Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԻԾԸ

Դեկտեմբեր 22,2005 00:00

Պարզաբանում
է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը Զրույցի
սկզբում Արամ Սարգսյանին հիշեցրինք նոյեմբերի իր հայտարարությունները: Մարզերում
ժողովրդին կոչ էր անում՝ «Եկեք Երեւան: Մենք այնտեղ ենք ապահովելու ձեր քվեների արդարությունը:
Մենք ձեր ներկայությամբ թույլ չենք տա, որ կեղծեն ձեր քվեները»: Ավելորդ է ասել,
թե որքանով ապահովեցին այդ արդարությունը եւ թույլ չտվեցին, որ չկեղծվեն ձայները:
Խոստանում էր, որ եթե մարզերից եկողներն արգելքների հանդիպեն՝ «Արարատից կմտնեմ Արտաշատ
ու այսպես ավտոշարասյունով ձեզ կտանեմ: Դե՜, թող փորձեն կանգնեցնել»: Արամ Սարգսյանը
հայտարարում էր, թե կնստեն նստացույցի, նոյեմբերի 26-ին տեղի կունենա մեծ հանրահավաք,
հետո ներկաների քանակը կկրկնապատկվի. «Իսկ նոյեմբերի 27-ը դառնալու է կուլմինացիան»:
Ընդդիմության նարնջագույն վրաններն Ազատության հրապարակում, ըստ նրա՝ պիտի մնային
«մինչեւ հաղթանակ»: Իսկ նոյեմբերի 27-ից հետո Արամ Սարգսյանն արդեն խոստանում էր.
«Ես ուզում եմ այս իշխանություններին ասել՝ այն լկտի հանրաքվեն, որ անցկացրին, իրենք
չեն մարսելու»: Նաեւ հնարավոր էր համարում դեկտեմբերի 16-ին «իշխանական բուրգի փլուզում»:
Իսկ այն առայժմ կանգուն է: Հիշեցումներին ի պատասխան՝ «Հանրապետության» ղեկավարը
նախ ասաց. «Իմ ելույթներով միշտ ցանկացել եմ հույս ներշնչել հասարակությանը, հրավիրել
նրան քաղաքական գործընթացներին մասնակցության»: Իշխանական բուրգի փլուզման առնչությամբ
Արամ Սարգսյանը հիմա էլ պնդեց. «Հանրաքվեի այլանդակություններից հետո վերադասավորումներ
են տեղի ունենալու թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ճամբարում»: Առավել որոշակի՝
նստացույցի խոստման առնչությամբ ասաց, թե համարել է, որ այս փուլում քաղաքական այդ
լուրջ գործիքը օգտագործելու ժամանակը չէ. «Հեղափոխական գործընթացները դեռ առջեւում
են: Եվ մեր հասարակությունը դեռ կտեսնի այդ նստացույցն էլ, հացադուլն էլ (թեեւ միշտ
ասել եմ, որ հացադուլ պիտի անեն իշխանությունները, ոչ՝ մարտնչող մարդիկ): Եվ այնպես
չէ, որ ընդդիմությունն այսօր զբաղված է Նոր տարվա գործընթացներով՝ կատարում ենք իրական
աշխատանք՝ ապագա հանրահավաքում ավելի լուրջ զանգված ունենալու համար: Թեեւ մեզ բավարարում
էր նաեւ այն բավական լուրջ զանգվածը, որ մասնակցում էր առաջին 3 հանրահավաքներին»:
Մարզերից տեղաշարժը Երեւան օժանդակելու առնչությամբ իր խոստման վերաբերյալ էլ ասաց.
«Այս անգամ իշխանություններն ամբողջությամբ փոխել էին իրենց մարտավարությունը, եւ
2003-ի նման՝ ուղղակիորեն չէին փակում Երեւան եկող ճանապարհները, այլ հանրահավաքների
ակտիվ մասնակիցների հետ ոստիկանության, դատախազության կողմից զգուշացման, զրույցների
միջոցով փորձում էին նրանց ետ պահել քաղաքական գործընթացներից»: Եթե միայն
հիմա՝ Ամանորից առաջ է աշխատանք տարվում հանրահավաքների մասնակիցների թվաքանակն ավելացնելու
ուղղությամբ, ու նաեւ փորձում են ինքնակազմակերպվել՝ կոմիտեություններ ստեղծելով,
հարց է առաջանում, թե ինչո՞վ էին զբաղված մինչեւ հիմա, հանրաքվեից առաջ ու մեկ շաբաթ
հետո: «Այդ հարցին փորձում են պատասխանել նաեւ ընդդիմադիր շատ կուսակցությունների
քաղխորհուրդներ՝ քննարկումների ժամանակ,- պատասխանեց պրն Սարգսյանը:- Յուրաքանչյուր
կուսակցություն իր սեփական շարքերի կազմակերպվածության մեջ էր տեսնում ինքնակազմակերպումը»:
Սակայն նշեց, թե հանրաքվեի արդյունքներից հետո հանրահավաքներին հասարակության մասնակցությունն
ընդդիմությանը բերեց եզրակացության, որ պետք է ձեւավորել վերկուսակցական մարմին:
Արդյոք այն ընդդիմության համար ընդամենը դեմքը փրկելու ձեւ չէ՞ այն բանից հետո, երբ
հայտարարված ժամկետներում չհաջողեց իրականացնել իր նպատակները՝ հարցադրմանն Արամ
Սարգսյանը հակադարձեց. «Չեմ կարծում, թե ընդդիմությունն ընկել է այնպիսի վիճակի մեջ,
որ խնդիր ունի իր դեմքը փրկելու: Իմ կարծիքով՝ իրակա՛ն ընդդիմությունը փորձում է
ամեն ինչ անել փոփոխությունների հասնելու եւ երկրում կյանքը փոխելու համար: Եվ այս
ձեւը, կարծում եմ, ոչ միակ, բայց լավագույն տարբերակներից մեկն է գործընթացներին
ավելի մասշտաբային բնույթ տալու համար»: Մանուկ Գասպարյանի դիտարկումն է,
թե «18+8»-ի կուսակցությունները բոլորը միասին իբր 72 հազար անդամ ունեն, սակայն
նրանց անգամ 2/3-ը չի մասնակցում հանրահավաքներին: Շավարշ Քոչարյանն էլ ընդդիմությանն
առաջարկում է լուրջ դասեր քաղել այն հարցի պատասխանից, թե ինչու Երեւանում, որտեղ
չկան խոչընդոտներ ու մարդիկ ազատորեն կարող են գալ հանրահավաքների՝ բնակչության հիմնական
հատվածն անհաղորդ է մնում դրանց: «Երեւանում այժմ արգելքները ճիշտ այնպիսին են, ինչ
մարզերում,- ասաց Արամ Սարգսյանը:- Իսկ կուսակցության անդամներին խիստ զինվորական
սկզբունքով հաշվելը, թե այդքանն են, ու դրանցից այսքանը պարտավոր են լինել հրապարակում՝
չեմ համարում ճիշտ մոտեցում: Կուսակցության ցանկացած անդամ հասարակության մի մասնիկն
է նաեւ ու հետեւում է քաղաքական գործընթացներին, թե որքանով են դրանք իրեն հույս
ներշնչում հաղթելու»: Զրույցի շարունակությունը՝ վաղվա համարում: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել