Բուհական խորհուրդների
կազմերը կառավարության կողմից արդեն հաստատված են, բացի ԵՊՀ-ից: Կառավարության
եւ ԿԳ նախարարության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցում ակնհայտորեն
որեւէ սկզբունք չի գործում: Ավելի ճիշտ՝ գործում է, եւ հիմնականում՝ «մերոնց տեղավորելու»
սկզբունքը: Հիմնադիրը, օրինակ, աշխատել է բաց չթողնել եւ ոչ մի երիտասարդ
հանրապետականի, ովքեր ժամանակին ղեկավարել են բուհական ուսխորհուրդները. վարչապետի
օգնականներ Կարեն Ավագյանը՝ Բժշկականում, եւ Էդուարդ Շարմազանովը՝ Մանկավարժական
համալսարանում: Լիազոր մարմինն իր հերթին աշխատել է բաց չթողնել ոլորտին առնչվող
ոչ մի «օրինացերկրացու»: Մանկավարժական համալսարանի՝ ԿԳՆ-ի կողմից առաջադրված անդամների
կազմում է թիվ 150 դպրոցի տնօրեն Մանիկ Հայրապետյանը՝ միակ տնօրենը բուհերի ողջ ցանկի
մեջ: Ինչպես եւ կասկածում էինք, տիկին Հայրապետյանը ՕԵԿ-ից է, «սակայն դա ոչ մի կապ
չունի, Մ. Հայրապետյանին բոլորն էլ գիտեն՝ որպես բանիմաց, սրտացավ, ակտիվ տնօրեն»,-
մեզ հետ զրույցում ներկայացրեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը,
ով նույնպես ներկայացված է այդ կազմում: Մ. Հայրապետյանն իր հերթին շատ լավ է պատկերացնում
խորհրդով կառավարման ձեւը, քանի որ իր դպրոցն էլ 2003-ից կառավարվում է խորհրդով:
Իսկ ինչ վերաբերում է այն տեսակետին, որ իր կուսակցական լինելու հանգամանքն է նրան
առաջադրելու պատճառ հանդիսացել, ապա. «Ես ՕԵԿ-ի կազմում լինելուց առաջ էլ եմ մեծ
պարգեւների արժանացել: Կրթական բարեփոխումները, գոնե Նորքի զանգվածի դպրոցների շրջանում,
առաջինը ես եմ իրականացրել: Մեր դպրոցի պայմանները կտրուկ բարելավել եմ. երբ 98-ին
եկա, այստեղ 150 աշակերտ կար, իսկ այսօր՝ 600»: Գավառի պետական համալսարանի
խորհրդի կազմում ԿԳՆ-ի կողմից առաջադրված է, օրինակ, Կրթական ծրագրերի իրականացման
գրասենյակի գլխավոր մասնագետ Կարեն Մելքոնյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է հատկապես
այդ բուհում նշանակվել, պրն Մելքոնյանը հիշեց, թե ինչն է կապում իրեն այդ բուհի հետ:
Պարզվում է, տարիներ առաջ, երբ այս բուհում սկիզբ դրվեց մանկավարժական ֆակուլտետի
հեռակա բաժինը, առաջին ընդունելության քննություններում պրն Մելքոնյանը եղել է նախարարության
ներկայացուցիչը: Պրն Մելքոնյանը «մտահոգվում» է միայն, թե ինչպես պետք է ամեն առիթով
հասնի Գավառ: Ճարտարապետաշինարարական համալսարանում կառավարության կողմից,
ի թիվս այլոց, առաջադրվել է նաեւ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Ամալյա
Սարիբեկյանը: Թե ինչ կապ ունի նա բուհի հետ եւ ինչ սկզբունքով է առաջադրվել, տիկին
Սարիբեկյանը մեզ միջնորդավորված փոխանցեց, որ այդ մասին ասելիք չունի: Մեր
կարծիքով, այլ հետաքրքիր նշանակումներ եւս կան, որոնց կանդրադառնանք առաջիկայում
եւս: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ