Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԿԱՄԱ

Դեկտեմբեր 22,2005 00:00

ԱԿԱՄԱ ՕՐԻՆԱԽԱԽՏԸ Հյուպատոսությունը պարտավոր է հաշվառել ՀՀ զինապարտին, բայց «գործնականում չի կարող դա անել» «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի «Զինվորական հաշվառումը» բաժնի երկրորդ կետում սահմանված է. «Արտասահմանում բնակվող (մեկ ամսից ավելի) զինապարտների զինվորական հաշվառումը կատարում են դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինները»: Կանադայում, սակայն, ծագել է մի խնդիր՝ կապված ուսանողական վիզայով այնտեղ գտնվող եւ Թենիսի ակադեմիայում սովորող Արամ Կարապետյանի հետ: Չորս ամսից ավելի է, ինչ Կարապետյանի ծնողները փորձում են Կանադայում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Լիլիթ Դավթյանից ստանալ անձնագիրը, քանի որ ժամանակավոր անձնագրի ժամկետը լրացել էր նոյեմբերի 12-ին: Ըստ Արամ Կարապետյանի հոր՝ Գուրգեն Կարապետյանի, հյուպատոսն առաջարկել է Արամին մեկնել Երեւան՝ զինկոմիսարիատում հաշվառվելու համար: ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ Տիգրան Սեյրանյանը այսպես էր արտահայտել իր դիրքորոշումը առաջին պատասխան-նամակում. «Կանադայում ՀՀ դեսպանության հյուպատոսի պարտականությունները կատարող Լիլիթ Դավթյանը Արամի անձնագրավորման գործի հարցում ընթացակարգային խախտումներ թույլ չի տվել եւ գործել է սահմանված կարգի շրջանակներում»: Սակայն, ըստ Գ. Կարապետյանի, վարչության պետը չի նշել, թե ինչ պետք է աներ ՀՀ քաղաքացին Կանադայում՝ ժամկետանց անձնագրով: Վարչության պետը չի հանդիպել ծնողների հետ, որոնք պահանջում են կիրառել ՀՀ զինապարտության մասին օրենքի վերոնշյալ պահանջը: Ավելին, նա Կարապետյաններին էր ուղարկել նաեւ իր երկրորդ պատասխանը, որտեղ նշված է. «Սակայն գործնականում քաղաքացիների զինվորական հաշվառումը դիվանագիտական եւ հյուպատոսական մարմինների կողմից իրականացնել հնարավոր չէ, քանի որ զինվորական հաշվառման կարգ չի սահմանում դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կողմից քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու համար անհրաժեշտ գործողությունները՝ մասնավորապես զորակոչիկների բժշկական հետազոտություն իրականացնելու գործողությունը»: Սակայն ի՞նչ անեն Կարապետյանները եւ արտերկրում զավակներ ունեցող մեր հայրենակիցները, որոնք ղեկավարվում են «Զինապարտության մասին» գործող օրենքով: Արամ Կարապետյանի խնդրով դիմում է ուղարկվել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, որը պաշտոնապես պատասխանել է. «Նախազորակոչային տարիքի անձինք եւ զինապարտ քաղաքացիները զինվորական հաշվառման համար պարտավոր են ներկայանալ դիվանագիտական, հյուպատոսական մարմիններ»: Հետեւաբար, Արամի անձնագրավորման խնդիրը պետք է լուծի Կանադայում Հայաստանի դեսպանատունը, մասնավորապես՝ հյուպատոսը: Տեղեկացնենք, որ Կարապետյանի խնդրին տեղյակ են նաեւ ՀՀ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մ. Հարությունյանը, ՀՀ զինկոմ, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը, որոնք հանդիպել են Արամի ծնողների հետ: Դեկտեմբերի 16-ին ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը պաշտոնական պատասխան ուղարկեց մարզիկի հորը, որտեղ նշում է. «Երբ օրենքի ուժ կստանա «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ կհստակեցվի հյուպատոսություններում զինվորական հաշվառման կարգը Կանադայում, ՀՀ դեսպանատունը հնարավորություն կունենա իրականացնելու եւ կիրականացնի իր վրա դրված պարտականությունները»: Հայտնի է, որ իրավաբանության մեջ «երբ» ու «ապա»-ով չեն խոսում. կա գործող օրենքը, որը պարտադիր է բոլորի համար: Կանադայի դեսպանատան պատճառով Ա. Կարապետյանը այս պահին հայտնվել է անձնագրային ռեժիմը խախտողի կարգավիճակում: Հետաքրքիր է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, ուր դիմել էին Կարապետյանի ծնողները, այս խնդրում նույնպես խախտում չէին նկատել: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել