Հետհանրաքվեական
Հայաստանին նվիրված քննարկումը, որ կազմակերպել էր «Համաձայնություն» կենտրոնը, երեկ
անցավ բավականին բուռն մթնոլորտում: Առաջին բանախոսը՝ քաղաքագետ
Աղասի Ենոքյանը, վերլուծելով ներքաղաքական իրավիճակը՝ փաստեց. «Ընդդիմությունը ֆիասկո
ապրեց, ընտրեց բոյկոտի անպարտելի տարբերակը՝ իմանալով, որ այսպես թե այնպես ժողովուրդը
բոյկոտելու է հանրաքվեն, եւ հետո իր 17+1- 8: 56 եւ այլն, ֆորմատով սպառվեց: Վատ
ընդդիմությունը վատ իշխանությունից էլ վատն է, քանի որ ընդդիմություն ասելով հասկանում
ենք այն ուժը, որը վաղը պիտի գա իշխանության: Եթե վաղվա օրը վատն է, մենք կորցնում
ենք ոչ միայն իրականությունը, այլեւ՝ հույսը: Ազգային հարստությունը ոչ միայն կոնյակի
գործարանն է, այլեւ՝ ժողովրդական ոգին, որը մսխելը շատ դաժան բան է: Ընդդիմությունը
վատն է, որովհետեւ անգաղափարական է, նրա գոյությունը պայմանավորված էր Քոչարյանով:
Չնչին բացառություններով այս ընդդիմությունը մասնակից էր 98թ. պուտչին, եւ միակ բանը,
որ ասում էր՝ մենք Քոչարյանից լավ կարող ենք այսինչն ու այնինչը անել: Ընդդիմության
ղեկավարները փոշիացրին 150 հազարանոց միտինգները, ու հիմա սառեցրել են իրենց անդամությունները,
դարձել են փոքր Մհերներ, սպասում են ցորենը պոպոքի չափ դառնա՝ նոր դուրս գան»: Քննադատությունը
հակազդեցություն ստացավ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը սկզբում հայտարարեց, թե
նման գնահատականներին հումորով է վերաբերվում, սակայն քիչ հետո քանիցս կրկնեց, թե
դրանցով «իշխանությունների ջրաղացին ջուր եք լցնում»: Պարոն Դալլաքյանը բողոքեց միջազգային
հանրությունից, որ Քոչարյանին քարտ-բլանշ էր տվել, հետո ասաց, թե «ընդդիմությանը
գնահատական տվողները թող չմոռանան, որ մեր իշխանությունը զինված բանդա է՝ պատրաստ
ամեն ինչի, եւ չի կարելի ժողովրդին տանել արկածախնդրության»: «Ընդդիմության գործողությունները
եղել են ճիշտ ու գրագետ: Տեղի ունեցավ իշխանության վստահության հանրաքվե, եւ 90%-ով
«ոչ» ասացին իշխանություններին»,- հայտարարեց նա: Քննադատություն չընդունողներից
էր նաեւ Վահագն Խաչատրյանը, ով իր խոսքը սկսեց այսպես. «Եթե չտեսնեի, որ խոսացողն
Աղասի Ենոքյանն է, կկարծեի, թե Հ1-ի կամ ավելի վատ՝ Հ2-ի կամ «Արմենիայի» մեկնաբաններից
է»: Պարոն Խաչատրյանի կարծիքով, «Գաղափարական հողի վրա շարժման ժամանակը չի, պետք
է ավելի լայն ֆորմատով շարժում սկսել, պետք է հեղափոխություն, ապստամբություն, միայն
զուտ գաղափարական պայքարը օգուտ չի տա»: Իսկ ահա Հովհաննես Հովհաննիսյանն ընդունեց,
որ ընդդիմությունը սխալներ ունի, բայց՝ «այս ընդդիմության հնարավորություններն այսքանն
են, ավտորիտար երկրում ժողովրդավար քայլեր չեն լինում»: Ապա ավելացրեց. «Հիմա հասարակության
խնդիրն է՝ ուզո՞ւմ է ապրել Քոչարյանի կանոններով, տոտալիտար երկրում, թե՞ ոչ: Այժմ
ընդդիմությունը պիտի հասարակությունից պատվեր ստանա: Հասարակությունն արդեն առաջին
քայլն արել է՝ բոյկոտել է, մնում է հասունանա մյուս քայլի համար, եւ դրա համար պիտի
լայն աշխատանք տանենք»: Քննարկումը վարող Դավիթ Շահնազարյանն ընդդիմացավ, թե՝ «հասարակությանը
քննադատելու իրավունք չունենք, նա բոլորից առողջ է»: Այս նկատառմանն ի պատասխան Ավետիք
Իշխանյանը հարցրեց՝ «էդ ո՞ր հասարակությունն է առողջ՝ Գրողների միությո՞ւնը, Ակադեմիա՞ն,
ո՞ւր են, ինչո՞ւ ձայն չեն հանում»: Պարոն Շահնազարյանը հակադարձեց՝ «Նրանք նոմենկլատուրային
մտավորականներ են եւ ոչ՝ հասարակություն»: Հետաքրքիր է, այդ դեպքում ո՞րն է մեր առողջ
հասարակությունը, գուցե ԱԼՄ-ական զանգվա՞ծը: Աղասի Ենոքյանն էլ անդրադարձավ հասարակական
պատվերի հարցին՝ «բայց այս հասարակությունը չի վստահում այդ պոդրյադչիկին, որ պատվեր
տա»: Հ. Հովհաննիսյանը, որպես փորձված շինարար, համաձայնեց՝ «թող նոր պոդրյադչիկ
գտնի, բայց պատվեր տա»: Բուռն քննարկումների եզրակետը դրեց Ազատ Արշակյանը.
«Կխոսեմ միայն իմ անունից: Ես չեմ գնում հանրահավաքների, որովհետեւ վախենում եմ,
որ կապահովեմ քվորումը, եւ նրանք կհաղթեն: Վախենում եմ դրանց հաղթանակից, քանի որ
հարթակի վրա տեսնում եմ հակասեմիտների, մարդատյացների, նախկին նոմենկլատուրշիկի,
որը հպարտանում է իր անցյալով ու ծագումով, տեսնում եմ իշխանությունը որպես ժառանգություն
ընկալող մարդկանց: Ի՞նչ եք առաջարկում ինձ. ոչ մի առաջարկ չկա, սահմանադրության մասին
կարծիք չկա, Ղարաբաղի հարցի մասին՝ չկա, քաղաքական ծրագիր չկա: Ձեր գործը սկսվել
է 98-ի դավադրությամբ՝ Քոչարյանի հետ, դուք նրա հետ իրականացրիք այդ դավադրությունը,
եթե հիմա է՞լ եք ուզում դավադրություն սկսել, ասեք՝ իմանանք: Ես ինչի՞ պիտի գնամ,
բարձրանամ բարիկադի վրա, ինչ է թե՝ մեկը նախագահի աթոռին փոխարինի ուրիշին»: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ