կկրճատվեն 25-30 տոկոսով: Նոր պայմանագիրը մշակելիս հաշվի ենք
առել նախորդ պայմանագրի թերացումները: Սակայն փորձնական ծրագրի հաջողությունը կախված
է կողմերի պարտաճանաչ եւ հետեւողական աշխատանքից: Կարծում ենք, որ բնակիչ-բաժանորդների
մասնակցությունը ջրամատակարարման ծառայության դիմաց հավաքագրումների եւ ապօրինի ջրօգտագործումը
բացառելու գործընթացում՝ շատ կարեւոր է: Այդ նպատակով, պայմանագիր կնքելուց առաջ,
կառավարման մարմինը պարտավոր է ստանալ բնակիչների 2/3-ի համաձայնությունը: Սա արդեն
նշանակում է, որ նրանք վստահում են շենքի կառավարման մարմնին եւ մասնակցում են նրա
նախաձեռնություններին: Հունվար-փետրվար ամիսներին, փորձնական ծրագրի արդյունավետությունը
պարզելուց հետո, նախատեսում ենք ընդլայնել ընդգրկված շենքերի թիվը: – Փաստորեն,
ծրագրի նպատակներից է նաեւ աջակցել շենքի կառավարման մարմինների կայացմա՞նը: –
Կարծում եմ՝ կայացած ու աշխատող համակարգի դեպքում միայն կարող ենք խոսել քաղաքացիներին
մատուցվող կումունալ ծառայությունների, շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման
բարձր որակի մասին: Այսօր Երեւանի բազմաբնակարան շենքերի շուրջ 96 տոկոսն ունի կառավարման
մարմին: Սակայն դրանց գործունեության զարգացման համար կարեւոր նախապայման է, որ կողմերն
իմանան իրենց իրավունքներն ու պարտականությունները եւ կատարեն դրանք: Հետեւաբար՝
ակտիվ քայլեր են տարվում բնակիչների եւ համատիրության ղեկավար կազմի տեղեկացվածության
մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այդ նպատակի համար ծրագրի շրջանակներում ստեղծվել
է համատիրությունների աջակցման խորհրդատվական կենտրոն, որն անհրաժեշտ խորհրդատվություն
եւ տեղեկատվություն է տրամադրում: Կենտրոնի խորհրդատվական ծառայություններից օգտվում
են ինչպես բնակարանատերերը, շենքի կառավարման մարմին ստեղծելու նպատակով նախաձեռնող
խմբերը, այնպես էլ բազմաբնակարան շենքերի արդեն ձեւավորված կառավարման մարմնի նախագահները,
հաշվապահները, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Հույս ունենք, որ
այս աշխատանքների արդյունքում աստիճանաբար կհասնենք Հայաստանում պրոֆեսիոնալ կառավարիչների
ինստիտուտի ներդրմանը: Եթե մենք չփորձենք այսօրվանից պահպանել մեր շենքերը, վաղը
լուրջ խնդիրների առաջ կկանգնենք: Դրան կարելի է հասնել միայն արդյունավետ համագործակցությամբ՝
շենքի կառավարման մարմին-սեփականատեր-տեղական ինքնակառավարման մարմին եւ այլ գործընկեր
կողմեր: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել