Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուժկովից

Դեկտեմբեր 17,2005 00:00

«Լուժկովից օրինակ վերցրեք» Ներկայացվող նյութի հեղինակը հանրապետության անվանի շինարարներից է, արդեն՝ թոշակառու: Նա խնդրեց իր անունը չհրապարակել՝ տհաճություններից խուսափելու նպատակով: Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետեր Երվանդ Զախարյանն ու Յուրի Լուժկովը տարեկան մեկ-երկու անգամ հանդիպում են: Ես չգիտեմ, թե փորձի փոխանակման առումով նրանք ինչ են սովորում իրարից, բայց կա մի բան, որը մեր քաղաքապետը կարող է ընդօրինակել Լուժկովից: Խոսքը վերաբերում է բնակարանային շինարարությանը: Ինչ եք կարծում, ինչո՞ւ են մոսկովյան ինվեստորները, թողած Մոսկվան ու Ռուսաստանը, այդպես ջանասիրաբար «լծվել» մեր քաղաքի կենտրոնի նորացման գործին: Որպես վետերան-շինարար, որը բազմաթիվ շենքեր է կառուցել թե Երեւանում, թե Մոսկվայում, ես կարող եմ ասել պատճառը: Մոսկվայում կառուցվող բնակֆոնդը վաճառվում է 1 քմ-ը 1000-1500 դոլար՝ 250-300 դոլար ինքնարժեքի դեպքում, ինչպես եւ Երեւանում է: Սակայն Մոսկվայում շինարարության համար հողհատկացումը կատարվում է միայն մրցույթով, իսկ մրցույթի պայմաններից մեկն էլ այն է, որ հաղթող կազմակերպությունը պետք է քաղաքային իշխանություններին հատկացնի կառուցվող բնակարանների 20-28 տոկոսը, այսինքն՝ շենքի բնակմակերեսի մեկ երրորդը անհատույց հանձնվում է քաղաքացիներին: Քաղաքապետարանն այդ բնակարանները տրամադրում է դեռեւս խորհրդային տարիներից հերթագրվածներին, նորապսակներին, զինծառայողներին, չքավորներին եւ այլն: Նույն խորհրդային տարիներին նորակառույցի բնակմակերեսի 10 տոկոսն էր տրամադրվում քաղաքային իշխանությանը՝ հերթագրվածներին հատկացնելու համար: Իսկ այժմ Երեւանում քաղաքապետարանի հաշվին փոխանցվում է ընդամենը կառուցված յուրաքանչյուր 1 քմ-ի դիմաց 20 դոլար: Մնացածը կառուցողների շահույթն է կամ՝ գերշահույթը: Փորձեմ թվաբանությամբ պարզել, թե որքան է կազմում մեր կառուցապատողների ստացած շահույթը յուրաքանչյուր քառակուսի մետրից: Ինչպես արդեն նշեցի, 1 քմ բնակմակերեսի ինքնարժեքը կազմում է 250-300 դոլար, որի մեջ հաշվվում են հարկեր-տուրքերը, դրան ավելացնենք քաղաքապետարանին տրվող 20 դոլարը, իսկ որպես 1 քմ-ի վաճառքի միջին գին ֆիքսենք 1500 դոլարը: Ստացվում է, որ կառուցապատողը յուրաքանչյուր 1 քմ-ի համար ստանում է նվազագույնը 1200 դոլար եկամուտ: Իսկ եթե Երեւանում էլ գործեր Մոսկվայի իշխանությունների պայմանը, ապա գումարային պատկերը կլիներ այսպիսին. կառուցվող շենքն ունի միջինը 5000 քմ, 1200 դոլար շահույթի մեկ երրորդ մասը՝ 400 դոլար: Այսինքն, մեկ շենքից քաղաքապետարանը կստանա շուրջ 2 մլն դոլար: Ներկայումս Երեւանում կառուցվում է մոտ 30 բնակելի, եւ հիշյալ պայմանի գործելու դեպքում մայրաքաղաքը կունենար 60 մլն դոլար: Իսկ դրանով կարելի է բազմաթիվ հոգսեր հոգալ, այդ թվում եւ՝ բնակարանային: Մեր քաղաքապետը կամ կառավարությունը մտածո՞ւմ է, թե երիտասարդ պետական ծառայողը՝ ուսուցիչն, օրինակ, ի՞նչ միջոցներով պետք է տուն ձեռք բերի: Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե այդ հաշվարկներին անտեղյակ են Երեւանի եւ ընդհանրապես՝ երկրի իշխանությունները: Բայց Մոսկվայի օրինակը նրանք չեն վերցնի, որովհետեւ կառուցողներն իրենք են կամ իրենց մերձավորները: Կարելի է ասել, որ հողակտորները մոսկվացիներին որպես նվեր տրամադրելով՝ մեր իշխանությունները նաեւ անձնական ու քաղաքական հարցեր են լուծում: Իսկ մենք գիտեինք՝ թե պետության ունեցվածքը իր քաղաքացիների համար պետք է ծառայի: Վետերան-շինարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել