Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարսնացուների գինը՝ $200

Դեկտեմբեր 17,2005 00:00

Հարսնացուների գինը՝ $200 Երեկ եզդիները նշեցին իրենց ազգային ամենամեծ տոներից մեկը՝ Զատիկը Վերջին տարիներին եզդիների որոշ ավանդույթներ փոփոխությունների են ենթարկվել: Եթե նախկինում ամուսնանալուց առաջ եզդի աղջկա գինը փեսան ու աները սակարկում էին, ապա հիմա բոլոր պոտենցիալ հարսնացուները «ստանդարտ» գին ունեն՝ 200 դոլար: Խոսքը, իհարկե, հասարակ ընտանիքների աղջիկների մասին է: Բարձրաստիճան եզդիների՝ շեյխի ու փիրի աղջիկների համար փեսացուներն այժմ էլ պատրաստ են տալ լավ գին: Սակայն եզդիները հաշվարկել են, որ այդ փողը հենց այնպես չկորչի՝ ամուսնությունները հիմնականում կազմակերպում են ազգականների միջեւ: Եզդի համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ջավոյանի ասելով՝ եզդի աղջիկը կարող է ամուսնանալ իր զարմիկի հետ: Եզդիների Նոր տարին ոչ թե հունվարից է սկսվում, այլ մարտ ամսից, բայց եզդիների խոսքերով՝ հունվարի 1-ին «հայերից պակաս չենք ուրախանում, իրանց հետ էլ ենք նշում»: Իսկ մինչ այդ, ավանդույթի համաձայն, եզդիները մեծ շուքով նշում են Զատիկ: «Երեք օր առաջ պետք է ծոմ պահենք, դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան խմիչքով ու աղանդերով հյուր գնանք մեծահասակներին, հանգուցյալ ունեցող ընտանիքներին, որից հետո արդեն կարող ենք ամեն մեկս մեր ընտանիքի հետ զատիկի սեղանի շուրջ նշել»,- պատմեց Ազիզ Ջավոյանը: Զատիկի տոնական սեղանին, բացի երշիկից ու ապխտած մսից, նույն ուտեստներն են դրվում, ինչ հայերի մոտ է ընդունված. «Երշիկն ընդհանրապես մեզ համար հարամ է, իրավունք չունենք ուտելու, մանավանդ՝ դրսից առածը: Եթե մենք մեր ձեռով սարքենք՝ տնական պայմաններում, էդ ուրիշ բան: Խնդիրը ոչ թե հատկապես եզդիների ձեռքով պատրաստած երշիկի մեջ է, այլ պարզապես մտավախություն կա, թե հայերը «խալտուրա» կարող են անել ու ի՞նչ իմանանք՝ տավարի՞, խոզի՞, ձիո՞ւ, թե՞ ուղտի մսով կսարքեն»,- մեկնաբանեցին եզդիները: Ինչ վերաբերում է կրոնական սկզբունքներին՝ «մենք քրիստոնյա չենք, բայց էդ կրոնը հարգում ենք ու անգամ հայերի պես եկեղեցի ենք գնում»: Եզդիներին համարում են Շամսի՝ արեւի որդիներ, քանի որ արեւը նրանց համար սուրբ է: Բացի այդ, յուրաքանչյուր եզդի ունի իր ընտանեկան սուրբը, որը, ըստ իրենց, նստում է տան անկյունում դարսած վերմակների ծալքի վրա: Հենց այդ վերմակների ծալքն էլ համարվում է սրբատեղի, որը, որպես հարգանքի նշան, տուն մտնելիս եզդի հյուրերը պետք է համբուրեն: Ազիզ Ջավոյանի պատմելով՝ տարին առնվազն մեկ անգամ իրենց ընտանեկան սրբի համար մատաղ են անում: Ի տարբերություն մեր մյուռոնի, եզդիները կնքված են համարվում այն պահից, երբ առաջին անգամ կրոնապետն իր ձեռքով կտրում է եզդի տղայի մազերը: Տղայի, որովհետեւ եզդի աղջիկը չի կնքվում: Հատկանշական է նաեւ այն, որ խնջույքների եւ այլ արարողությունների ժամանակ եզդի կանայք սեղանի շուրջ առանձին են նստում, տղամարդիկ՝ առանձին: «Իմ հարսները մինչ օրս իմ հետ սեղան չեն նստել, հաց չեն կերել, գտնում եմ, որ դա ճիշտ է»,- ասում է Ջավոյանը: Ըստ նրա՝ եզդի կինը պետք է իր գլուխն ու մարմինը փակ պահի «բայց Եվրոպա մտանք թե չէ՝ մեր աղջիկները յապոնկա էլ են հագնում, մազ էլ են ներկում եւ գնալով եկող սերունդը հեռանում է մեր ազգային ադաթներից»: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել