Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ»

Դեկտեմբեր 20,2005 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ» ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՀԿ 9-րդ հերթական համագումարի ժամանակ ակնհայտ դարձավ, որ իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՀԿ-ն չի պատրաստվում իշխանական կերակրամանից հավասար բաժիններ հատկացնել կոալիցիոն մյուս գործընկերներին: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ 9-րդ համագումարում այդ կուսակցության ղեկավարությունը ամենեւին չթաքցրեց, որ դժգոհ է կոալիցիայի շրջանակում իր ստացածից եւ ակնկալում է ավելին: Վարչապետն առաջարկեց իր կուսակիցներին ազատվել «ավելորդ համեստության բեռից» եւ հասարակությանը ցույց տալ, թե ինչ են իրենք արել, «ինչ դժվարին ու ծանր աշխատանք»: Ավելի ուշ, լրագրողների հարցերին ի պատասխան, վարչապետը չթաքցրեց էլ, որ իր կոչը պայմանավորված է առաջիկա ընտրություններով: Իսկ կոալիցիոն գործընկերների հասցեին քննադատությունը եւ կոնկրետ ակնարկները ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը թողեց կուսակցության այլ լիդերներին, մասնավորապես՝ Տիգրան Թորոսյանին եւ Գալուստ Սահակյանին: Վերջիններս էլ իրենց եւ դահլիճում ներկա կոալիցիոն գործընկերներին չխնայելով՝ հայտարարեցին՝ «Հանրապետականը» խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, չի գործում բավարար արդյունավետությամբ, ասվեց, որ «ՀՀԿ-ն պետք է ավելի նախաձեռնող լինի, ՀՀԿ-ն չպետք է զիջի, ՀՀԿ-ն պետք է եղանակ ստեղծողն ու թելադրողը լինի»: Այս խոսքերը հնչեցնելու պահին ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը եւ ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, մեղմ ասած, նախանձելի վիճակում չէին, նրանք արդեն ելույթներ ունեցել էին, ողջունել էին իրենց գործընկերոջը եւ այլեւս չէին կարող հակադարձել: Տիգրան Թորոսյանի ելույթում կային այլ զվարճալի կետեր եւս, մասնավորապես, անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցածին՝ տպավորություն ստեղծվեց, որ ընտրական կեղծիքների եւ լցոնումների համար մեղավորը ոչ թե իշխանություններն են, այլ՝ ընդդիմությունը: «Հանրաքվեն կայացել է եւ արձանագրել է որոշակի առաջընթաց, չնայած որոշ շեղումներին»,- ՀՀԿ համագումարում իր հերթին հայտարարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Իսկ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց. «Ընդդիմադիր մեր գործընկերները չկարողացան գտնվել իրենց բարձրության վրա եւ ցուցաբերեցին անհետեւողականություն, վեր չկանգնեցին հատվածական շահերից»: Կոալիցիային անդրադառնալով՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Կոալիցիոն ֆորմատում երկու տարվա աշխատանքը լուրջ վերանայումների անհրաժեշտություն ունի: Որովհետեւ պատասխանատվությունը երկրի ապագայի նկատմամբ պահանջում է նաեւ համապատասխան հարաբերություններ կոալիցիայի ներսում: Այստեղ է, որ մենք պիտի կարողանանք մեր վճռական խոսքն ասել ե՛ւ կոալիցիայի ներսում, ե՛ւ, ընդհանրապես, որպես խորհրդարանում ակնհայտ մեծամասնություն ունեցող կուսակցություն»: ՕԵԿ-ի վրայով անցնելով, սակայն անուններ չտալով, Գալուստ Սահակյանը իր հերթին հայտարարեց. «Գնալով ընդհանրական է դառնում գորշ պոպուլիզմը խորհրդարանում, որն ավելի վտանգավոր է մեր պետության համար, քան ցանկացած գործառույթ»: Ասվեց նաեւ, որ «Սուտլիկ որսկանությունը մտել է քաղաքական դաշտ»: Սա՝ ուրիշների մասով, իսկ ՀՀԿ-ն, ըստ Գալուստ Սահակյանի՝ «պոպուլիզմով չի զբաղվում, այլ տանում է իր բեռը»: ՀՀԿ խմբակցության ղեկավարի կարծիքով՝ «Այս կամ այն մարդու ճղճիմ որակումներով «Հանրապետականի» վարկը չի ընկնում»: Հետաքրքիր էր ՀՅԴ-ի դիրքորոշումը: Ակնհայտորեն՝ Դաշնակցությունը փորձում էր ՀՀԿ-ին համոզել, որ միայն իրենք երկուսով կկարողանան գնալ առաջ, թերեւս դարձյալ նկատի էին առնվում ընտրությունները: Վահան Հովհաննիսյանի ողջույնի խոսքում ՀՅԴ-ն առաջարկում է ՀՀԿ-ին՝ միասին գնալ առաջ եւ խաղից դուրս թողնել ՕԵԿ-ին: Այս դեպքում եւս անուններ չտրվեցին, սակայն ամեն ինչ ասվեց այնքան թափանցիկ, որ ուրիշ բան հնարավոր չէր հասկանալ: Շեշտվեց, որ եւ ՀՅԴ-ն, եւ ՀՀԿ-ն ազգային կուսակցություններ են եւ կարող են միասին դեռ երկար ճանապարհ անցնել: Ասվեց, որ բավարարված չեն ՀՀԿ-ի հետ համագործակցության չափով, քանի որ իրենք զբաղված են ժողովրդի ամենօրյա հոգսերը հոգալով եւ չեն կարողանում ամբողջ ծավալով համագործակցել. «Մենք բավարարված չենք մեր համագործակցության արդյունքներով, որովհետեւ մեր համագործակցությունը կարող էր եւ իսկապես ընդունակ էր ավելի լավ Հայաստան ստեղծելու, որովհետեւ մենք ունենք շատ լուրջ փիլիսոփայական, համակարգային, հայեցողական հենքեր, որոնք ընդհանուր են: Մենք ազգային կուսակցություններ ենք եւ ազգային արժեքները գերադասում ենք ամենից վեր: Սրանով մենք իսկապես առանձնանում ենք Հայաստանի քաղաքական դաշտում»: Համագումարը լուրջ քաղաքական փոփոխություն կատարեց նաեւ իր ղեկավար կազմում՝ մինչ այժմ 17 հոգուց բաղկացած կուսակցության քաղաքական խորհուրդը դարձավ 42 հոգանոց՝ խորհրդի կազմում ընտրվեցին «Հանրապետական» բոլոր հինգ նախարարները՝ Վարդան Այվազյանը, որը բավականին անհասկանալի է, քանի որ մինչեւ վերջերս նա «Կայունություն» կուսակցության նախագահն էր, Կարեն Ճշմարիտյանը, Մանուկ Թոփուզյանը, Հովիկ Աբրահամյանը եւ Արմեն Մովսիսյանը, նաեւ՝ ՀՀԿ տարածքային բոլոր կառույցների ղեկավարները: Սա եւս խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ն ուժեղացնում է իր քաղխորհուրդը՝ նախապատրաստվելով ընտրությունների: Համագումարին ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը հեռացավ՝ Անդրանիկ Մարգարյանի զեկույցը լսելուց հետո: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել