ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը վստահեցնում
է, որ ՀՅԴ-ն «թռնող» եւ «քցող» չի Սահմանադրական փոփոխություններից
հետո Դաշնակցությունը գտնում է, որ անհրաժեշտ է վերանայել իրենց մոտեցումները ընթացող
գործընթացների նկատմամբ: Այս մասին երեկ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ փոխնախագահ
Վահան Հովհաննիսյանը՝ Մամուլի ազգային ակումբում. «Այս տարվա խոշորագույն քաղաքական
իրադարձությունը, իմ կարծիքով՝ նաեւ նվաճումը, սահմանադրական բարեփոխումների ընդունումն
էր, որը մի կողմից պարտավորեցնում է բոլոր քաղաքական ուժերին, որոնք հավակնություն
ունեն դերակատար .լինել ներքաղաքական կյանքում, վերանայել իրենց մոտեցումները ընթացող
գործընթացների նկատմամբ, այն է՝ անհրաժեշտ է վերանայել մի կողմից օրենսդրական հիմքերը,
մյուս կողմից, որը, կարծում եմ, ավելի դժվար է եւ ավելի կարեւոր, վերանայել մեր երկրի
քաղաքական պրակտիկան: Սա, կարծում եմ, պետք է լինի մեր կուսակցության հիմնական խնդիրը
մոտեցող տարվա մեջ: Իսկ թե ինչպե՞ս այդ աշխատանքը կհամադրվի այլ կուսակցությունների
մոտեցումների եւ նպատակների հետ՝ դա ցույց կտան ընթացող եւ առաջիկայում սպասվող բանակցությունները»:
ՄԱԱ-ի համանախագահ Նարինե Դիլբարյանը հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ 2006
նախընտրական տարում կոալիցիան փոփոխությունների կենթարկվի, կամ նոր կոալիցիաներ կստեղծվեն:
Վահան Հովհաննիսյանը նկատեց, որ դա երբեք էլ չի բացառվել. «Ասածս վերաբերում է հետեւյալին.
երբ կոալիցիայի առջեւ նոր խնդիրներ են դրվում, իսկ նոր սահմանադրությամբ նոր խնդիրներ
դրվում են, ուրեմն դրանց հասնելու մեթոդները եւ աշխատաոճը անհրաժեշտ է վերանայել,
անհրաժեշտ են նոր մոտեցումներ, անհրաժեշտ է նոր եռանդ, իսկ ինչ վերաբերում է ֆորմատին,
ապա խոսքը ոչ այնքան ֆորմատի մասին է, որքան իրավասությունների եւ քաղաքական պատասխանատվության
աճի»: «Առավոտի» թղթակիցը նկատեց, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական
վերադասավորումներն անխուսափելի են, ինչպես նաեւ նոր ուժերի ի հայտ գալը: Այս պարագայում
որտե՞ղ է լինելու Դաշնակցությունը: Եվ այս իրավիճակում, երբ կոալիցիոն տարբեր ուժեր
առիթը բաց չեն թողնում գործընկերների մասին վատախոսելու, չի՞ նշանակում, որ եկել
է կոալիցիայից թռնելու ժամանակը: Վահան Հովհաննիսյանը հայտարարեց. «Թռնելու, քցելու
եւ նմանօրինակ տերմիններով մատնանշվող երեւույթների մեջ Դաշնակցությունը երբեք մասնակից
չի եղել: Մենք, ի դեպ, վերաձեւավորվելու, մեր տեղը քաղաքական ասպարեզում որոնելու
խնդիր չունենք, մենք մեր տեղն ունենք, մեր ճանապարհով գնում ենք: Հիմա թե մեր շուրջը
ի՞նչ է կատարվում, ի՞նչ փոթորիկներ, ի՞նչ փոփոխություններ, դա մեր գործը չի: Մենք
մեր ուղին գիտենք, մեր ուղին գծված է, եւ մենք դրանով գնում ենք: Ով մեզ հետ է՝ լավ
է, ով մեզ հետ չէ՝ տարբեր աստիճանի քաղաքական հակառակորդ կարող է լինել կամ դառնալ»:
ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կուսակցության համագումարում
հայտարարել էր, թե «հանրապետականները» պետք է ազատվեն ավելորդ համեստությունից: Կոալիցիայի
մեկ այլ անդամ՝ ՀՅԴ-ն, եւս իր մասով գտնում է, թե ինքն էլ մինչ այժմ բավականին համեստ
է եղել. «Դաշնակցությունն էլ է բավականին զուսպ եղել եւ շատ նվաճումներ, որոնք իսկապես
ձեռք են բերվել, այն չափով լավ ներկայացված չեն, այսինքն՝ մեր որեւէ շարժ ու քայլ
չի դարձել նախընտրական պրոպագանդայի համար նյութ»: Քարը ակնհայտորեն դարձյալ նետվեց
ՕԵԿ-ի դաշտը: Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչո՞ւ սահմանադրական հանրաքվեի ընթացքում
տեղի ունեցած կեղծիքներն այդքան շատ եղան եւ իր հոգու խորքում ընկեր Վահանը չի՞ տեսնում,
որ կեղծիքներն իրոք շատ-շատ էին: Պատասխանը մի փոքր հեռվից էր. «Մենք գտնվում էինք
հին սահմանադրության երկաթե արկղի մեջ եւ փորձերը՝ գտնել դուռը, ցույց տվեցին, որ
դուռ չկա, արկղը «սվառկա» արված էր, այսինքն՝ այն ժամանակ, երբ ժողովրդի վզին էին
փաթաթում 95-ի սահմանադրությունը, ամեն բան արել են, որ ոչ ոք չկարողանա դա փոխել:
Այսօր եթե ընդդիմությունը լիներ իշխանության գլուխ եւ փորձեր ամենաիդեալական, ասենք
Բավարիայի սահմանադրությունը դնել քվեարկության, չէր կարողանա իդեալական արդյունք
ստանալ: Ուրեմն մնում էր կոտրել այդ արկղը: Կոտրել եւ դուրս գալ, ուրիշ բան, որ կոտրել
կարելի էր մի քիչ ավելի գեղեցիկ: Այստեղ ես ձեզ հետ համաձայն եմ, դրա համար այդ հարցերը,
թե ինչի սա այսպես եղավ, այնպես եղավ, կարեւոր չեն, կարեւորը, որ մենք այսօր ունենք
նոր սահմանադրություն եւ այդ նոր սահմանադրությունից բխող նոր նպատակներ պիտի իրականացնենք»:
Մեր արդեն հաջորդ ռեպլիկին՝ նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները, պարոն Հովհաննիսյանը
չպատասխանեց: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ