«ԱԶԱՏԵՔ ՄԵԶ ՀՈՏԱԾ ԱՊՐԱՆՔԻՑ» Մաքսայինի պահեստներում պինդ-պինդ պահպանվում են 5 տարի առաջ առգրավված տորթ «Պրիչուդա», ձու, թթվասեր ու կարագ: Մաքսային պետական կոմիտեն ունի 7 բաց եւ 10-ից ավելի փակ պահեստներ: Ավելի ստույգ՝ դրանք առանձին տնտեսվարող ընկերություններ են, որոնք լիցենզավորվում են կոմիտեից, վերջինիս հաշվեհամարին տարեկան փոխանցելով որոշակի գումար: Նույն այդ պահեստներում 1998-ից սկսած կուտակվել է 538 անուն ապրանքատեսակ՝ 250 անուն դեղերը չհաշված: Տեսականին հարուստ է՝ սննդամթերք, տեխնիկա, ծխախոտ եւ այլն: «Դա մեր ժառանգությունն է, որից ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել: Պահեստների տերերը մեզ են դիմում, թե՝ ազատեք մեզ այս հոտած ապրանքից, բայց դրանց տերը մենք չենք եւ իրավունք էլ չունենք այդ անելու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կոմիտեի մաքսային վիճակագրության եւ փոխադրումների հաշվառման վարչության պետ Գառնիկ Միրզոյանը: Իսկ ո՞վ է տերը. պարզվում է՝ Դատական ակտերի հարկադիր կատարման վարչությունը: Մեխանիզմն այսպիսին է. մաքսային խախտում թույլ տվածից ապրանքն առգրավվում է եւ տեղավորվում պահեստում, այնուհետեւ Մաքսային կոմիտեի իրավաբանական վարչությունը սկսում է գործի վարույթ: Երկու մլն դրամը գերազանցող ապրանքի համար քրգործ է կազմվում եւ ուղարկվում դատախազություն: Անդրադառնանք մինչեւ 2 մլն արժողության ապրանքների ճակատագրին: Նախ այն ուղարկվում է փորձագիտական զննության: Հետո, եթե սեփականատերը ի հայտ է գալիս եւ ցանկանում մաքսային՝ շուկայականից քիչ ցածր գնով վճարել դրա համար, գումարած՝ վարչական տույժերը, ուրեմն՝ լավ, գործը փակվում է: Շուտ փչացող ապրանքը տիրոջ համաձայնությամբ սահմանված գնով կարելի է իրացնել նաեւ «Ադամանդ» բորսայի միջոցով: Իսկ եթե ապրանքն այդ ընթացքում փչացավ՝ անցնում է «սեւ» ցուցակ եւ դատարանի վճռով ուղարկվում է ԴԱՀԿ՝ աճուրդով վաճառքի: «Փչացած ապրանքն այդ դեպքում կարող է ոչնչացվել, բայց՝ տիրոջ հաշվին, իսկ եթե օրենքի սահմանված ժամկետներում աշխատանքը չենք արել եւ մեր ձգձգումների պատճառով է փչացել՝ նա կարող է դատարանի միջոցով մեզնից համապատասխան բռնագանձում անել»,- պարզաբանեց մեր զրուցակիցը: Ինչպես պարզեցինք, մինչ օրս ոչ իր հաշվին ոչնչացնել ցանկացող, ոչ էլ՝ մաքսայինին դատի տվող չի եղել: Տրամաբանական էլ չէր, որ մեկից ապրանքը վերցնեն՝ հերիք չէ, դեռ դրա ոչնչացման համար էլ գումար վճարի՝ նրան պե՞տք է ապրանքի ճակատագիրը, դեռ տարբեր համակարգերից ոչնչացման թույլտվության ու այլ փաստաթղթերի համար վազվզելն էլ՝ հետը: Իսկ ում որ պետք է՝ իրավունք չունի այդ անել, եթե նույնիսկ գումար ունի դրա համար: «Այդ ապրանքը ոչ մեր կոմիտեի, ոչ էլ՝ պահեստի տիրոջն է, ԴԱՀԿ-ինն է: Իսկ ԴԱՀԿ-ն էլ չի կարող ոչնչացումն անել, քանի դեռ ապրանքն ակտավորված չէ: Ակտավորման համար պետք է կառավարության որոշմամբ ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կստուգի-կակտավորի ապրանքը եւ կկայացնի ոչնչացման որոշում: Եվ ստուգումը, եւ ոչնչացումը բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում են պահանջում, ինչ պատճառով էլ 2000-ին կազմված հանձնաժողովը չկարողացավ աշխատել»,- ասաց Գ. Միրզոյանը: Ինչ վերաբերում է դեղերին, ապա դրանց համար հանձնաժողով ստեղծվեց, հաշվառում արեցին, բայց ոչնչացման տեղ ու հնարավորություն դեռ չկա: Այսպիսով ստացվում է, որ պահեստների տեր տնտեսվարող սուբյեկտները «կրակն են ընկել» ստեղծված պարադոքսային իրավիճակի ձեռքը՝ նրանք վճարում են տարածքի, սառնարանների օգտագործած էներգիայի համար, որպեսզի անհայտ ժամանակով պահեն 5-ամյա վաղեմության երշիկ, ձու, բանան ու կարագ՝ իրենց երկարամյա հոտած բույրերով հանդերձ: Զարմանալի չէ, որ պահեստատերերից երկուսը լիցենզիան շարունակելու հայտ չեն ներկայացրել: Մխիթարականն այն է, որ «սեւ» ցուցակում հայտնվողների թիվը գնալով պակասում է: Ըստ մեր զրուցակցի՝ անցյալ երկու տարիներին տարեկան միջինը 10-15 «անժամկետ» պահեստավորման դեպքեր են գրանցվել, որովհետեւ «մեր հետաքննիչները ապրանքի տերերի հետ սկսել են լավ աշխատել, բոլոր նրբությունները բացատրել եւ համոզել՝ արագ որոշում կայացնելու»: Իսկ արձանագրված դեպքերը հիմնականում ծխախոտի եւ դեղերի հետ են կապված: Դեղերի մասին ասացինք, իսկ ծխախոտի վաճառքն անթույլատրելի է, եթե չունի հայերեն մակնշում եւ դրոշմանիշ, իսկ առգրավվում են համարյա այս երկուսի բացակայության պատճառով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ