Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆԵՐԸ

Դեկտեմբեր 17,2005 00:00

ՇՆԵՐԸ ՀԱՅԵՐԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ ՉԵՆ Իսկ փողոցային շների դեմ պայքարի «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հասցեն մեզ համար մնաց «իքս» Անցնող տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ու սպասարկումների վարչությունը երկու անգամ փորձել է թափառող շների համար մարդասիրական «ժեստ» անել եւ Պետական գնումների գործակալություն է ներկայացրել նրանց դեմ պայքարի համար մրցույթի «եվրո» ծրագիր: Այն է՝ հաղթող ընկերությունը պարտավորվում է կառուցել շների կացարան, որտեղ պետք է հավաքի նրանց, առողջներին զրկի սերունդ տալու հնարավորությունից կամ «ստերիլիզացնի», հիվանդներին՝ բուժի, իսկ անհույս հիվանդներին՝ մահաբեր դեղի ներարկման միջոցով «քնացնի»: Սակայն երկու փորձն էլ պսակվել է անհաջողությամբ՝ մրցույթի համար չի գտնվել եւ ոչ մի հայտատու: Ի՞նչն էր հույս տվել քաղաքապետարանին, որ կհայտնվեն այդքան մեծ ներդրումներ պահանջող գործն «իրար ձեռքից խլողներ»: «Մամուլում եղան հրապարակումներ, նույնիսկ՝ ինչ-որ ընկերությունների անուններ էին հնչում, դրանցից մի քանիսը մեզ էլ դիմեցին, որ իբր պատրաստ են ներդրումների, ավելին՝ արդեն ունեն պատրաստ կացարաններ: Մենք էլ մտածեցինք, որ մեր գումարները՝ մինչեւ 20 միլիոն դրամ, կուղղենք հաղթող ընկերության ֆինանսավորմանը: Պատրաստ էինք տալ նույնիսկ ավելին, բայց ոչ մեկը հայտ չներկայացրեց»,- պարզաբանեց վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը: Իսկ երբ անհաջողությունից խրատված՝ վարչությունը գործակալությանը նոյեմբերին կրկին ներկայացրել է նոր մրցույթի ծրագիր՝ հին պահանջներով, ի հայտ են եկել երկու մասնակից: Մեկը նախորդ տարվա հաղթողն էր՝ «Դամի- Արկ» ՍՊԸ-ն, մյուսը՝ «Յունիգրաֆ-Իքսը»: Հաղթել է վերջինը: Իսկ ներկայացված պարտավորությունները նույնն են, ինչ՝ անցյալ տարի. ոչ թե կրակելով, այլ ցանցերով հավաքել, տանել Նուբարաշենի խճուղի՝ շների գերեզմանոց, հետո սպանել եւ թաղել: Այս ձեւով թափառող կենդանիների դեմ պայքարն սկսվել է անցյալ տարվանից, նույն տարում էլ փակվել է քաղաքապետարանի նույնանուն բաժինը, որն, ըստ մեր զրուցակցի՝ պարտվել է մրցույթում եւ «իմաստ չուներ այն պահել»: Բաժինը մինչ այդ շների հարցը լուծել է գիշերները դրանց վրա կրակելով: Իսկ «Դամի-Արկը», ինչպես նաեւ՝ «Յունիգրաֆ-Իքսը», ըստ պայմանագրի, ցանցերով են հավաքում եւ իրենց գումարը ստանում են սպանված կենդանիների պոչերի հաշվարկով: Հաշվողն էլ Առեւտրի եւ սպասարկման վարչության հանձնաժողովն է, որն ամեն ամիս անցկացնում է պոչերի եւ համապատասխան գումարի «ընդունման-հանձնման արարողություն»՝ Չարբախի անասնաբուժական կենտրոնում: Երբեւէ ստուգե՞լ են, թե, արդյոք, որսը կազմակերպվում է միայն ցանցերով եւ ոչ՝ միանգամից գնդակահարությամբ: Պարզվեց՝ ոչ, սակայն պարոն Ղազարյանը համոզված էր, որ պայմանագրի խախտում չի լինում, թե չէ՝ «բողոքներ կլինեին»: Ցանկացանք որոշ մանրամասներ ճշտել «Յունիգրաֆից», բայց մեզ տրամադրված միակ հեռախոսահամարը, պարզվեց, գոյություն չունի: Մի կողմ թողնենք գործարքի ֆինանսական մանրամասները՝ առավել կարեւոր է, թե ինչո՞ւ ոչ մի կերպ չի հաջողվում եվրոհամայնքին «ճղվելով» ինտեգրվել ցանկացող Հայաստանին՝ մարդավարի լուծում տալ թափառող կենդանիների վնասազերծման խնդրին: Չէ՞ որ դեռեւս 2 տարի առաջ հայտնի դարձավ, որ միջազգային «Եվրասիա» կազմակերպությունը պատրաստ է միջոցներ տրամադրել՝ եվրոչափանիշներով կացարան, կլինիկա կառուցելու եւ վնասազերծում՝ բառի իսկական իմաստով, կատարելու համար: Կազմակերպության միակ խնդիրը տարածքն էր, որը պետք է հատկացներ Երեւանի քաղաքապետարանը: Նույն՝ միջազգային պահանջներով, անհրաժեշտ էր 3 հա կամ 30 հազար քմ հողատարածք, որն այդպես էլ չճարվեց ու չհատկացվեց: Ինքնըստինքյան հասկանալի է, որ չէին էլ հատկացնի՝ մեծահարուստները մայրաքաղաքի սահմաններում գտնվող ամեն «թիզ» հողի համար (հատկապես՝ արվարձաններում) արդեն «մարդասպանություն» են անում, իսկ շահույթն ստացող քաղաքապետարանը, բնականաբար, դրանից չի հրաժարվի: Եվ ինչո՞ւ պետք է «նաղդ» օգուտը թողած՝ բարձր բաների, ասենք՝ խղճի, քաղաքակրթության մասին մտածեն: «Մենք մեր կողմից ամեն ինչ պատրաստ ենք անել, նույնիսկ՝ ավելի շատ գումար տրամադրել, քան նախատեսված է: Միգուցե ինչ-որ ժամանակ տե՞ղ ճարվի, թեկուզեւ՝ քաղաքի արվարձաններում»,- անորոշ լավատես էր մեր զրուցակիցը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել