Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հավատացեք գովազդներին»

Դեկտեմբեր 22,2005 00:00

Բողոքում եւ առաջարկում են «Առավոտի»
ընթերցողները Անցյալ տարի հուլիսին բժիշկ Ջեմս Ստեփանյանն իր
բարեկամների հետ Անթալիայի հանգստի ուղեգիր է ձեռք բերել «Ամիսթադտուր» ընկերությունից,
ուրախ գնացել եւ «անհանգիստ» վերադարձել Անթալիայից: Պատճառն այն է, որ նրանց ցույց
են տվել ընտիր հյուրանոցի «բուկլետ», ստացել համապատասխան բարձր գումար, բայց տեղավորել
են կիսակառույց ու անհարմար մի շենքում, ծովից հեռու: Ջ. Ստեփանյանը՝ վերադառնալով,
դատարանի միջոցով վերականգնել է կորուստը: Դատական մեկ այլ հայցով էլ պատասխանատվության
է ենթարկվել ընկերության այն աշխատակիցը, որը թյուրիմացության մեջ է գցել «հանգստացողներին»:
«Առավոտին» ուղղված նամակով բժիշկը կոչ է անում հանգստի գնացողներին՝ չհրապուրվել
գովազդներով, այլ մանրակրկիտ ուսումնասիրել ապագա հանգստի վայրը, բացի այդ՝ «մուծած
գումարի դիմաց նրանցից պահանջեն անդորրագիր, որպեսզի հետո չընկնեն դատարանների դռները»:
Հաջորդ բողոքարկուն բժիշկ-էնդոկրինոլոգ Հրանտ Սարգսյանն է, իսկ բողոքի թեման՝
շաքարախտի բուժման նրա հայտնագործության նկատմամբ հեռուստատեսությունների անտարբերությունը.
«Հայկական հեռուստաալիքները չեն ուզում անվճար ցուցադրել շաքարախտի բուժման իմ գյուտի
մասին մանրամասն նկարահանված փաստագրական ֆիլմերը, այն դեպքում, երբ այդ հիվանդությունը
հազարավորների կյանք է խլում: Իսկ որքանո՞վ է աստվածահաճո, որ եթերը լցված է սատանայական
շոուներով եւ քաղաքական անպտուղ բարբաջանքներով»: Զովունի գյուղի բնակիչ Լիդա
Սեւանյանն էլ դժգոհում է, որ բնակավայրում գիշերային լուսավորություն չկա, որ գյուղը
Երեւանին կապող թիվ 36 երթուղային տաքսին միշտ ծանրաբեռնված է աշխատում, եւ ընդհանրապես
պետք են նոր երթուղագծեր՝ մայրաքաղաքի այլ համայնքներ «մի գծով» գնալու համար: Տրանսպորտային
մեկ այլ առաջարկ էլ ունեն Էրեբունի համայնքի բնակիչները՝ մինչեւ թաղապետարան բազմաթիվ
միկրոավտոբուսներ են գնում, իսկ դրանից մի քանի հարյուր մետր հեռու՝ Դավիթ բեկի փողոց,
բնակիչները ոտքով են գնում. «Այ, եթե, օրինակ՝ 19 համարը երկու կանգառով երկարացներ
իր վերջնակետը, խնդիրը կլուծվեր»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել