Ասում
են տանձ, խոսում են խնձորի մասին «Մեկ տարի եւս դատական տարբեր
ատյաններում համառ պայքարից հետո գործը հասավ իր տրամաբանական դրական ավարտին եւ
դարձյալ ֆինանսների նախարարությունը չի ցանկանում կատարել դատարանի վճիռը»,- երեկ
մեզ ասաց որդեկորույս Սեդա Կարապետյանը: Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարության
«Էներգոինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի վարորդ Հովհաննես Հարությունյանի կողմից 2003թ.
մարտի 6-ին վրաերթի էր ենթարկվել Ս. Կարապետյանի որդին՝ Արթուր Հարությունյանը: Սեդա
Կարապետյանը իր միակ որդու կորստից հետո դարձել է 2-րդ խմբի հաշմանդամ: Նրա ապրուստի
միակ միջոցը որդու աշխատավարձն էր: Նախկին մանկավարժը 1997-ից կենսաթոշակառու էր
եւ ստանում էր 5808 դրամ, որով թե ֆինանսների նախարարությունում, թե ընդհանրապես
որեւէ արտոնյալ ԾԻԳ-երում ոչ մեկը չէր կարող գոյատեւել: Ինչեւէ: Այս տարվա հոկտեմբերի
20-ին ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը գործի քննությունն ավարտեց եւ,
ըստ կատարողական թերթի, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հօգուտ Ս.
Կարապետյանի ցմահ պետք է բռնագանձվեր յուրաքանչյուր ամիս 91.360 ՀՀ դրամ, որպես կերակրողին
կորցնելու կապակցությամբ կրած վնասի հատուցում: Նկատենք, որ գումարի բռնագանձման
ժամկետի սկիզբ համարվեց 2003թ. մարտի 6-ը, քանզի ֆիննախը ամեն ինչ արեց, որ վնասը
չհատուցի եւ ցայսօր ձգձգվող դատական նիստերը դրա վառ ապացույցն էին: Ի դեպ, թե վերաքննիչ
դատարանում, թե վճռաբեկում ֆինանսների նախարարությունը իր բողոքը հիմնավորել էր ընդամենն
այս պարզունակ ձեւակերպմամբ. «Նախարարությունն իր անհամաձայնությունն է հայտնում
վճռի դեմ»: Իսկ թե ինչո՞ւ, չէր նշել: Ասենք ի՞նչ հիմնավորման մասին է խոսքը, երբ
նրա պաշտոնական գրություններն ուղղակի ոտնահարում են տուժողի զգացմունքները: Իրականում
չգիտես ինչու իրավական թեմաները լուսաբանող լրագրողի մասնագիտական վարքագծի կանոններում
է պահանջվում հարգել «լսարանի եւ այլ անձանց զգացմունքի» սկզբունքը. «Հատկապես ուշադիր
լինել դժբախտ պատահարները լուսաբանելիս, չոտնահարել տուժողների իրավունքները»: Մինչդեռ
հակառակը պիտի լիներ: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր
գանձապետը ուժի մեջ մտած վճիռը կատարելու փոխարեն, դուրս գալով իր իրավասությունների
շրջանակից, փոխել է վճիռը այսպես. «Բռնագանձման ենթակա գումարի դիմաց տրամադրվելու
է փոխանցելի մուրհակ 2003 թ. մարտի 6-ից մինչեւ 2006թ. մուրհակի տրամադրման օրը»:
Նաեւ ակնարկել էր, թե 2006թ. պետբյուջեի նախագծային մասում կնախատեսվի Կարապետյանի
ամսական գումարները տրամադրելու կարգը: «Մոտ 3 տարի առանց ապրուստի միջոցների մնալուց
հետո, դեռ 2006-ին էլ պետք է մուրհակո՞վ բավարարվեմ, մինչեւ որ 2006թ. պետբյուջեի
ծախսային մասում ինձ համար հատուկ անվանական տող նախատեսեն»,- հարցնում է Ս. Կարապետյանը:
Այդ դեպքում ինչի՞ համար են «չնախատեսված ծախսերի վերաբերյալ» պահուստային ֆոնդերը:
Ցնցող էր գանձապետ Ա. Ջանջուղազյանի պատասխանի այս հատվածն էլ. «Վերը նշված մուրհակը
տրամադրելիս հնարավոր չի լինի դրանց անվանական արժեքների եւ հաշվարկված տոկոսագումարների
հանրագումարը նախատեսել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով»:
Մուրհակի մասին 3 ատյանի դատարաններից որեւէ մեկի վճռում չկա, չի ակնարկվել,
ուրեմն ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը ինքնակամ վճիռը փոխել (բովանդակային
իմաստով) եւ դեռ տվել իր երեւակայական վճռի կատարման այսօրինակ արդարացում. «Տվյալ
տարվա պետական բյուջեով նախատեսված այն մուրհակների վճարման գումարը, որոնց մուրհակատերերը
տվյալ բյուջետային տարում դրանք չեն ներկայացրել մարման, առանձին տողով նախատեսվում
է հաջորդ տարվա բյուջեի ծախսային մասում»: Ի դեպ, առաջարկություններն էլ կարող են
անել ԱԺ պատգամավորները: Ս. Կարապետյանը որդուն է կորցրել՝ միակ, անփոխարինելի կերակրողին,
հետեւաբար նրան պետությունը պարտավոր է փոխհատուցել: Իրավական փոխհատուցումն այն
է եղել, որ բարձրաստիճան հովանավորների շնորհիվ 20-ամյա երիտասարդին կյանքից զրկողը
մեկ օր անգամ չի պատժվել: Ֆիզիկական փոխհատուցումն այն է եղել, որ դարձել է հաշմանդամ:
Նյութական փոխհատուցումն էլ այն է եղել, որ նախարարությունը Բուզանդի փողոց չէ եւ
այդ փողոցի բնակիչ, որ ԴԱՀԿ-ից սարսափի ու դատարանի վճիռները կատարի: «Համառորեն
չեն ցանկանում իմ որդուն սպանելուց հետո ինձ կենսապահովման միջոցներ տրամադրել եւ
ինձ էլ այս ձեւով են փորձում սպանել»,- ասում է Ս. Կարապետյանը: Սակայն ի՞նչ
է շահում պետությունը, ի՞նչ է շահում նրա գրպանում խուտուտ տվող նախարարությունը,
որն անվերահսկելի է դարձել միայնակ տուժողի հարցում: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ