ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ՍԻՐՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ԳԵՂԵՑԻԿ ՊԱՐՏԻԱ ԵՄ ԽԱՂՈՒՄ» ՖԻԴԵ-ի նորընծա գավաթակիր Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկ-Մոսկվա-Երեւան չվերթով Երեւան պետք է ժամաներ երկուշաբթի: Սակայն եղանակի պատճառով օդանավը ոչ միայն ուշացել էր, այլեւ երեկ վայրէջք էր կատարել Գյումրիում: Նրան դիմավորել էր ընկերը՝ գյումրեցի շախմատիստ Արա Մինասյանը: Երեկ Լեւոնը վերջապես հասավ Երեւան ու հանգրվանեց իր մյուս մտերիմ ընկերոջ՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանի ընտանիքում, որտեղ էլ հանդիպեցինք նրան: – Նախ, շնորհավորում եմ փայլուն նվաճման առիթով: Աշխարհի գավաթը նվաճելուց արդեն մի քանի օր է անցել: Հիմա գիտակցո՞ւմ ես հաղթանակիդ արժեքը: – Սա իմ առաջին ամենամեծ նվաճումն է: Ուրախ եմ, որ ուրախանում են հայրենակիցներս, ընկերներս, հարազատներս, մտերիմներս: – Իսկ ի՞նքդ: Գո՞հ ես քո խաղից: – Չէի ասի, թե մի մեծ բան եմ արել: Յուրաքանչյուր մրցակցի հետ երկուական հանդիպում էր: Սկզբնական շրջանում անփույթ էի: Օրինակ, Սադվոկասովի հետ վատ խաղացի: Բայց չգիտեմ, թե ինչո՞ւ՝ համոզված էի, որ պետք է հաղթեմ: Չորրորդ փուլում իսպանացի Վալյեխոյի հետ սպիտակներով շատ ագրեսիվ հանդես եկա, բայց շուտով պարտված դիրք ստացա: Բարեբախտաբար, նա չտեսավ հաղթանակի տանող ուղիները: Միայն դրանից հետո հավաքվեցի ու սկսեցի նորմալ խաղալ: – Մրցակարգով գրեթե ամեն օր հարկադրված էիր խաղալ: Ծանրաբեռնվածությունը մեծ չէ՞ր: – Ինձ համար՝ չէ: Բայց ամեն օր ինձ աջակցելու գալիս էին տեղի հայերը՝ Տիգրանը, Վիկտորը, Լեւոնը, Կառլոս հորեղբայրը, Սիրեկան պապիկը, էլի շատերը: Նրանց բարոյական աջակցությունը շատ մեծ էր: Կարելի է ասել՝ հաղթանակի կեսը նրանցն է: – Պայքարի թեժ պահին մտածո՞ւմ էիր, որ քո հաղթանակներին սպասում են Հայաստանում: – Այո: Բացի դա, Գերմանիայից զանգահարում էին մայրս, քույրս, քրոջս ամուսինը ու ոգեւորում էին: – Երբ նստում ես խաղատախտակի առջեւ, մտածում ես անպայման հաղթելո՞ւ մասին: – Չէ: Ավելի շատ բավարարվում եմ, երբ լավ պարտիաներ եմ խաղում, եթե անգամ ոչ-ոքի է գրանցվում, կամ թեկուզ պարտվում եմ: Հաղթանակն ինձ համար կարեւոր չէ: Աշխատում եմ խաղի ժամանակ հանգիստ լինել: Շատ հաճախ նոր շարունակության ինչ-ինչ փորձարկումներ եմ կատարում՝ ինձ եմ ստուգում: – Խանտի-Մանսիյսկում քո ամենալավ պարտիան ո՞րն է: – Որպես այդպիսին, չկա: – Դու Հայաստանի հավաքականի կազմում շախմատի համաշխարհային օլիմպիադայի, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր ես: Հիմա արդեն ՖԻԴԵ-ի գավաթակիր: Այս վերջինը իր կարգավիճակով աշխարհի չեմպիոնի տիտղոսի հետ կարելի՞ է համեմատել: – Ոչ: Ի՞նչ եք ասում: Դրանք տարբեր բաներ են: Աշխարհի չեմպիոնն անհամեմատ բարձր է: Բայց այս գավաթն ինձ հպարտանալու իրավունք ընձեռում է: – Վեսելին Տոպալովի հետ, այսպես կոչված, շախմատի վերնագավաթի մրցամարտ չի՞ նախատեսվում, ինչպես ֆուտբոլում հանդիպում են, ասենք, Եվրոպայի չեմպիոնն ու գավաթակիրը: – Այդ մասին խոսք չկա: Բայց ինձ համար միշտ էլ հաճելի է ու պատիվ ուժեղների հետ հանդիպելը: – Ինչքա՞ն ժամանակ է, որ բնակվում ես Բեռլինում: – Մեկ տարի, բայց արդեն չորս տարի է, ինչ Գերմանիայում եմ: – Դու երբեք չես խոսում Հայաստանից հեռանալու պատճառների մասին: Հիմա կասե՞ս: – Եկեք անցած բաները չհիշենք: – Դու պաշտպանում ես Հայաստանի մարզական պատիվը: Հո դրոշը փոխելու մտադրություն չունե՞ս: – Ոչ: – Հիմա ի՞նչ ծրագրեր ունես: – Մոտ օրերս մայրս կգա: Նոր տարին Հայաստանում կանցկացնենք: Հավանաբար, Սարգիս պապիկիս մոտ՝ Նոյեմբերյանի Դովեղ գյուղում: Նա հիմա գյուղի ամենատարեց մարդն է, երկար տարիներ դպրոցի տնօրենն է եղել: Կարոտել եմ, ինչպես մեր գյուղում են ասում, սինդրիկի համին: Դա բուժիչ խոտաբույս է: Ափսոս, չգիտեմ, թե գրական լեզվով դրան ինչ են ասում: Երկու տարի է՝ մսեղեն չեմ օգտագործում: Ուզում եմ հրաժարվել նաեւ ձկնեղենից: Կենդանու միս ուտելը մի տեսակ սրտիս չի նստում: Իսկ մինչ այդ ուզում եմ շփվել ընկերներիս հետ: Ինչ վերաբերում է շախմատային ծրագրերիս, հունվարի կեսերին մասնակցելու եմ Վեյկ ան Զեեում կայանալիք միջազգային գերմրցաշարին: Անկեղծ ասած, իմ այստեղ մնալու պատճառներից մեկն էլ Հայաստանում ընկերներիս՝ Գաբրիել Սարգսյանի, Արա Մինասյանի, Արման Փաշիկյանի, Լեւոն Բաբուջյանի, որոնք ինձ օգնում են, հետ այդ մրցաշարին նախապատրաստվելն է: Հայաստանում մարզվելը լավ է ստացվում: Գերմանիայում մենակ մարզվել ծուլանում եմ: – Հայաստանում քեզ հասակակից շախմատիստներ կա՞ն, ովքեր կարող են տեղ զբաղեցնել շախմատային աշխարհի վերնախավում: – Մենք շատ լավ շախմատիստներ ունենք: Վլադիմիր Հակոբյանը հիմա էլ էլիտայում է: Երիտասարդների մեջ՝ իմ նոր նշած անունները, Կարեն Ասրյանը: Նրանք ի վիճակի են վերին տեղերի համար պայքարել: Բայց տարիները ցույց են տալիս, որ ինքնադրսեւորվելու համար պետք է մրցաշարերի շատ մասնակցեն: Բայց չեն կարողանում: Եթե մասնակցեին, հիմա արդեն թե իրենց վարկանիշով, թե խաղի ուժով գագաթներում կլինեին: Ես, օրինակ, այս տարի արդեն մոտ 100 պարտիա եմ խաղացել: – Սպիտա՞կ խաղաքարերով ես քեզ ավելի վստահ զգում, թե՞ սեւերով: – Երբ խաղում ես ուժեղ մրցակցի հետ, հասկանալի է, սպիտակներով ավելի հանգիստ ես: – Խանտի-Մանսիյսկում գլխավոր մրցավարը երեւանցի Աշոտ Վարդապետյանն էր: Նրա ներկայությունը քեզ օգնո՞ւմ էր: – Անպայման: Նա իմ ավագ ընկերն է: Մի քանի անգամ երեկոները հանդիպել ենք: Խաչ ու զրո էինք խաղում: Դա շատ էր լիցքաթափում ինձ: – Կներես, բայց պիտի հարցնեմ. $100 հազար դրամական մրցանակը ի՞նչ ես որոշե՞լ անել: – Ինչպես ընտանիքս կորոշի: Մեր ընտանիքը մեծ է: – Ամուսնանալու մտադրություն չունե՞ս: – Ոչ: Չնայած հայրս հակառակն է պահանջում: Մի ընկերուհի ունեի՝ ռուս էր: Մոտ մեկ տարի միասին ապրեցինք: Հիմա հեռացել ենք: – 2006-ին ի՞նչ կմաղթես հայաստանցիներին: – Առողջություն, խաղաղություն եւ երջանկություն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ