ԵՊՀ-Ն
ԾԱՆՐ-ԾԱՆՐ Է ԳԱԼԻՍ Երեկ ԵՊՀ-ում վերջապես ավարտվեցին պրոֆեսորադասախոսական
կազմի ընտրությունները: Արդյունքում՝ բուհական խորհրդի կազմի համար առաջադրվել են
մի քանի վարչական աշխատողներ ու բոլոր ֆակուլտետների դեկանները, բացի մաթեմատիկայի
ֆակուլտետի դեկանից: Այստեղից առաջադրված 3 թեկնածուներից ընտրվել է ամբիոնի վարիչներից
մեկը՝ Արթուր Սահակյանը: Ընդ որում՝ առաջադրվածների մեջ, բացի դեկան Գեղամ Գեւորգյանից,
եղել է նաեւ ամբիոնի դասախոս, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ
Հարությունյանը: Երեկ մեզ չհաջողվեց խոսել Գ. Գեւորգյանի հետ. մեզ հետ խոսեց
միայն նրա տեղակալը, այն էլ՝ չցանկացավ ներկայանալ: Դեկանի՝ ընտրություններում չանցնելու
հետ կապված՝ մեր զրուցակիցը բացառեց որեւէ անձնական խնդիր: Պարզապես իրենք նպատակահարմար
չեն գտել, որ պրն Գեւորգյանն անցնի, որովհետեւ ուզում են, որ իրենց դեկանն ամբողջովին
նվիրվի իրենց ֆակուլտետին. «Մենք ուզում ենք, որ մեր դեկանը միայն ֆակուլտետի գործերով
զբաղվի, ոչ թե ողջ բուհի»: Գուցե դեկանի տեղակալին հայտնի չէ՞, կամ ավելի ճիշտ նա
խնամքով թաքցրեց այն կասկածները, որ Գեղամ Գեւորգյանը ԵՊՀ ապագա ռեկտորի խիստ հավանական
թեկնածուներից է, եւ հնարավոր է՝ այդ ժամանակ ֆակուլտետի գործերով ավելի քիչ զբաղվի,
քան՝ եթե պարզապես խորհրդի կազմում ընդգրկված լիներ: Այսօր ԵՊՀ գիտխորհուրդը
ըստ ամենայնի կհաստատի առաջադրված բոլոր թեկնածուներին էլ, քանի որ թեկնածուների
թիվը ճիշտ այնքան է, որքան եւ պահանջվում է՝ 27 հոգի: Հիշենք, որ ԿԳՆ-ն նրանց զիջել
էր իր ներկայացուցիչների կեսը, որ կազմում է 9 հոգի եւ նրանք գումարվել են ԵՊՀ 25
տոկոսին՝ 18 հոգուն: Իսկ ԵՊՀ խորհրդի կազմում ԿԳՆ ներկայացուցիչների կազմը հրապարակում
ենք ստորեւ. Գեւորգ Պողոսյան-ԳԱԱ սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի
տնօրեն Մհեր Մակիչյան-ԿԳՆ լիցենզավորման վարչության պետ Վիկտոր Մարտիրոսյան-Կրթության
ազգային ինստիտուտի տնօրեն Գագիկ Եգանյան- Միգրացիայի եւ փախստականների վարչության
պետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան-Մայր աթոռ սուրբ Էջմիածնի դիվանապետ Ավիկ
Իսահակյան-բանասիրական գիտությունների դոկտոր Լեւոն Անանյան-Գրողների միության
նախագահ Ալեքսան Հարությունյան-Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ
Ռազմիկ Գրիգորյան-ԱԺ կրթության բաժնի պետ Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ