Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ

Դեկտեմբեր 22,2005 00:00

ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ Պարզաբանում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը Զրույցի սկզբում Արամ Սարգսյանին հիշեցրինք նոյեմբերի իր հայտարարությունները: Մարզերում ժողովրդին կոչ էր անում՝ «Եկեք Երեւան: Մենք այնտեղ ենք ապահովելու ձեր քվեների արդարությունը: Մենք ձեր ներկայությամբ թույլ չենք տա, որ կեղծեն ձեր քվեները»: Ավելորդ է ասել, թե որքանով ապահովեցին այդ արդարությունը եւ թույլ չտվեցին, որ չկեղծվեն ձայները: Խոստանում էր, որ եթե մարզերից եկողներն արգելքների հանդիպեն՝ «Արարատից կմտնեմ Արտաշատ ու այսպես ավտոշարասյունով ձեզ կտանեմ: Դե՜, թող փորձեն կանգնեցնել»: Արամ Սարգսյանը հայտարարում էր, թե կնստեն նստացույցի, նոյեմբերի 26-ին տեղի կունենա մեծ հանրահավաք, հետո ներկաների քանակը կկրկնապատկվի. «Իսկ նոյեմբերի 27-ը դառնալու է կուլմինացիան»: Ընդդիմության նարնջագույն վրաններն Ազատության հրապարակում, ըստ նրա՝ պիտի մնային «մինչեւ հաղթանակ»: Իսկ նոյեմբերի 27-ից հետո Արամ Սարգսյանն արդեն խոստանում էր. «Ես ուզում եմ այս իշխանություններին ասել՝ այն լկտի հանրաքվեն, որ անցկացրին, իրենք չեն մարսելու»: Նաեւ հնարավոր էր համարում դեկտեմբերի 16-ին «իշխանական բուրգի փլուզում»: Իսկ այն առայժմ կանգուն է: Հիշեցումներին ի պատասխան՝ «Հանրապետության» ղեկավարը նախ ասաց. «Իմ ելույթներով միշտ ցանկացել եմ հույս ներշնչել հասարակությանը, հրավիրել նրան քաղաքական գործընթացներին մասնակցության»: Իշխանական բուրգի փլուզման առնչությամբ Արամ Սարգսյանը հիմա էլ պնդեց. «Հանրաքվեի այլանդակություններից հետո վերադասավորումներ են տեղի ունենալու թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարում»: Առավել որոշակի՝ նստացույցի խոստման առնչությամբ ասաց, թե համարել է, որ այս փուլում քաղաքական այդ լուրջ գործիքը օգտագործելու ժամանակը չէ. «Հեղափոխական գործընթացները դեռ առջեւում են: Եվ մեր հասարակությունը դեռ կտեսնի այդ նստացույցն էլ, հացադուլն էլ (թեեւ միշտ ասել եմ, որ հացադուլ պիտի անեն իշխանությունները, ոչ՝ մարտնչող մարդիկ): Եվ այնպես չէ, որ ընդդիմությունն այսօր զբաղված է Նոր տարվա գործընթացներով՝ կատարում ենք իրական աշխատանք՝ ապագա հանրահավաքում ավելի լուրջ զանգված ունենալու համար: Թեեւ մեզ բավարարում էր նաեւ այն բավական լուրջ զանգվածը, որ մասնակցում էր առաջին 3 հանրահավաքներին»: Մարզերից տեղաշարժը Երեւան օժանդակելու առնչությամբ իր խոստման վերաբերյալ էլ ասաց. «Այս անգամ իշխանություններն ամբողջությամբ փոխել էին իրենց մարտավարությունը, եւ 2003-ի նման՝ ուղղակիորեն չէին փակում Երեւան եկող ճանապարհները, այլ հանրահավաքների ակտիվ մասնակիցների հետ ոստիկանության, դատախազության կողմից զգուշացման, զրույցների միջոցով փորձում էին նրանց ետ պահել քաղաքական գործընթացներից»: Եթե միայն հիմա՝ Ամանորից առաջ է աշխատանք տարվում հանրահավաքների մասնակիցների թվաքանակն ավելացնելու ուղղությամբ, ու նաեւ փորձում են ինքնակազմակերպվել՝ կոմիտեություններ ստեղծելով, հարց է առաջանում, թե ինչո՞վ էին զբաղված մինչեւ հիմա, հանրաքվեից առաջ ու մեկ շաբաթ հետո: «Այդ հարցին փորձում են պատասխանել նաեւ ընդդիմադիր շատ կուսակցությունների քաղխորհուրդներ՝ քննարկումների ժամանակ,- պատասխանեց պրն Սարգսյանը:- Յուրաքանչյուր կուսակցություն իր սեփական շարքերի կազմակերպվածության մեջ էր տեսնում ինքնակազմակերպումը»: Սակայն նշեց, թե հանրաքվեի արդյունքներից հետո հանրահավաքներին հասարակության մասնակցությունն ընդդիմությանը բերեց եզրակացության, որ պետք է ձեւավորել վերկուսակցական մարմին: Արդյոք այն ընդդիմության համար ընդամենը դեմքը փրկելու ձեւ չէ՞ այն բանից հետո, երբ հայտարարված ժամկետներում չհաջողեց իրականացնել իր նպատակները՝ հարցադրմանն Արամ Սարգսյանը հակադարձեց. «Չեմ կարծում, թե ընդդիմությունն ընկել է այնպիսի վիճակի մեջ, որ խնդիր ունի իր դեմքը փրկելու: Իմ կարծիքով՝ իրակա՛ն ընդդիմությունը փորձում է ամեն ինչ անել փոփոխությունների հասնելու եւ երկրում կյանքը փոխելու համար: Եվ այս ձեւը, կարծում եմ, ոչ միակ, բայց լավագույն տարբերակներից մեկն է գործընթացներին ավելի մասշտաբային բնույթ տալու համար»: Մանուկ Գասպարյանի դիտարկումն է, թե «18+8»-ի կուսակցությունները բոլորը միասին իբր 72 հազար անդամ ունեն, սակայն նրանց անգամ 2/3-ը չի մասնակցում հանրահավաքներին: Շավարշ Քոչարյանն էլ ընդդիմությանն առաջարկում է լուրջ դասեր քաղել այն հարցի պատասխանից, թե ինչու Երեւանում, որտեղ չկան խոչընդոտներ ու մարդիկ ազատորեն կարող են գալ հանրահավաքների՝ բնակչության հիմնական հատվածն անհաղորդ է մնում դրանց: «Երեւանում այժմ արգելքները ճիշտ այնպիսին են, ինչ մարզերում,- ասաց Արամ Սարգսյանը:- Իսկ կուսակցության անդամներին խիստ զինվորական սկզբունքով հաշվելը, թե այդքանն են, ու դրանցից այսքանը պարտավոր են լինել հրապարակում՝ չեմ համարում ճիշտ մոտեցում: Կուսակցության ցանկացած անդամ հասարակության մի մասնիկն է նաեւ ու հետեւում է քաղաքական գործընթացներին, թե որքանով են դրանք իրեն հույս ներշնչում հաղթելու»: Զրույցի շարունակությունը՝ վաղվա համարում: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել