Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՒԿԱ՛Ն ՊԵՏՔ Է ՄՇԱԿՈՒՅԹ ՁԵՌՔ ԲԵՐԻ,
Ո՛Չ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ»

Դեկտեմբեր 20,2005 00:00

Համոզված
է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Հայաստանյան մշակութային կյանքում
դեռ պահպանվում են ավանդույթներ կամ նորանկախ Հայաստանի առաջին տարիների վակուումը
վերջին տարիներին կարծես թե լցվում է: Իհարկե, սա՝ Երեւանում: Նույն բանը չես ասի
մարզերի մասին. վակուում լցնելու գործընթացը այստեղ նոր-նոր է սկսվում: Անկախ կատարած
աշխատանքի չափերից ու որակից, մի ավանդույթ հաստատ պահպանվել է: Այն է՝ Ամանորի շեմին
հանրագումարի բերել արած-չարածը: Հյուրընկալվեցինք Կոմպոզիտորների եւ երաժշտագետների
միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, որից ակնկալում էինք մեկ հարցի պատասխան՝
որտե՞ղ են մեր երաժշտագետները: Նախագահի պատասխանը փոքր-ինչ ընդարձակ էր:
«Մեր օրերում մշակութային դիմագիծ ասվածը ձեւափոխություններ է ապրել: Օրինակ, ակտիվացել
է մասսայական արվեստը ու, ինչպես ասվում է, երաժշտական կյանքը դեմոկրատացել է»,-
նշեց պարոն Ամիրխանյանը: Ըստ նրա՝ պրոֆեսիոնալ դաշտը տեղի է տալիս այն երաժշտությանը,
որը շուկա է ձեւավորում եւ, ամենակարեւորը, երբ ասվում է շուկա, չգիտես ինչու՝ մասսայական
արվեստի մասին պատկերացումները սահմանափակվում են միայն երգարվեստով: Մի խոսքով,
մեզ մոտ ակտիվացած է նշածս շուկան, իսկ պրոֆեսիոնալ դաշտը, կոմպոզիտորները ստվերում
են: Այս երեւույթը Ռ. Ամիրխանյանը բացատրում է նախ ֆինանսի, ասել է թե՝ պետական հոգածության
պակասով. «Իսկ մարդկային կիրքը ավելի մոտ է ֆինանսին: Դա է պատճառը, որ փողատերերը
հովանավորում են շոուն, ոչ թե արվեստը: Կուզեի՝ թույլ չտայինք, որ Հայաստանը եկող
տարի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում ներկայանար այնպիսի արվեստով, ինչով ողողված է
այսօր մեր մշակութային կյանքը: Չմոռանանք, որ մեր իրական դեմքը առաջին հերթին մշակույթն
է՝ բառի իսկական իմաստով: Ինչ խոսք, այստեղ մեծ է մշակույթի նախարարության դերը:
Ուզում եմ հավատալ, որ արտերկրում հայկական մշակույթ ներկայացնելիս նախարարությունը,
համագործակցելով ստեղծագործական միությունների հետ, կանի ամեն ինչ, որ դրսում երեւա
հայկական ազգային, խորքային մշակույթի անդրադարձը»: Ռ. Ամիրխանյանը դժգոհեց
վերջին շրջանում մեզանում հնչող այն կոչի դեմ, որ պետք է վերացնել ստեղծագործական
միությունները: «Վերջերս Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ գտնվում էինք
Գերմանիայում: Այդ երկրի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կոմպոզիտորների միությունն էր
կազմակերպել հայ կոմպոզիտորական արվեստի օրեր: Չմանրամասնելով տեղի պետական այրերի
ընդունելությունը, ունկնդիրների վերաբերմունքը, համերգների արձագանքները լրատվամիջոցներում,
նշեմ, որ միանշանակ զգում էիր, որ այդ ամենը տվյալ երկրի պետական հոգածության արդյունքն
է: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե կոմպոզիտորներս միայն ֆինանս ենք ակնկալում
մեր երկրից: Մենք ակնկալում ենք հոգածություն, ինչի դրսեւորում է նաեւ ֆինանսը: Ինչպես
նշեցի վերեւում, չի կարելի թույլ տալ, որ մշակութային դաշտը ակտիվանա քաղաքային ֆոլկլորի
ճանապարհով: Ի վերջո, պետք է ձեւավորվի ընդհանուր երաժշտական շուկա, որը կկոչվի հայաստանյան:
Ընդ որում, այդ շուկա՛ն պետք է մշակույթ ձեռք բերի, ոչ թե հակառակը»,- ասաց պարոն
Ամիրխանյանը: Միայն զրույցի ավարտին վերադառնալով երաժշտագետների «լռությանը»,
Կոմպոզիտորների միության նախագահը կարծիք հայտնեց, թե դա երբեմն փոխկապակցված է մամուլի
հետ, հիշելով ժամանակին «Առավոտ» օրաթերթի «Առավոտ լուսո» մշակութային ներդիրը: «Այսօր
դժվար է մասնագիտական թերթերի, ամսագրերի հրատարակումը՝ հասկանալի պատճառով: Մենք՝
կոմպոզիտորներս, հույս ունենք, որ տարիներ անց նորից կհանդիպենք «Առավոտ լուսո»-ին»,-
եզրափակեց Ռ. Ամիրխանյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել