Եթե
իրականացվել է ոչ ժողովրդավարական եղանակով Սա մեջբերում է
նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեն դիտարկող ԵԽ ժամանակավոր հանձնախմբի ղեկավար
եւ զեկուցող Թոմաս Ժիրսայի նախնական զեկույցից, որը նա Վեհաժողովի բյուրոյին է ներկայացրել
դեկտեմբերի 8-ին: Նախնական զեկույցը հիմնված է հանձնախմբի ղեկավարի դիտարկումների
վրա: Եվ նշված է, թե ավելի ուշ կարող են ավելացվել դիտորդական առաքելության այլ անդամների
հավելյալ մեկնաբանություններ, ու զեկույցի լրամշակված տարբերակը կներկայացվի ԵԽԽՎ
բյուրոյի հունվարի 9-ի նիստում: Մեջբերենք որոշ դիտարկումներ 7 էջ կազմող
այս զեկույցից: Քարոզարշավի համար հատկացված ժամանակը գնահատվում է բավական կարճ,
սակայն մեջբերվում է Ռոբերտ Քոչարյանի հավաստիացումը, թե «ջանքեր են գործադրվել,
որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը հասցվի յուրաքանչյուր բնակարան»: Սակայն
պատվիրակությունը տպավորություն է ստացել, թե «քարոզարշավը երբեմն առավել հիշեցնում
էր սովետական ոճի «այո»-ի օգտին քարոզչություն, քան իրական ժողովրդավարական բանավեճեր
սահմանադրական փոփոխություններին «կողմ» եւ «դեմ» անձանց միջեւ»: Զեկույցում նշվում
է, թե էլեկտրոնային լրատվամիջոցները, որոնք շարունակում են մնալ իշխանության խիստ
վերահսկողության ներքո, եթեր չեն տրամադրել սահմանադրական փոփոխությունների «դեմ»
քարոզչությանը: Վկայակոչված են տվյալներ տեղական իշխանությունների եւ պետական
կառույցների ղեկավարների կողմից բնակչության վրա ուղղակի եւ անուղղակի ճնշումների
մասին՝ հօգուտ «այո»-ի կողմնորոշվելու պարտադրանքով: Որպես քարոզարշավի բնութագրիչներ՝
նշվում են բնակչության անվստահությունը, ՀՀ նախագահի ոչ միանշանակ վերաբերմունքը
եւ ընդդիմության «հավասարապես ոչ միանշանակ դիրքորոշումը»: Ի դեպ, զեկույցում անթաքույց
հեգնանքով մեջբերված է դիտորդների այցելության ընթացքում շրջանառության մեջ գտնվող
«Արեւմտյան դավադրության հետաքրքիր տեսությունը», թե ԼՂ հակամարտության կարգավորման
դիմաց Արեւմուտքը պատրաստ է աչք փակել հանրաքվեի հնարավոր խախտումների վրա. «Ուստի
ընդդիմության մի հատվածը գրեթե թշնամաբար էր վերաբերվում պատվիրակությանը եւ Եվրոպայի
խորհրդին մեղադրում իշխանամետության մեջ»: Մեջբերված է նաեւ որոշ դիտորդների հեգնալից
դիտարկումը, թե «բոյկոտի» կոչն ընդդիմության համար հեշտ տարբերակ էր, քանի որ բնակչության
հիմնական մասը քաղաքականապես անտարբեր է ու այսպես թե այնպես՝ չէր գնալու ընտրատեղամասեր:
Նաեւ նշված է, թե Ուկրաինայի նարնջագույն հեղափոխության ոճի հավաքներին մասնակցել
է մարդկանց շատ սահմանափակ քանակ. «Հասարակական ցածր հետաքրքրությունն ամրապնդեց
ընդհանուր ապատիայի վերաբերյալ տպավորությունը»: Նոյեմբերի 27-ին դիտարկված
ամենալուրջ խախտում է նշվում նախ քվեարկության գաղտնիության խախտումը՝ այս կապակցությամբ
մատնանշվում են ե՛ւ քվեարկելուց հետո քվեաթերթիկի վրա կնիք դնելը, ե՛ւ քվեախցիկների
անբավարար կահավորվածությունը: Խնդրահարույց է դիտվել նաեւ զինվորականների քվեարկությունը,
որոնք շարքով բերվել են ընտրատեղամասեր՝ ապահովելով 100 տոկոսանոց մասնակցություն:
Սակայն նաեւ նշվում է, որ թեեւ այս բոլոր խնդիրները լուրջ են, այնուամենայնիվ՝
դրանցից ոչ մեկն առանձին կասկածի տակ չէր դնի արդյունքների ընդհանուր արժանահավատությունը.
«Ամենաակնհայտ ու անթույլատրելի չարաշահումը, որ արձանագրել է պատվիրակությունը՝
վերաբերում է բարձր մասնակցության ապահովմանը»: Որոշ գյուղերում դիտորդներն ականատես
են եղել «նոր Սահմանադրության» կապակցությամբ տոնախմբությունների, որոնք կազմակերպել
էին տեղական իշխանությունները. «Սակայն դժվար է դատել՝ որքանո՞վ էր մարդկանց բարձր
ակտիվությունն ինքնաբուխ ու անմիջական, եւ արդյոք չկա՞ր հին, սովետական մենթալիտետի
տարր, թե անում են այն, ինչ ակնկալվում է»: Զեկույցում նշված է, թե «մարզերի որոշ
տեղամասերը եւ Երեւանի փաստացի բոլոր տեղամասերն ապշեցուցիչ դատարկ էին՝ անկախ օրվա
այն ժամանակահատվածից, երբ կատարվել է այցը (բացառությունը միայն այն պահերն էին,
երբ քվեարկում էին զինվորականները): Պատկերն օրվա ընթացքում շատ կրկնվող էր, որը
թույլ էր տալիս ենթադրել, թե մեծ ակտիվությունը, որի մասին մեզ վստահեցնում էին ընտրական
հանձնաժողովների ղեկավարները՝ միշտ լինում է հենց այն պահերին, երբ մենք այնտեղ չենք»:
Թոմաս Ժիրսան նաեւ նշում է, թե առաքելության անդամներն ավելի ուշ ժամերի դիտարկել
են ընտրացուցակներում «մեծ քանակությամբ նույնանման ակնհայտորեն կեղծված ստորագրություններ»:
Վկայություններ կան նաեւ բազմակի քվեարկության եւ լցոնումների մասին: Զեկույցի
եզրակացության մեջ մեջբերված է, թե ընտրական համակարգի պատասխանատուն, որը եկել էր
խախտման վերաբերյալ ահազանգով՝ խոստովանեց. «Որոշ մարդիկ ուզում էին լավ լինի, եւ
չափից ավելի շատ են ջանացել»: Հանձնախմբի ղեկավարը նշում է՝ «Ո՛չ մի արդարացում չկա
«չափից ավելի շատ ջանալու» համար, նույնիսկ հանուն բարձր շահերի, ինչպես Հայաստանի
դեպքում է, որ փորձում էր կատարել Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած գլխավոր պարտավորություններից
մեկը: Փաստը, որ ԵԽ-ն ակտիվորեն պաշտպանում էր սահմանադրական բարեփոխումները, չի
նշանակում, թե պատրաստ է այն ընդունել ամեն գնով: Իրականում, արձանագրված իրողությունը
ցույց է տալիս անբավարար հարգանքը արժեքների նկատմամբ, որ պաշտպանում է Եվրոպայի
խորհուրդը: Առավել հենց երկրի շահերից էր հրավիրել միջազգային դիտորդական խոշոր առաքելություն,
փոխանակ 14 հոգուց բաղկացած պատվիրակությանը դարձնեին միակ ականատեսը խախտումների,
որոնք կատարվում էին իրենց աչքի առջեւ»: Պատվիրակությունը նաեւ ափսոսանք է հայտնում
ընդդիմության դիրքորոշման կապակցությամբ, որն ընտրահանձնաժողովների իր բոյկոտով միայն
խոչընդոտեց քվեարկության թափանցիկությանը եւ հետո էլ բողոքներ չուղարկեց ԿԸՀ ու դատարաններ:
Պատվիրակությունը պնդում է. «Եթե իշխանությունները չձեռնարկեն վճռական միջոցներ,
որ անմիջապես հետաքննեն կեղծարարության դեպքերը՝ նոր Սահմանադրության ընդունումը,
որը Հայաստանին պիտի մոտեցներ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին՝ կմնա ընդմիշտ
ստվերված կասկածելի հավաստիությամբ»: Զեկույցում հորդոր կա, որ խորհրդարանը նույնպես
անդրադառնա հանրաքվեի ընթացքում թույլ տրված խախտումներին. «Եվ բոլոր պատասխանատուները,
անկախ պետական համակարգում գրաված դիրքից՝ պիտի պատասխանատվության կանչվեն»: Այն
բանից հետո, երբ ԱԺ-ն հրաժարվեց ընդդիմության առաջարկով ստեղծել խախտումների փաստերը
քննող ժամանակավոր հանձնաժողով, իսկ գլխավոր դատախազի հաղորդումից էլ պարզ դարձավ,
որ միակ քրեորեն ապացուցելի խախտումը «Հայլուրի» թղթակցի վրա հարձակումն էր՝ Սահմանադրության
վրա նետված ստվերի խնդիրը լուծվեց վերջնականապես: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ