Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԵՆՔ ԷԼ ՍՊԱՍԵԼ»

Դեկտեմբեր 22,2005 00:00

Այսպես արձագանքեցին ընդդիմադիրները
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրերս արած հայտարարություններին:
Դեռ դեկտեմբերի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե նոյեմբերի
27-ի հանրաքվեի ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ մամուլում եղած բոլոր հրապարակումներն
ուսումնասիրելու նպատակով հատուկ հանձնախումբ է ստեղծվել: 20 օր անց ՀՀ գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյանն ամփոփել էր հատուկ հանձնախմբի կատարած աշխատանքներն ու հայտարարել,
թե ստացված ընդամենը 25 հաղորդման փաստերի արդյունքում միայն մեկ քրգործ է հարուցվել:
Սա այն դեպքում, երբ ընդդիմության հասարակական տեղեկատվական կենտրոնում միայն հանրաքվեի
քվեարկության օրը ստացված ահազանգերն անցնում էին 100-ի սահմանը, կար նաեւ տեղական
այլ դիտորդական առաքելությունների զեկույցները հանրաքվեի ընթացքի մասին, որտեղ եւս
բազմաթիվ ընտրախախտումների ու կեղծիքների, լցոնումների մասին շատ կոնկրետ փաստեր
կային: «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն անդրադառնալով
գլխավոր դատախազությունում արված հայտարարություններին՝ նկատեց. «Դատախազության պահվածքը
միշտ զարմանք է հարուցել, թեեւ հիմա արդեն դադարել ենք զարմանալ, որովհետեւ նախկինում
եղել են բազմաթիվ վկայություններ տեղի ունեցած հանցագործությունների հետ կապված,
բայց որեւէ մեկը այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել: Խոսքը վերաբերում է նաեւ
ՀՀ ՍԴ-ի 2003թ. որոշման մեջ 40 ընտրական տեղամասերում տեղի ունեցած ընտրակեղծիքներին
ու դրանց վերաբերյալ գլխավոր դատախազություն ուղարկված նյութերին: Դրանցից որեւէ
մեկի հետ կապված ոչ միայն քրգործ չհարուցվեց, այլեւ որեւէ վարույթ չսկսվեց: Հիմա
իրավիճակն այնպիսին է, որ մի կողմից՝ դիտորդները հրաժարվում են տեղեկություններ տալ
ու ներկայացնել իրենց արձանագրությունները դատախազությանը, իսկ դատախազությունն ինքը
ջանք չի գործադրում պարզելու ընտրակեղծիքների հեղինակներին, մյուս կողմից՝ կան կոնկրետ
խախտումներ ու արձանագրություններ, բայց դատախազությունն այդ դեպքում էլ դրանց ընթացք
չի տվել»: Գլխավոր դատախազի տեղակալ Գ. Դանիելյանը մատնանշել էր մամուլում
հրապարակված ու Արմավիրի մարզում տեղի ունեցած կոնկրետ մեկ փաստ, որի առնչությամբ
մարզի դատախազությունից հայտնել էին, որ դիտորդը, որին արգելել էին տեղամաս մտնել,
հերքել է, թե այդպիսի դեպք է եղել, եւ որ ինքը նման տեղեկություն է տվել: «Իրականում
այդ դիտորդից մենք նման ահազանգ ստացել ենք: Այլ բան է, որ հետո տարբեր տիպի ճնշումների
ներքո դիտորդներին հարկադրում են հրաժարվել իրենց ասածներից: Նման փաստեր կան: Օրինակ,
ցուցմունք տալու համար ՀՀ գլխավոր դատախազություն էին հրավիրվել նաեւ մեր դիտորդներ
Գոհար Սարդարյանն ու Գառնիկ Սահակյանը: Նրանց ներկայացրած տեղամասի վերաբերյալ եւս
քրգործ է հարուցվել, եւ քննությունը դեռ ընթացքի մեջ է, բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների,
ճնշումներ են գործադրվել այդ դիտորդների նկատմամբ, որպեսզի նրանք հրաժարվեն հանցագործության
մասին իրենց տված տեղեկություններից: Այնպես որ՝ դատախազությունն այսպես է քննում
հանրաքվեի կեղծիքներին վերաբերող գործերը, թեեւ միայն «Առավոտում» հարյուրավոր հանցագործությունների
մասին բացահայտումներ էին հրապարակվել»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն էլ հավելեց,
որ միայն ընդդիմության հասարակական տեղեկատվական կենտրոնի ստացած ու ԶԼՄ-ներին փոխանցված
տեղեկանքներում կան շատ կոնկրետ հանցագործության նկարագրություններ, ինչը դատախազության
համար բավարար հիմք էր քրգործեր հարուցելու համար, եթե նա իսկապես նման ցանկություն
ուներ: Ա. Զեյնալյանի ասելով, տվյալ դեպքում մեկ անգամ եւս ապացուցվեց, որ «գլխավոր
դատախազությունը քաղաքական պատվեր է կատարում» ու կեղծիքների վերաբերյալ տեղեկություններն
ուսումնասիրելու, դրանք չհայտնաբերելու պատրանք է ստեղծում: «Կոնկրետ դեպքեր կան,
որոնց առնչությամբ մենք դիմել ենք գլխավոր դատախազությանը, բայց որոնց առնչությամբ
դեռ արձագանք չկա»,- երեկ ասաց «Հանրապետության» ներկայացուցիչը: Խոսքը տվյալ դեպքում
վերաբերում է ընդդիմության՝ հանրաքվեի օրինականությունը վերահսկող հանձնաժողովի համակարգող
Ռուբեն Թորոսյանի մի քանի օր առաջ ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հաղորդումներին,
նաեւ Թալինի թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Լեւոն Մուրադյանին քաղաքային
ոստիկանությունում ապօրինաբար անազատության մեջ պահելու փաստին: Ա. Զեյնալյանը փոխանցեց,
որ իրենք դատախազությունից լուրջ ակնկալիքներ չունեին էլ, ու հավելեց. «Մենք դրանք
արել ենք գործերի ընթացքն ապահովելու համար՝ հետագայում միջազգային ատյաններին դիմելու
նպատակով»: Ինչ վերաբերում է քրգործ հարուցելու միակ դեպքին, ապա Ա. Զեյնալյանի
համոզմամբ՝ «դա իշխանություններին բնորոշ ձեռագիր է: 2003թ.-ին էլ քրգործեր հարուցվեցին
եւ քրեական պատասխանատվության ենթարկվեցին բացառապես ընդդիմության ներկայացուցիչները,
ու դրանք տեղի ունեցան բացառապես այն դեպքերում, երբ «տուժող» կողմը իշխանություններն
էին կամ իշխանություններին սպասարկող անձինք: Դա արդեն սովորական բան է մեզ համար»:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել