ԼԵՎՈՆ
ԱՐՈՆՅԱՆԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ Հայաստանցի
23-ամյա գրոսմայստեր Լեւոն Արոնյանը, որը ներկայումս բնակվում է Բեռլինում, սակայն
շարունակում է պաշտպանել եռագույնի պատիվը, Խանտի-Մանսիյսկում անցկացված ՖԻԴԵ-ի գավաթի
խաղարկությունում պատմական հաղթանակ տարավ եզրափակիչի չորս պարտիաներում՝ 3,0:1,0
հաշվով պարտության մատնելով Ուկրաինայի լավագույն շախմատիստ, ՖԻԴԵ-ի նախկին չեմպիոն
Ռուսլան Պոնոմարյովին: Պատմական Յուգրան անչափ հաջող եղավ Լեւոնի համար: Նա յոթ տուրերում
ընդհանուր առմամբ խաղաց 18 պարտիա, որից 10-ը գրանցեց իր օգտին, 8-ը ավարտեց ոչ-ոքի
եւ ոչ մի անգամ չճաշակեց պարտության դառնությունը: Եզրափակիչում Լեւոն Արոնյանը դասական
երկու պարտիաներում ոչ-ոքի արեց Պոնոմարյովի հետ, թեեւ մասնագետների համոզմամբ արդեն
երկրորդում հայ շախմատիստը կարող էր նվաճել ՖԻԴԵ-ի գավաթը: Իսկ ահա թայ-բրեքում հայ
գրոսմայստերը անվիճելի առավելություն ունեցավ ահեղ մրցակցի նկատմամբ՝ երկու անգամ
անընդմեջ պարտության մատնելով նրան: Ընդ որում, առաջին պարտիայում Ռուսլանի դիմադրությունը
կոտրելու համար պահանջվեց կատարել 73 քայլ, իսկ երկրորդում՝ 51: Կարծում ենք՝
արժե մարզասերներին մեկ անգամ էլ հիշեցնել, թե Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում
ում եւ ինչ հաշվով է դուրս մղել պայքարից: 1-ին տուր. Լեւոն Արոնյան- Ալի
Ֆրհատ (Եգիպտոս)` 2:0 2-րդ տուր. Լեւոն Արոնյան- Դարմեն Սադվակասով (Ղազախստան)՝
2:0 3-րդ տուր. Լեւոն Արոնյան- Ալեքսանդր Արեշչենկո (Ուկրաինա)` 1,5:0,5 4-րդ
տուր. Լեւոն Արոնյան- Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա)` 2,5:1,5 5-րդ տուր. Լեւոն
Արոնյան- Միխայիլ Գուրեւիչ (Բելգիա)՝ 1,5:0,5 6-րդ տուր. Լեւոն Արոնյան- Էտյեն
Բակրո (Ֆրանսիա)` 1,5:0,5 7-րդ տուր. Լեւոն Արոնյան- Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա)՝
3:1: Արոնյանի այս նվաճումը ոչ միայն անցնող մրցաշրջանում լավագույնն է հայաստանցի
մարզիկների մեջ, այլեւ պատմական նշանակություն ունի: Փաստորեն՝ շախմատի աշխարհի 9-րդ
չեմպիոն Տիգրան Պետրոսյանից հետո սա հայկական շախմատում առաջին նշանակալից հաջողությունն
է: «Առավոտը» սրտանց շնորհավորում է տաղանդաշատ մեր հայրենակցին: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ