Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԼՄԸ՝ ՈՐՊԵՍ ՌԱԶՄԱԿԱՆ
ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

Դեկտեմբեր 21,2005 00:00

Փետրվարին
կկայանա «Չկրակված փափուշտներ» գեղարվեստական ֆիլմի շնորհանդեսը,
որը ստեղծագործական խմբի անդամներից մեկի՝ երկրորդ ռեժիսոր Սուրեն Գրիգորի բնութագրմամբ՝
ռազմական գեղարվեստի դրսեւորում է: Սցենարի հեղինակներն են Սուրեն Գրիգորը
եւ ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը, ով հայտնի է «Խոնարհ հերոսներ» վավերագրական հայտնի
ֆիլմաշարով: «Չկրակված փափուշտներ» ֆիլմը առանձնահատուկ է նրանով, որ պրոֆեսիոնալ
դերասաններ չկան, հերոսներն են «Սիսական» ջոկատի մարտիկները, Սիսիանի Լծեն գյուղի
բնակիչները: Ընդ որում, ամեն մեկը խաղում է իր դերը: Իսկ գլխավոր հերոսը մարտիկ-բանաստեղծ
Աղվան Մինասյանն է, բայց ֆիլմը միայն նրա մասին չէ: «Չկրակված փափուշտները»
դարձել է մի տեսակ հայ ժողովրդի վարքագրությունը: «Ֆիլմի հիմնական գաղափարն այն է,
որ պատերազմը դեռ չի ավարտվել…Խաղաղությունը պատերազմի ամենադաժան ձեւն է, եւ այն
տրվում է ժողովուրդներին՝ նրանց ոգու ու արժեքների փորձությունը ստուգելու համար»,-
համոզված է ռեժիսորը: Ֆիլմի նկարահանումները կատարվել են Լծենում, Քարվաճառում, Լաչինում,
Մարտակերտում, Սիսիանի տարբեր գոտիներում: «Սիսականի» մարտիկներն ասում են, որ այս
նկարահանումներն իրենց ամենադաժան, ծանր եւ երկարատեւ ճակատամարտն են՝ գեղարվեստի
մեջ: «Մենք մի հետաքրքիր մարտիկ կին ունենք՝ Մարիետան, որը ամեն կռվի գնալիս շրթներկը
թարմացնում էր, նրան էլ կտեսնեք ֆիլմում»,- ժպտալով պատմում է ռեժիսորը: Նա ասաց,
որ ստեղծագործական խմբի համար առաջնայինը ֆիլմի ճշմարտացի եւ սրտամոտ լինելն էր,
իսկ գեղարվեստականությունը «դրել» են հզոր խորհրդանիշերի մեջ: Օրինակ՝ զինվորի մկրտությունը:
«Բնականաբար՝ վախի հաղթահարումից հետո է սկսվում նրա զինվորական կյանքի սկիզբը: Մինչ
այդ, բոլոր մտածումները ընդամենը երազանքներ են՝ դեռեւս չբախված վառոդի հոտին: Երեկոյան
խարույկի շուրջ ամեն զինվոր իր փամփուշտը նետում է «մկրտվողի» երկաթե գլխարկի մեջ,
հետո լցվում է գինին: Խմում է զինվորը, ու այդ ծիսակատարությունից հետո համարվում
է, որ բոլորի փորձից նա մի պտղունց վերցրեց»,- պատմեց Սուրեն Գրիգորը: Ըստ
նրա, շարժվող հավերժության, ժողովրդի հարատեւության խորհրդանիշ է Շաքիի ջրվեժը, որը
ֆիլմում հանկարծ «կերպարանափոխվում» է եռագույն դրոշի: «Սկզբում ռիսկ չէինք անում
կյանքի կոչել այս գաղափարը: Հետո ինձ ու Սամվելին միացավ նաեւ մեր մյուս ընկերը՝
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը… 150-200 կգ սննդային ներկանյութ օգտագործեցինք
եռագույն ջրվեժը ստանալու համար: 15-20 դուբլից հետո վերջապես ստացվեց»,- շարունակեց
նա: Ֆիլմում հետաքրքիր երկխոսություն կա. վարդապետն ու ֆիդային վիճում են՝ ով է ավելի
հավատավոր: Հոգեւորականի կարծիքով՝ ֆիդային իրենից հավատավոր է, որովհետեւ ի վիճակի
է հանուն հայրենիքի զոհողության գնալու, մինչդեռ ինքը «լինելով դավանող եւ ամենօրյա
աղոթքի մեջ, հոգին դատարկ է»: Հետաքրքրվեցինք, թե ինչպես են լուծվել ֆիլմի
նկարահանման ֆինանսական հարցերը: «Ցանկացած հասարակական նշանակության գործ նախաձեռնելիս
երբեք չենք մտածում ֆինանսական խնդրի մասին: Գործը կազմակերպելիս ինքնաբերաբար լուծվել
է նաեւ այդ խնդիրը: Այս ֆիլմն էլ նկարահանվել է ջոկատի տղերքի միջոցներով, մեր ընկերական
շրջապատի աջակցությամբ»,- ասաց ռեժիսորը: Անդրադարձ եղավ նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիային,
որտեղ վերջինն է նկարահանվել «Չկրակված փամփուշտները»: «Հայֆիլմը» քայքայված, ավերված
վիճակում է, սա նրա վերջին ֆիլմն էր: Այժմ այնտեղ շատ բան է փոխվել: Կինոստուդիայի
մասնագետները նրա հարստությունն էին: Եթե եղածը չպահպանվի, լավագույն մասնագետներին
չպահեն, «Հայֆիլմը» կդառնա ընդամենը ամերիկյան կինոընկերության կցորդ, որը անգույն,
շաբլոն ֆիլմեր կարտադրի»,- համոզված է Ս. Գրիգորը: Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել