Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

2006-ին

Դեկտեմբեր 20,2005 00:00

2006-ին ԼՂՀ հարցի լուծում չի լինի Այս կարծիքին են թե իշխանական, թե ընդդիմադիր գործիչները Երեկ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամը եւ «Որակի համընդհանուր աջակցության» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էին քննարկում՝ «Ադրբեջանահայություն. կորսված հայրենիք. համարժեք փոխհատուցում» թեմայով: Քննարկումը բավականին ներկայացուցչական էր այն առումով, որ ներկա էին իշխանական, ընդդիմադիր գործիչներ, ԼՂՀ կառավարության եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ: Մի հարցում մասնակիցները համակարծիք էին՝ ԼՂՀ հարցի հայանպաստ կարգավորման համար Հայաստանը պետք է ժողովրդավարական պետություն լինի: ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, օրինակ, ժողովրդավարական անվան տակ է մեկնաբանում նաեւ կեղծված հանրաքվեն եւ փնովում ընդդիմությանը, որ միասնական չի իշխանության հետ՝ հանուն Ղարաբաղի հարցի: Ի պատասխան՝ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը պոռթկաց. «Իշխանությունը զբաղված է կաշառակերությամբ, նախագահից սկսած դղյակներ են կառուցում, տարբեր գործարքների մեջ են մտնում ու հարյուրավոր դոլարներ են աշխատում, Դաշնակցությունը պնդում է, որ Եվրոպային դուր գալու համար պետք է հանրաքվեն կեղծել՝ ժողովուրդը չի կարող այս իշխանությամբ ազգային գաղափարի շուրջ համախմբվել»: Արմեն Ռուստամյանը նաեւ պահանջում է ԼՂՀ միջազգայնորեն ճանաչում, բնականաբար, մինչ այդ ակնկալվում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: ԱԺՄ նախագահն այստեղ էլ վերապահում ունի. «Հիմա շուտ է դրա մասին խոսել, բայց չեմ բացառում, որ մի պահ լինի»: ԼՂՀ հարցը դիտարկելով աշխարհաքաղաքական կոնտեքստում՝ պարոն Մանուկյանը կարծում է, որ աշխարհում երբեք այսպիսի «անորոշություն չի եղել աշխարհաքաղաքական հարցերում, չկան նախագծեր, թե ինչպիսին պիտի լինի աշխարհը, եւ ամենաանորոշ տեղը, որտեղ շահերի բախում կա, բայց որեւէ գծագիր չկա՝ Կովկասն է»: Զուգահեռաբար պարոն Մանուկյանը չի տեսնում իրավիճակ, որ Ադրբեջանը ԼՂՀ-ն իր կազմում չտեսնի, եւ չի տեսնում մի «հոգեկան հիվանդի», որը ինչ-որ կարգավիճակով կհամաձայներ Ղարաբաղը տեսնել Ադրբեջանի կազմում: Վերլուծությունները հանգեցին Վ. Մանուկյանի եւ թուրք գործարարի խոսակցությանը, որը հայտարարել էր. «Մենք գիտենք, որ Ղարսը հայկական է, բայց մենք վերցրել ենք՝ մերն է: Մենք գիտենք, որ այդ տարածքներն ադրբեջանական են, բայց դուք վերցրել եք՝ ձերն է»: Ըստ ԱԺՄ նախագահի, այս «սառը պատերազմը» կշարունակվի երկար եւ շահած դուրս կգա այն կողմը, որը ավելի ամուր, ժողովրդավար պետություն կկառուցի: Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ որ վերջին շրջանում թե Հայաստանում, թե Ադրբեջանում եւ թե համանախագահները անընդհատ խոսում են 2006-ին հարցի հնարավոր կարգավորման մասին, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը նկատեց. «Կարո՞ղ եք 1988-ից սկսած մի տարի ասել, որ ակտիվություն չլինի: Միշտ էլ խոսել են, միշտ էլ ասել են, որ լուծումը շատ լավն է, շատ մոտ ենք դրան: Նույնիսկ իր հրաժարականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ 2-3 տարուց այս հարցը լուծվելու է. արդեն 10 տարի է անցել»: Այլ հարցերի Գ. Իսագուլյանը հրաժարվեց պատասխանել՝ «ամեն ինչ թղթակիցների երեւակայության արդյունք» որակելով: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, երկրապահ Ալբերտ Բազեյանը նույնպես 2006-ին չի ակնկալում հարցի լիարժեք եւ վերջնական կարգավորում. «Հակամարտող կողմերի շահերը խիստ հակադիր են՝ Ադրբեջանն իր տարածքային ամբողջականության տեսանկյունից է շարունակում հարցին մոտենալ, հայերս եւ Արցախի մեր հայրենակիցները՝ բնականաբար, մնում են Արցախի անկախ կարգավիճակով հարցը լուծելու տարբերակին»: Այն, որ որոշ ընդդիմադիրներ շարունակում են պնդել, թե Հայաստանի իշխանությունները մինչեւ գարուն ազատագրված տարածքները վերադարձնելու մասին փաստաթուղթը կստորագրեն, Ա. Բազեյանն այսպես է արձագանքում. «Ես չեմ կարծում, որ Հայաստանի որեւէ իշխանություն ստորագրի իր դատավճիռը»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել