Կարծում է նկարչի աշակերտը Երեկ
ՀՀ գիտությունների ակադեմիայում տեղի ունեցավ Մարտիրոս Սարյանի ծննդյան 125-ամյակին
նվիրված գիտաժողով: Մասնակցում էին գիտնական-արվեստագետներ, արվեստաբաններ, ուղղակի
սարյանասերներ: «Սարյանը եւ Ռուսաստանը», «Սարյանը եւ միջնադարը», «Ազգայինը Մարտիրոս
Սարյանի արվեստում», «Կերպարվեստի եւ երաժշտության եզրերը Սարյանների ստեղծագործության
օրինակով». այս եւ այլ զեկուցումների միջոցով ներկայացվեց Սարյան մարդն ու նկարչը:
Գիտաժողովին մասնակցում էր նաեւ նկարչի աշակերտը՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Ալեքսանդր
Գրիգորյանը: Նա դժգոհեց, որ հավուր պատշաճի չի նշվում մեծ նկարչի հոբելյանը, նաեւ
նեղսրտեց, որ մշակույթի նախարարությունից չեն բարեհաճել գալ միջոցառմանը: «Եթե
Սարյանը լիներ հրեա, նրան կմեծարեին՝ վեր դասելով Պիկասոյից, Դալիից: Իսկ հայերը
հակառակն են անում: Նրանք չգիտեն մեծարել իրենց արժանավորներին: Մենք ունեցել ենք
հանճարեղ նկարիչներ՝ Թորոս Ռոսլինից սկսած, բայց այնպիսի հոգեւոր նկարչություն, ինչպիսին
ստեղծեց Սարյանը, չի եղել երբեք»,- ասաց Ա. Գրիգորյանը: Նա նաեւ մի զվարճալի մանրամասն
հիշեց ուսուցչի կյանքից. «Սարյանն իր այգու դռան վրա գրել էր իր անուն-ազգանունը,
իսկ ներքեւում՝ «Այստեղ շուն կա», որպեսզի երեխաները չմտնեն ու չտրորեն այգին: Երբ
բարեկամների կանայք հետաքրքրվել են, թե ինչու է այդպես գրված, եթե ոչ մի շուն էլ
չկա, Սարյանը ժպիտով պատասխանել է՝ «Իսկ դուք կարծում էիք ես կատո՞ւ եմ»: ՀՀ
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը խոսեց Մարտիրոս Սարյանի ստեղծագործական
ժառանգությունից՝ մասնավորապես նշելով. «Նրա գլուխգործոցներից են ինքնադիմանկարը
եւ «Վազող շունը»: Սարյանը պատկերում է, թե ով է ինքը, որտեղից է գալիս եւ ուր պիտի
գնա»: Նկարչի մասին հետաքրքիր հուշեր պատմեց նաեւ նրա թոռնուհին՝ Ռուզան Սարյանը:
«Մարտիրոս Սարյանը երբեք չէր հանդուրժում, երբ մեծերը երեխաների վրա բղավում
էին… Սարյանները զարմանալի մարդիկ են, նրանց հատկություններից է ազնվությունը,
աշխատասիրությունը, անշահախնդրությունը»: Ռ. Սարյանը պատմեց նաեւ, թե պապիկն ինչպես
է իրեն նկարել սովորեցրել: Օրինակ, մի անգամ իր նկարած կանաչ տերեւների կողքին Սարյանը
կապույտ տերեւներ է ավելացրել: Հետո համոզելու համար, որ տերեւներն այդպիսի գույն
էլ են ունենում, տարել է այգի, զարմացած թոռնիկին ցույց տվել, որ ստվերում տերեւներն
իսկապես կապույտ են: Ռուզան Սարյանը տեղեկացրեց, որ այս տարին Մ. Սարյանի
հոբելյանը նշելու առումով նախապատրաստական էր, թեեւ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել
իրենց թանգարանում: Մյուս տարի դրանք դարձյալ կկազմակերպվեն ոչ միայն Հայաստանում,
այլեւ Մոսկվայում: ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ