Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ի՞նչ

Դեկտեմբեր 20,2005 00:00

Ի՞նչ սկզբունքով են ընտրվել բուհերի «աքսակալները» Բուհական խորհուրդների կազմերը կառավարության կողմից արդեն հաստատված են, բացի ԵՊՀ-ից: Կառավարության եւ ԿԳ նախարարության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցում ակնհայտորեն որեւէ սկզբունք չի գործում: Ավելի ճիշտ՝ գործում է, եւ հիմնականում՝ «մերոնց տեղավորելու» սկզբունքը: Հիմնադիրը, օրինակ, աշխատել է բաց չթողնել եւ ոչ մի երիտասարդ հանրապետականի, ովքեր ժամանակին ղեկավարել են բուհական ուսխորհուրդները. վարչապետի օգնականներ Կարեն Ավագյանը՝ Բժշկականում, եւ Էդուարդ Շարմազանովը՝ Մանկավարժական համալսարանում: Լիազոր մարմինն իր հերթին աշխատել է բաց չթողնել ոլորտին առնչվող ոչ մի «օրինացերկրացու»: Մանկավարժական համալսարանի՝ ԿԳՆ-ի կողմից առաջադրված անդամների կազմում է թիվ 150 դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը՝ միակ տնօրենը բուհերի ողջ ցանկի մեջ: Ինչպես եւ կասկածում էինք, տիկին Հայրապետյանը ՕԵԿ-ից է, «սակայն դա ոչ մի կապ չունի, Մ. Հայրապետյանին բոլորն էլ գիտեն՝ որպես բանիմաց, սրտացավ, ակտիվ տնօրեն»,- մեզ հետ զրույցում ներկայացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ով նույնպես ներկայացված է այդ կազմում: Մ. Հայրապետյանն իր հերթին շատ լավ է պատկերացնում խորհրդով կառավարման ձեւը, քանի որ իր դպրոցն էլ 2003-ից կառավարվում է խորհրդով: Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ իր կուսակցական լինելու հանգամանքն է նրան առաջադրելու պատճառ հանդիսացել, ապա. «Ես ՕԵԿ-ի կազմում լինելուց առաջ էլ եմ մեծ պարգեւների արժանացել: Կրթական բարեփոխումները, գոնե Նորքի զանգվածի դպրոցների շրջանում, առաջինը ես եմ իրականացրել: Մեր դպրոցի պայմանները կտրուկ բարելավել եմ. երբ 98-ին եկա, այստեղ 150 աշակերտ կար, իսկ այսօր՝ 600»: Գավառի պետական համալսարանի խորհրդի կազմում ԿԳՆ-ի կողմից առաջադրված է, օրինակ, Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր մասնագետ Կարեն Մելքոնյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է հատկապես այդ բուհում նշանակվել, պրն Մելքոնյանը հիշեց, թե ինչն է կապում իրեն այդ բուհի հետ: Պարզվում է, տարիներ առաջ, երբ այս բուհում սկիզբ դրվեց մանկավարժական ֆակուլտետի հեռակա բաժինը, առաջին ընդունելության քննություններում պրն Մելքոնյանը եղել է նախարարության ներկայացուցիչը: Պրն Մելքոնյանը «մտահոգվում» է միայն, թե ինչպես պետք է ամեն առիթով հասնի Գավառ: Ճարտարապետաշինարարական համալսարանում կառավարության կողմից, ի թիվս այլոց, առաջադրվել է նաեւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամալյա Սարիբեկյանը: Թե ինչ կապ ունի նա բուհի հետ եւ ինչ սկզբունքով է առաջադրվել, տիկին Սարիբեկյանը մեզ միջնորդավորված փոխանցեց, որ այդ մասին ասելիք չունի: Մեր կարծիքով, այլ հետաքրքիր նշանակումներ եւս կան, որոնց կանդրադառնանք առաջիկայում եւս: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել