Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացահայտում»՝ ամոթալի վարկածով

Դեկտեմբեր 22,2005 00:00

«Խաչատուր
Աբովյանի խորհրդավոր վախճանի հանգամանքները հանելուկ են մնացել սերունդների համար:
Ականատեսներ չեն եղել (կամ գուցե վախեցել են), որ ճշմարտությունը լույս աշխարհ հանեին,
իսկ ինքն էլ գրավոր խոստովանություն կամ կտակ չի թողել»,- ժամանակին գրել է աբովյանագետ
Պիոն Հակոբյանը: Ինչպես նկատում է վաստակաշատ աբովյանագետը,
«երբ մարդ վճռում է հարություն տալ որեւէ հին վարկածի՝ պարտավոր է մեծագույն զգուշությամբ
վարվել փաստերի հետ, չանտեսել հակառակ վարկածի օգտին խոսող նյութերը, կրկին ու կրկին
ստուգել իրեն, սխալներ ու կեղծիքներ թույլ չտալ»: Ինչպես ինձ, այնպես էլ շատերի
համար անակնկալ էր վերջերս «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված Աբովյանի
առեղծվածը բացահայտող՝ «Բացահայտում» հաղորդումը: Այստեղ կրկին մատուցվեց միանգամայն
հերքված, դեռեւս 1930-ական թվականներին Ա. Բակունցի, Նիկ. Ադոնցի, Վ. Վահանյանի,
Ա. Հովհաննիսյանի եւ շատ ուրիշների կողմից գիտական շրջանակներում մերժված «թուրքի
դավադրությանը» Աբովյանի զոհ դառնալու վարկածը: Ինչպես նշվեց հաղորդման ընթացքում,
Նիկոլայ Ասատուրի «հավաստիացումը» որպես «պատմական փաստացի բացահայտող նորագույն
վավերագրի», ոչ միայն զուրկ է գիտական հիմքից, այլեւ անլուրջ է: Ես դիմում եմ Խ.
Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն հարգարժան Հովհաննես Զատիկյանին, ինչպես նաեւ վաստակաշատ
թատերագետ-հրապարակախոս, Աբովյանին նվիրված «Չմոռանանք հանճարին» գրքի հեղինակ, միաժամանակ
1985 թվականին նույն թանգարանի տնօրեն Մուսայել Անուշավանի Գալոյանին. արդյո՞ք համապատասխանում
է իրականությանը, որ ձեր տնօրինության օրոք գոյություն է ունեցել այդպիսի «փաստական
վավերագիր» եւ, եթե եղել է, ապա ինչո՞ւ ժամանակին շրջանառության մեջ չի դրվել աբովյանագետների
կողմից եւ «այն սիրով տրամադրվել է» լոկ հնագետ («աբովյանասեր») Վ. Ավետյանին: ԱՍՅԱ
ԳՐԻԳՈՐՅԱՆ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դասախոսԿապվեցինք
Խ. Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի հետ: Նա ասաց, որ իրենց
տնօրինության տակ չկա Խ. Աբովյանի՝ թուրքի դավադրության զոհ դառնալու փաստական որեւէ
վավերագիր: Պրն Զատիկյանի կարծիքով՝ «Արմենիա» հեռուստաընկերությունը անբարեխիղճ
է գտնվել՝ հենվելով միայն Աբովյանի անհետացման ամենաամոթալի վարկածի վրա՝ վերջինս
ներկայացնելով շոուի տեսքով (մեկ շաբաթ շարունակ «գովազդվում» էր հաղորդման այն մասը,
թե ինչպես է Աբովյանին «սպանած» թուրքը դին քարշ տալիս փոսը): «Եթե իմանայի, թույլ
չէի տա, որ նկարահանող խումբն անգամ թանգարան մտներ»,- ավելացրեց Հ. Զատիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել