Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՖԻԼՄԸ՝

Դեկտեմբեր 21,2005 00:00

ՖԻԼՄԸ՝ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ Փետրվարին կկայանա «Չկրակված փափուշտներ» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը, որը ստեղծագործական խմբի անդամներից մեկի՝ երկրորդ ռեժիսոր Սուրեն Գրիգորի բնութագրմամբ՝ ռազմական գեղարվեստի դրսեւորում է: Սցենարի հեղինակներն են Սուրեն Գրիգորը եւ ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը, ով հայտնի է «Խոնարհ հերոսներ» վավերագրական հայտնի ֆիլմաշարով: «Չկրակված փափուշտներ» ֆիլմը առանձնահատուկ է նրանով, որ պրոֆեսիոնալ դերասաններ չկան, հերոսներն են «Սիսական» ջոկատի մարտիկները, Սիսիանի Լծեն գյուղի բնակիչները: Ընդ որում, ամեն մեկը խաղում է իր դերը: Իսկ գլխավոր հերոսը մարտիկ-բանաստեղծ Աղվան Մինասյանն է, բայց ֆիլմը միայն նրա մասին չէ: «Չկրակված փափուշտները» դարձել է մի տեսակ հայ ժողովրդի վարքագրությունը: «Ֆիլմի հիմնական գաղափարն այն է, որ պատերազմը դեռ չի ավարտվել…Խաղաղությունը պատերազմի ամենադաժան ձեւն է, եւ այն տրվում է ժողովուրդներին՝ նրանց ոգու ու արժեքների փորձությունը ստուգելու համար»,- համոզված է ռեժիսորը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Լծենում, Քարվաճառում, Լաչինում, Մարտակերտում, Սիսիանի տարբեր գոտիներում: «Սիսականի» մարտիկներն ասում են, որ այս նկարահանումներն իրենց ամենադաժան, ծանր եւ երկարատեւ ճակատամարտն են՝ գեղարվեստի մեջ: «Մենք մի հետաքրքիր մարտիկ կին ունենք՝ Մարիետան, որը ամեն կռվի գնալիս շրթներկը թարմացնում էր, նրան էլ կտեսնեք ֆիլմում»,- ժպտալով պատմում է ռեժիսորը: Նա ասաց, որ ստեղծագործական խմբի համար առաջնայինը ֆիլմի ճշմարտացի եւ սրտամոտ լինելն էր, իսկ գեղարվեստականությունը «դրել» են հզոր խորհրդանիշերի մեջ: Օրինակ՝ զինվորի մկրտությունը: «Բնականաբար՝ վախի հաղթահարումից հետո է սկսվում նրա զինվորական կյանքի սկիզբը: Մինչ այդ, բոլոր մտածումները ընդամենը երազանքներ են՝ դեռեւս չբախված վառոդի հոտին: Երեկոյան խարույկի շուրջ ամեն զինվոր իր փամփուշտը նետում է «մկրտվողի» երկաթե գլխարկի մեջ, հետո լցվում է գինին: Խմում է զինվորը, ու այդ ծիսակատարությունից հետո համարվում է, որ բոլորի փորձից նա մի պտղունց վերցրեց»,- պատմեց Սուրեն Գրիգորը: Ըստ նրա, շարժվող հավերժության, ժողովրդի հարատեւության խորհրդանիշ է Շաքիի ջրվեժը, որը ֆիլմում հանկարծ «կերպարանափոխվում» է եռագույն դրոշի: «Սկզբում ռիսկ չէինք անում կյանքի կոչել այս գաղափարը: Հետո ինձ ու Սամվելին միացավ նաեւ մեր մյուս ընկերը՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը… 150-200 կգ սննդային ներկանյութ օգտագործեցինք եռագույն ջրվեժը ստանալու համար: 15-20 դուբլից հետո վերջապես ստացվեց»,- շարունակեց նա: Ֆիլմում հետաքրքիր երկխոսություն կա. վարդապետն ու ֆիդային վիճում են՝ ով է ավելի հավատավոր: Հոգեւորականի կարծիքով՝ ֆիդային իրենից հավատավոր է, որովհետեւ ի վիճակի է հանուն հայրենիքի զոհողության գնալու, մինչդեռ ինքը «լինելով դավանող եւ ամենօրյա աղոթքի մեջ, հոգին դատարկ է»: Հետաքրքրվեցինք, թե ինչպես են լուծվել ֆիլմի նկարահանման ֆինանսական հարցերը: «Ցանկացած հասարակական նշանակության գործ նախաձեռնելիս երբեք չենք մտածում ֆինանսական խնդրի մասին: Գործը կազմակերպելիս ինքնաբերաբար լուծվել է նաեւ այդ խնդիրը: Այս ֆիլմն էլ նկարահանվել է ջոկատի տղերքի միջոցներով, մեր ընկերական շրջապատի աջակցությամբ»,- ասաց ռեժիսորը: Անդրադարձ եղավ նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիային, որտեղ վերջինն է նկարահանվել «Չկրակված փամփուշտները»: «Հայֆիլմը» քայքայված, ավերված վիճակում է, սա նրա վերջին ֆիլմն էր: Այժմ այնտեղ շատ բան է փոխվել: Կինոստուդիայի մասնագետները նրա հարստությունն էին: Եթե եղածը չպահպանվի, լավագույն մասնագետներին չպահեն, «Հայֆիլմը» կդառնա ընդամենը ամերիկյան կինոընկերության կցորդ, որը անգույն, շաբլոն ֆիլմեր կարտադրի»,- համոզված է Ս. Գրիգորը: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել