Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

5000-ԱՄՅԱ

Դեկտեմբեր 22,2005 00:00

5000-ԱՄՅԱ ԱԳԱՐԱԿԸ ԿԴԱՌՆԱ՞ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ Վաղ բրոնզեդարյա գտածոները պիտի կգրավեն զբոսաշրջիկներին «Ագարակի պատմամշակութային հուշարձանը զբոսաշրջության զարգացման կենտրոնի կարգավիճակ ունի, բայց դեռ այն վիճակում չէ, որ հանրությանը ներկայացվի»,- կարծում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ազգային ինստիտուտի Ագարակի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը: Ագարակի հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզի Աշտարակի ենթաշրջանում, գրավում մի տարածք, որը ձգվում է ժամանակակից Ագարակ եւ Ոսկեհատ գյուղերի միջեւ՝ Ամբերդ գետի արեւմտյան ափի բարձունքին: Այս տարածքը բնակեցվել է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի առաջին քառորդից: Երվանդունիների եւ Արտաշեսյանների օրոք այստեղ խոշոր բնակատեղի է եղել, որը հարատեւել է մինչեւ 17-18-րդ դարերը: «Պահպանված շինությունների մեծամասնությունը վաղ բրոնզեդարյա են: Գտածոները լրացնում են մեր պատկերացումները այդ շրջանի մարդկանց ապրելակերպի եւ մշակույթի վերաբերյալ»,- ասաց արշավախմբի հնագետ Գարեգին Թումանյանը: Ագարակի պեղումները, որ հիմա էլ շարունակվում են, 2001-ից իրականացվում են ամերիկյան «Գֆոելլեր» հիմնադրամի ֆինանսավորմամբ: Դրանք նաեւ նպաստում են Ագարակ գյուղի բնակիչների սոցիալական պայմանների բարելավմանը, քանի որ նրանք էլ են մասնակցում հնագիտական պեղումներին: Վերոնշյալ տարածքից հայտնաբերվել են կավե ամաններ, քարե գործիքներ, այլ պարագաներ: Հետաքրքիր են հատկապես Օգոստոս Օկտավիանոսի եւ Ալեքսանդր Մակեդոնացու դրամները: «Հուշարձանի տարածքից գտնված թրծակավե արձանիկները, ժայռափոր հրաշալի կառույցները խոսում են այն մասին, որ մեզանից 5000 տարի առաջ այս տարածքում ապրող մարդիկ ունեին բարձր ճաշակ եւ գեղագիտական մտածողություն»,- հայտնեց Գ. Թումանյանը: ՀՀ կառավարության որոշմամբ պատմամշակութային արգելոց համարվող Ագարակը գրավում է նաեւ օտարերկրացիների ուշադրությունը: Սակայն չկան համապատասխան պայմաններ այն զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար: Արշավախմբի ղեկավարը համոզված է, որ Ագարակի հուշարձանը վեց տարուց կարող է դառնալ զբոսաշրջության իրական կենտրոն, եթե, իհարկե, գտնվի համապատասխան ֆինանսավորում այն բարեկարգելու եւ մաքրելու համար: Տ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել