Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գազային» անտերություն

Դեկտեմբեր 17,2005 00:00

«Գազային» անտերություն Բաժանորդներն օրերով սպասում են գազի վարպետներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» համաձայն, բնակչության գազամատակարարումը եւ սպասարկումը իրականացնում է «ՀայՌուսգազարդը»: Ըստ պայմանագրի՝ թե բնակիչը, թե «ՀայՌուսգազարդը» ունեն որոշակի պարտավորություններ: Չի կարելի ասել, թե բնակիչները «փայլում» են՝ պայմանագրային պարտավորությունները կատարելու տեսանկյունից: Բայց շատ դեպքերում նրանց ինքնագործունեության է մղում բնակչի ահազանգին սպասարկողի անտարբերությունը: Երեք օր առաջ Գրիգոր Լուսավորչի 12 շենքի 11 բնակարանի տանտիրուհին գազի խողովակից՝ միացման տեղում արտահոսք նկատելով, զանգահարում է գազի գրքույկում եղած 55-39-30 հեռախոսահամարով: «Հեռախոսն անընդհատ զբաղված էր: Իսկ գազի հոսքը ավելի ու ավելի զգալի էր դառնում,- պատմում է բնակչուհին: Որոշեցի «Սփյուռից» ճշտել հեռախոսահամարը, մտածելով, որ իմ հավաքած համարը չի աշխատում: «Սփյուռը» ինձ տրամադրեց 55-90-73 հեռախոսահամարը: Պատասխանեց մի կին, ու երբ ես ներկայացրի եղելությունը, նա ասաց, որ իրենք հայտ չեն ընդունում եւ պետք է զանգեմ նախկին համարով: Ես տեղեկացրի, որ համարը շարունակ զբաղված է եւ հնարավոր չէ կապվել: Նա պատասխանեց՝ այնքան զանգեք, մինչեւ ընկնեք, ու անջատեց հեռախոսը»: Այնուհետեւ տանտիրուհին կրկին զանգահարում է «Սփյուռի» տված համարով ու կինը նրա հայտն այս անգամ ընդունում է: Սակայն երեկվա դրությամբ մատակարար ընկերությունից ոչ ոք նշված հասցե չի այցելել: Մնում է մտածել, որ բնակչին ուղղակի «ցրել» են: Մինչդեռ, ըստ սպասարկման պայմանագրի, մատակարարը պարտավոր է ահազանգը ստանալուց հետո հնարավոր կարճ ժամկետում դադարեցնել բաժանորդի գազամատակարարումը, վերականգնել ներտնային համակարգի աշխատանքը: Կազմակերպությունը պարտավոր է նաեւ արձագանքել կանչին՝ հայտը ստանալուց 36 ժամվա ընթացքում, մինչդեռ Գ. Լուսավորչի 12 հասցեում նրանց դեռ սպասում են: Ըստ պայմանագրի՝ անվտանգության կանոնները բաժանորդից պահանջում են չկատարել ներտնային համակարգի նորոգման, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկման եւ այլ աշխատանքներ՝ մատակարարի կողմից չընտրված կազմակերպության կամ ֆիզիկական անձի միջոցով: Այս դեպքում, ձմեռ օրով բաժանորդն ուրիշ ելք չի գտել. «Ամուսինս փորձեց ինչ-որ բան անել, թեպետ նա էլ վախենում էր, թե չի կարող այնպես սարքել, որ երաշխավորվի անվտանգությունը: Բայց ի՞նչ կարող ենք անել՝ մի կերպ սարքեց, հո չէի՞նք սառելու»: Գազի սպասարկումից դժգոհ՝ նույն թաղամասի մեկ այլ բաժանորդ տեղեկացրեց, որ մոտ 25 օր սպասել են, որպեսզի հաշվիչը միացնեն: Իսկ 26-րդ օրը «առավոտից նստել ենք տանը, սպասել, իսկ բանվորները եկել են երեկոյան ժամը 21-ին: Միացնելով հաշվիչը՝ ներտնային միացումները նրանք չեն կատարել, խոստանալով, որ հաջորդ օրը կգան: Անընդհատ զանգում էինք, ասում էին՝ կգան, եւ 10 օր սպասելուց հետո ինքներս ենք միացրել: Միացնելուց հետո անցել է եւս 10 օր, բայց վարպետները դեռ չկան»,- պատմեց բաժանորդը: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել