ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ «ՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՔ» ՈՒՆԵՆ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի երեկվա ասուլիսը նվիրված էր սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներին, կուսակցությունների ահազանգերին, իրավախախտումների վերաբերյալ ելույթներին: Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ դատախազությունը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, կուսակցությունների ղեկավարներին, լրատվամիջոցներին, որպեսզի իրենց տրամադրեն նյութեր: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը դատախազությանն էր ուղարկել միջազգային դիտորդների կողմից խախտումների վերաբերյալ արձանագրությունները չորս դեպքով: Ասուլիսի նախորդ օրը ԱԺ նախագահը գրություն էր ուղարկել, որտեղ մասնավորապես վերլուծություններ էին, որոնց երկու երրորդը արտացոլված է եղել ԶԼՄ-ներում: Նշվեց, որ գլխավոր դատախազությունում քննարկվել է մամուլի 25 հաղորդում, 1-ինի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, կայացվել է քրեական գործը մերժելու մասին 16 որոշում, պարզաբանում է տրվել 5-ին, մնացածը ընթացքի մեջ էր: Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի գնահատմամբ, կային տեսական արժեք ունեցող վերլուծություններ, որոնց, բնականաբար, դատախազությունը իրավական գնահատական չէր կարող տալ: Նա հայտնեց, որ ստացվել է Արմավիրի մարզի դատախազի գրությունը՝ կապված նոյեմբերի 28-ի «Առավոտում» տպագրված «Արվեստի գլուխգործոց՝ թվանկարչություն» հրապարակման հետ՝ դիտորդներից մեկը հայտարարել է, թե ինքը ոչինչ չի ստորագրել, մամուլով չի հայտարարել, խախտումներ չի նկատել: Զարմանալի է, որ այդ նույն X դիտորդը (անուն-ազգանունը չհրապարակվեց) «Առավոտին» նույնը չէր ասել եւ սիրտը բացել էր միայն Արմավիրի մարզի դատախազին: Աղվան Հովսեփյանն անդրադարձավ նաեւ մասնակիցների թիվը կասկածի տակ դնելու հարցադրմանը եւ հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ չէ եւ հետեւություններ է անում միայն փաստերի հիման վրա: Քրեական մեկ գործ էլ հարուցվել էր քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտմանը՝ կապված լրագրող Տաթեւիկ Նալբանդյանի հետ: «Բռնություն կիրառվեց լրագրողի նկատմամբ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում այդ փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Քրեական գործի քննության ընթացքում դեռ ի հայտ չի բերված անձը, որը ենթակա է քրեական պատասխանատվության, եւ ոստիկանության կողմից ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ՝ այդ անձին հայտնաբերելու ուղղությամբ»,- հավելեց նա: Առհասարակ, անդրադառնալով լրատվամիջոցների նկատմամբ հաճախակի դարձած բռնությունների դեպքերին, Ա. Հովսեփյանը ասաց. «Անկեղծ եմ ասում, չեք կարող նշել որեւէ փաստ, որի կապակցությամբ քրեական գործ հարուցված չլինի: Իհարկե, առանձին դեպքերով մենք անձանց ենթարկել ենք քրեական պատասխանատվության, իսկ որոշ դեպքերում դա հնարավոր չի եղել իրականացնել, քանի որ լուրջ խոչընդոտներ եւ բարդություններ են ծագել քրգործի քննության ընթացքում»՝ դատախազը նկատի ուներ զանգվածային միջոցառումների ժամանակ ծագած դժվարությունները: «Միգուցե լրագրողներին չբավարարի դատարանի կողմից նշանակված պատիժը, բայց դատարանը նույնպես գործել է քրօրի հոդվածով նախատեսված սանկցիաների շրջանակում»,- նշեց Ա. Հովսեփյանը: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ