Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 21,2005 00:00

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՂԵՑԻՆ ԱՅՆ ԱՅԺՄ ՀՌՉԱԿՈՂՆԵՐԸԱսում է ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը – ԱԺԿ հետագա մասնակցությունը «Արդարության» աշխատանքներին պայմանավորել եք դաշինքի կողմից «սեփական սխալներն ընդունելու, ներքին մթնոլորտն առողջացնելու» պատրաստակամությամբ: Ինչպե՞ս եք պատկերացնում այս պայմանների իրագործումը: – Գտնում ենք, թե բնական է, որ դաշինքը պետք է վերլուծի արդյունքները, թե ինչու այսպես եղավ եւ հանգի համապատասխան եզրակացությունների: Եվ եթե «Արդարությունն» իրոք կարողանա այս ամենը ճիշտ գնահատել՝ նախկինում իրականացված սխալների ընդունումը երաշխիք կլինի, որ դրանք ապագայում չեն կրկնվի: Իսկ եթե ոչ, ու շարունակվեն նույն մոտեցումները, ապա ԱԺԿ-ն այլեւս անելիք չունի «Արդարություն»-ում: – Իսկ ի՞նչ ժամկետ եք սահմանել այս հարցի պատասխանը ստանալու համար: – Բնական է, որ անվերջ չենք սպասելու: Եթե դաշինքը չվերագնահատի իր քաղաքականությունը՝ դա կընկալենք որպես պատասխան: Ու նաեւ՝ ձեռքներս ծալած չենք նստելու այդ ընթացքում: – Դեռ հանրաքվեից առաջ խոստացել էիք Ձեր գնահատականները հայտնել «Հանրապետության» խոստացած «դեմոկրատական» հեղափոխությունից հետո: Հիմա արդեն ակնհայտ է, որ այն չի իրականացվի առնվազն 2005-ին: – Այն, ինչ մեզ համար ակնհայտ էր դեռ ամռանը, որ Հայաստանում չկա հեղափոխական մթնոլորտ եւ չի հաջողվի իրականացնել հեղափոխություն՝ հիմա արդեն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ովքեր իրենց համարում էին այդ ապագա հեղափոխության կազմակերպիչներն ու առաջնորդները: Դա է պատճառը, որ հենց հիմա ի հայտ եկավ ԱԺԿ հայտարարությունը: – Բոլորի համար չէ, որ ակնհայտ է: «Հանրապետության» առաջնորդը շարունակում է պնդել, թե «հեղափոխությունը շատ մոտ է, եւ ժամանակից շուտ է այն թաղելը»: – Ո՛չ հեղափոխություն թաղելը, ո՛չ էլ անելը չի լինում մեկ անձի ցանկությամբ: Հեղափոխությունները լինում են այն ժամանակ, երբ կա համապատասխան մթնոլորտ: Այլ հարց է, որ այդ մթնոլորտի ձեւավորումը էապես կախված է նաեւ ընդդիմությունից, եւ ընդդիմությունն իր անգրագետ քայլերով կարող է թաղել հեղափոխությունը: Տվյալ պարագայում, թեեւ հեղափոխական մթնոլորտ չկար, բայց մոտ ապագայում հեղափոխություն անելու հնարավորությունը թաղվեց հենց այն մարդկանց ջանքերով, որոնք այն պայմաններում, երբ չկար այդ հնարավորությունը՝ հռչակում էին այն: – Ընդդիմության հատկապես ո՞ր քայլերն եք համարում «անգրագետ», բացի նրանից, որ հրաժարվեց Սահմանադրության բարեփոխումից: – Պետք էր կարողանալ հաշվարկել, որ սահմանադրական հանրաքվեն այն առիթը չէ, որով կարելի է անել հեղափոխություն, եւ պետք էր ձեռնպահ մնալ նոյեմբերի 27-ը հեղափոխության օր հռչակելուց: Պետք էր բավարար փորձ ու գիտելիք ունենալ այդ ամենը կանխատեսելու համար: Եվ ընդհանրապես՝ հեղափոխության օրերը չեն հռչակվում: Դրսի հեղափոխություններով ոգեւորվածները եթե հաշվի են առնում այդ փորձը՝ պետք է տեսնեն, որ, որպես կանոն, նա, ով հռչակում է հեղափոխության օր՝ դրանից հետո սկսում է բացատրել, թե ինչու այն չստացվեց: Իսկ նրանք, ովքեր կատարել են հեղափոխություն՝ երբե՛ք նախապես չեն հռչակել այն, բայց երբ այն իրականացրել են, հետո բացատրել են, թե ինչո՞ւ էր այն անխուսափելի: Այս առումով էլ նոյեմբերի 27-ը հեղափոխության օր հռչակելը չի համապատասխանում քաղաքական այն հավակնություններին, որոնք դրսեւորում են այդ հռչակողները: – Փաստարկեք ԱԺԿ հայտարարության մեջ առկա պնդումը, թե ընդդիմության ներուժը բավարար չէր իշխանափոխություն իրականացնելու համար: – Ավելին՝ այն բավարար չէր նույնիսկ հանրաքվեի միանգամայն կանխատեսելի կեղծիքները բացահայտելու, վերահսկելու եւ փաստարկված ներկայացնելու համար: Այս պնդման համար հիմք է իրական վիճակը: Մեր աչքի առջեւ է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների փորձը: Ունենք նաեւ նախորդ ընտրությունների վերաբերյալ տվյալներ, որոնք ցույց են տալիս, թե միշտ չէ, որ այն մարդիկ, ովքեր «Արդարություն» դաշինքի կողմից ներգրավված էին հանձնաժողովներում կամ դիտորդներ էին՝ մեղմ ասած, մնացել էին իրենց բարձունքին: Էլ չեմ ասում, որ կան դեպքեր, երբ գործել են հակառակ ուղղությամբ: Այնպես որ՝ այնպիսի լուրջ քայլերի գնալու համար, ինչպիսին է համապետական հանրաքվեի վերահսկողությունը եւ կեղծիքների բացահայտումը (էլ չեմ ասում հեղափոխության մասին), առաջին հերթին պետք էր համապատասխան աշխատանք կատարել կուսակցությունների ներսում, որն, ի դեպ, շաղկապված է նաեւ դրսի աշխատանքի հետ: – Պնդելով, թե երկրում չկա հեղափոխական մթնոլորտ՝ ժխտո՞ւմ եք սոցիալ-տնտեսական իրավիճակից եւ ընդհանրապես՝ իշխանություններից ժողովրդի դժգոհության առկայությունը: – Իշխանությունից դժգոհությունը դեռեւս չի նշանակում, թե ժողովուրդը վստահում է ընդդիմությանը: Այսինքն՝ ինքնին դժգոհության մթնոլորտը դեռ բավարար չէ: Ժողովուրդը պետք է հավատա ընդդիմությանը եւ, տվյալ պարագայում, դա պիտի արտահայտվի այնպիսի քայլերով, որոնք կնպաստեն իշխանափոխությանը: – Ընդդիմադիր այլ գործիչներ պնդում են, թե իրենց նկատմամբ ժողովրդի վստահության ապացույցն է, որ իրենց կոչով նոյեմբերի 27-ին չգնաց ընտրատեղամասեր: – Իմ գնահատականն այլ է: Եվ այդ մասին ասել եմ դեռ սահմանադրական փոփոխությունների նախագծի 2-րդ ընթերցման ժամանակ, որ նույնիսկ ընդդիմության կոչով էլ շատ քիչ հավանական է, թե կապահովվեր անհրաժեշտ քվորումը: Հիմնական պատճառը, որ շատ քիչ մարդ գնաց հանրաքվեի՝ այն է, որ ժողովուրդը չի վստահում իշխանությանը եւ ընտրական ինստիտուտներին: – Սպառված չհամարելով հասարակության՝ երկիրը դեպի զարգացում եւ եվրաինտեգրացում տանելու ներուժը՝ ի՞նչ քայլեր եք պատկերացնում: – Մարդիկ պետք է տեսնեն գրագետ, աշխատող ու վճռական ընդդիմություն: Քանի որ միշտ էլ հիմք կա կասկածելու վճռականությանը, երբ մարդիկ, ասենք, հայտարարում են, թե պետք է հեղափոխություն անեն, 2-րդ ընթերցման ժամանակ պաթոսով լքում են դահլիճը, եւ մեկ էլ մի քանի օր հետո հայտնվում են ԱԺ նիստում ու լրջորեն հարցեր տալիս այն ոչ լեգիտիմ կառավարությանը, որին պետք է տապալեն նոյեմբերի 27-ին: – Ինչ-ինչ՝ այս անգամ վճռականության մասին հավաստիացումները շատ էին, սակայն չբավարարեց «կրիտիկական մասսան»: – Խնդիրն այն է, թե ինչո՞ւ ընդդիմության կոչով չհավաքվեց այդ «կրիտիկական» զանգվածը: Այ, այդ հարցին ընդդիմությունն ինքը պիտի պատասխան տա: Ավելին՝ պետք էր վերլուծել, ինչը բազմիցս առաջարկել ենք դաշինքի նիստերում, թե ինչու էին 2004-ին հիմնականում ապավինում շրջաններից եկող հանրահավաքի մասնակիցներին, եւ ինչու Երեւանում, որտեղ չկային պատնեշներ ու մարդիկ ազատորեն կարող էին գալ՝ բնակչության հիմնական հատվածն անհաղորդ մնաց հանրահավաքներին: Պետք էր լուրջ դասեր քաղել այս հարցի պատասխանից: – Իսկ ո՞րն է Ձեր պատասխանն այս հարցերին: – Որովհետեւ չեն վստահում եւ չեն տեսնում հետեւողականություն: Ցավոք, ընդդիմությունը գնալով դառնում է իշխանության հայելային պատկերը՝ իր գործելակերպով ու մոտեցումներով: Իսկ ժողովուրդն ուզում է տեսնել այլընտրանք եւ ոչ հայելային պատկեր: – Ձեր այս գնահատականները կփոխվեի՞ն, եթե շարունակեիք ներկայացնել «Արդարությունը» ԵԽԽՎ պատվիրակությունում: – Մեզ համար շատ ավելի ցանկալի կլիներ, որ խմբակցության այդ որոշումը լիներ ԱԺԿ հայտարարությունից հետո, որ չդիտվեր նման կապ: Իհարկե, չէին փոխվի գնահատականները: Այն հանգամանքը, որ «Արդարությունը» կայացրեց այդ որոշումը՝ հետեւանք է այն պատճառների, որոնք առաջարկում ենք վերացնել: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել