ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ՝ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ Հերթական շտապօգնության մեքենան՝ դատարանում Օրերս ՀՀ քաղաքացիական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում պետք է լսվեր Արթուր Մեսրոպյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողների բողոքն՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի: Հիշեցնենք, որ դատարանը՝ Լեւիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 11-ի դատավճռով զինծառայողներ Արթուր Քոչարյանին, Սուրիկ Չոբանյանին եւ Ավետիք Թումանյանին դատապարտեց ցմահ, Սարգիս Աթոյանին եւ Կարեն Մկրտչյանին՝ 6 տարի, Անդրանիկ Կարապետյանին՝ 2 տարի ազատազրկման: Դատական նիստը հետաձգվեց գործով մեղադրվող Անդրանիկ Կարապետյանի եւ վկա, զորամասի հրամանատար Արմեն Ալեքսանյանի բացակայության պատճառով: Նիստի հետաձգումը զայրացրեց մեղադրյալների ծնողներին: Նրանց եւ տուժողի ծնողի միջեւ վիճաբանությունն ու ծեծկռտուքը կասեցվեց ոստիկանների միջոցով: Ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդներից մեկի տատը ուշագնաց եղավ եւ երկար ժամանակ գիտակցության չէր գալիս: Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխեցին հիվանդանոց: Ըստ մեղադրյալների պաշտպան Վահե Մարգարյանի՝ նիստի հետաձգումն իր համար սպասելի էր, այդպես կարող է լինել նաեւ հաջորդ նիստերին: «Ես մարդկայնորեն հասկանում եմ այս մարդկանց ցասումը: 1983-ից փաստաբան եմ եւ սա միակ գործն է, որ ես անվերապահորեն հավատում եւ համոզված եմ, որ այս երիտասարդները Արթուր Մովսիսյանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն: Սա սարքած գործ է՝ պատվեր: Տարբեր փորձաքննությունները՝ հողագիտական, մատնադրոշմային, դատաբժշկական, քրեագիտական, որեւէ հիմք կամ ապացույց չեն տվել նրանց մեղավոր ճանաչելու: Դատարանի համար միակ հիմքը եւ ապացույցը հանդիսացել է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը՝ նկարահանված տեսաերիզի վրա: Իսկ դատական նիստերի ընթացքում Անդրանիկը հրաժարվում էր որեւէ ցուցմունք տալ, ասելով, որ ինքը ամեն ինչ մանրամասն արդեն ասել է իր ցուցմունքում՝ նկատի ունենալով տեսաերիզը: Անդրանիկը, ըստ իր իսկ ցուցմունքի, նույնպես ներկա է եղել սպանությանը, եւ մասնակցել է դրան: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նրա պատժի մեղմությունը մյուսների համեմատությամբ՝ 2 տարի: Համոզված եմ, որ առաջին ատյանի դատարանը կատարել է զինդատախազի պատվերը»: Նշենք, որ դատական վերջին նիստից մի քանի օր առաջ Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստատեսությամբ այս գործով փաստաբաններիս անվանեց «անգրագետ եւ գործին անտեղյակ»: Իր հերթին, փաստաբան Մարգարյանն ասում է. «Ես խորապես հիասթափված եմ մեր երկրի դատական համակարգից, որը իրեն թույլ է տալիս խաղալ երիտասարդների կյանքի ու ճակատագրի հետ: Իմ պաշտպանյալները լուսավոր երեխաներ են, դեռ ասելիք ունեն այս կյանքին ու հասարակությանը: Ասեմ, որ ես պետական պաշտպանության կարգով նշանակված փաստաբան եմ, եւ իմ այս աշխատանքը կատարում եմ առանց ֆինանսական ակնկալիքների ու իմ պաշտպանյալների հետ գնալու եմ մինչեւ վերջ»: Մեր իրավապահ մարմինները, որոնք ներողամիտ են թիկնապահների եւ սափրագլուխների նկատմամբ, նույնքան անողոք ու խիստ են 18-20 տարեկան զինծառայողների հանդեպ, այն աստիճան, որ պատրաստ են անգամ նրանց ցմահ զրկել ազատությունից: Միակ դեպքը չէ, որ զինծառայողի նկատմամբ կիրառում են կատարած արարքին չհամապատասխանող անհամեմատ խիստ պատիժ: Օրինակ, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ Մնացական Թադեւոսյանի որդուն, որ ծառայում էր Հադրութի զորամասերից մեկում, երկու հատ զինվորական համազգեստ գողանալու համար Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատապարտել է 2 տարի ազատազրկման: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ