Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամաշնորհ՝ ապտակով

Դեկտեմբեր 21,2005 00:00

Դրամաշնորհ՝
ապտակով ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի կողմից ստեղծված «Հազարամյակի
մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհուրդը երկուշաբթի օրը Վաշինգթոնում
հայտարարել է Հայաստանին 236 միլիոն դոլարի դրամաշնորհ տրամադրելու մասին: Ինչպես
հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն, Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում կորպորացիայի
նախագահ, դեսպան Ջոն Դանիլովիչը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին եւ կառավարությանը
«մեծ հաջողության համար»: «Հայաստանը մշակել է ինտեգրված, արդյունավետությանը միտված
մի ծրագիր, որը գյուղական շրջանների համար աշխատատեղերի ավելի մեծ հնարավորություններ
կստեղծի»,- ասված է նամակում: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենը
շեշտել է «Միացյալ Նահանգների նվիրվածությունը հայ ժողովրդին»՝ միեւնույն ժամանակ
սուր քննադատության ենթարկելով Հայաստանի կառավարությանը: Այսպես. Դանիլովիչը,
մասնավորապես, ասել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի խորհրդի որոշման
հետաձգման պատճառը նոյեմբերի 27-ին կայացած հանրաքվեի անցկացման հետ կապված մտահոգություններն
են՝ կեղծիքներ, ընտրական գործընթացի չարաշահումներ, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների
անդամների նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունք եւ մամուլի մատչելիության անհավասարություն»:
Դեսպան Դանիլովիչը նախագահ Քոչարյանին ուղղված նամակում գրել է նաեւ, որ «Հազարամյակի
մարտահրավերներ» ծրագրի ցուցանիշների սանդղակում, որը կոչվում է «արդար կառավարում»,
Հայաստանը երկու կետով նահանջ է ապրել: Նամակում նաեւ նշվում է, թե կառավարող խորհուրդը
տեղյակ է պահել Հայաստանի կառավարությանը, որ «քաղաքական իրավունքների, լրատվամիջոցների
մատչելիության եւ քաղաքական ազատությունների ասպարեզում անհրաժեշտ է առաջընթաց արձանագրել,
այլապես ծրագիրը կարող է սառեցվել կամ ընդհանրապես չեղյալ հայտարարվել»: Սրանք քայլեր
են, որ, «Հազարամյակի մարտահրավերների» քաղաքականության համաձայն, կարող են ձեռնարկվել
նույնիսկ դրամաշնորհի հատկացման մասին որոշումը ստորագրելուց հետո: «Սահմանադրական
հանրաքվեի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները մեզ առիթ են տվել հարցնելու՝ արդյո՞ք
այդ առաջընթացը կատարվում է: Մենք սպասում ենք Ձեր կառավարության քայլերին, որոնք
կվկայեն, որ Դուք մեծ ցանկություն ունեք բարելավելու Ձեր կատարողականը»,- ասված է
«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրեն, դեսպան Ջոն Դանիլովիչի՝ Հայաստանի
ղեկավար Ռոբերտ Քոչարյանին ուղղված նամակում: Այսպիսով, կարելի է արձանագրել,
որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն այս դրամաշնորհի կապակցությամբ միմյանց (կամ
որեւէ մեկին) շնորհավորելու բան չունեն, այլեւ իրենց սարքած ընտրաֆարսով լուրջ վտանգի
տակ են դրել այդ դրամաշնորհի ստացումը: Քվե կեղծելու համար Հայաստանում վաղուց արդեն
մարդ չի պատժվում, ուստի՝ «բարելավում» չի լինելու: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել