Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ

Դեկտեմբեր 17,2005 00:00

ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ ԱՎԵԼԱՑՎԵՑԻՆ ՆՈՐԵՐԸ «17+8» ընդդիմադիր ձեւաչափի այս տարվա վերջին հանրահավաքի հռետորներն ամեն կերպ փորձում էին պահպանել ոգեւորիչ շեշտադրումները: Մինչ հանրաքվեն ընդդիմադիրները խոստանում էին, թե թույլ չեն տալու, որ կեղծվեն մարդկանց ձայները: Խոստանում էին, թե կաջակցեն մարզերի բնակիչներին, որ կարողանան անարգել մասնակցել երեւանյան հանրահավաքներին: «Արարատից կմտնեմ Արտաշատ ու այսպես ավտոշարասյունով ձեզ կտանեմ: Դե՜, թող փորձեն կանգնեցնել»,- ազդարարում էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Հանրաքվեից հետո ընդդիմադիրներն արդեն սկսեցին խոստանալ, թե իշխանությունները չեն մարսելու կատարված խախտումները: Իսկ նախորդ հանրահավաքի ժամանակ Արամ Սարգսյանը խոստացավ, որ դեկտեմբերի 16-ին «հնարավոր է ամբողջ խնդիրների լուծում, ամսի 16-ին հնարավոր է տեւական պայքարի հիմնական սյուների ներդրում, ամսի 16-ին հնարավոր է իշխանական բուրգի փլուզում: Սիրելի՛ ժողովուրդ, պատրաստ եղեք գործընթացներին նույնիսկ մինչեւ ամսի 16-ը»: Ընդդիմադիրներն էլի շարունակում էին խոստանալ երեկ՝ դեկտեմբերի 16-ի այս տարվա վերջին ու ամենակարճատեւ հանրահավաքի ընթացքում: Ասենք, թե «Մատենադարանի հարթակից սկիզբ առած գործողությունները հանգեցնելու են իշխանության փոփոխության: Հաղթանակը լինելու է ժողովրդինը»: Նման հայտարարություն հենց սկզբից արեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Խաչատրյանը: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, թե ո՛չ եղանակը, ո՛չ չարախոսությունները, ո՛չ զրպարտությունը չեն ընկճելու իրենց. «Մեր պայքարը շարունակվում է»: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հայտարարեց. «Պայքարելու ենք միջազգային ասպարեզներում, դիմելու ենք բոլոր միջազգային ատյաններին: Պայքարը կարող է լինել տեւական, բայց այն չի ընդհատվի մինչեւ հաղթանակ: Եվ դա ինձ ոգեւորում է: Եվ ես ուրախ եմ, որ ունենք այսպիսի միավորված ընդդիմություն»: Վերջին դիտարկումը խիստ անպատեհ հնչեց այն պայմաններում, երբ ՀԺԿ ղեկավարն էլ հայտարարեց, թե որոշել են չմասնակցել հանրահավաքներին: Սա՞ էր պատճառը, թե՞ տեղացող անձրեւը, սակայն հավաքի մասնակիցների թիվը քառակի կրճատվել էր նախորդ հանրահավաքների համեմատ: Նշենք, որ Մատենադարանի հարթակում էր ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատուրյանը, եւ նա մեր զրույցի ընթացքում ցավ հայտնեց, որ աղավաղված ու անանուն մեկնաբանություններով ինչ-որ վերագրումներ են արվում իրենց կայացրած որոշումներին: Նշեց նաեւ. «Արդարությունը» որոշում չի ունեցել հանրահավաք կազմակերպելու, թեեւ դաշինքի անդամներից շատերը՝ եւ կուսակցության առաջնորդներ, ե՛ւ շարքային կուսակցականներ, այդ թվում նաեւ՝ ՀԺԿ անդամներ, այստեղ են: Մինչեւ դեկտեմբերի 9-ի հանրահավաքը քննարկումներ էին եղել դաշինքում, թե հանրահավաքների միջոցով արդեն լուծվել են այն խնդիրները, որոնք դրվել էին հանրաքվեից հետո, եւ ժամանակն է լուծելու մարտավարական հարցերը»: Մարտավարական հարցերի փոխարեն՝ երեկվա հանրահավաքի հռետորներից շատերը եւս մեկ անգամ պատմեցին, թե ինչ կատարվեց նոյեմբերի 27-ին, ինչ աննախադեպ ու առանց սահմանների կեղծիքներ իրականացվեցին հանրաքվեի ընթացքում: Կրկնությունը վերագրենք ասելիքի բացակայությա՞նը: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը դարձյալ ընդգծեց, թե այսօրվա կարեւորագույն խնդիրներն են հանրաքվեի անվավեր արդյունքները չընդունելը եւ իշխանափոխություն իրականացնելը: Սակայն այս անգամ հավելեց, թե ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել առանց գաղափարների: Իսկ այդպիսիք, նրա կարծիքով, այսօր քաղաքացիության եւ ազատության գաղափարներն են: Եզրափակիչ ելույթը «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանինն էր: «Ցույց տվեք մեկ մարդու, որ այսօրվա նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման համար կկանգնի անձրեւի տակ կամ կսպասի՝ հոժար կամքով: Չկա՛ այդպիսի բան,- ասաց նա:- Եվ ոչ միայն նրա, այլեւ ամբողջ իշխանությունների համար: Սա նշանակում է, որ ժողովուրդը, այսպես, թե այնպես՝ ընդդիմության հետ է»: Արամ Սարգսյանը նախորդ հանրահավաքում խոստացել էր դեկտեմբերի 16-ին հաշվետվություն ներկայացնել, թե իրենք ինչ են անում եւ ուր են տանում ժողովրդին, որից հետո «ժողովրդի համար արդեն էական չի լինի, թե որքան ժամանակում է դա հնարավոր»: Թերեւս այդ հաշվետվությո՞ւնն էր նրա այն հայտարարությունը, որ ընդդիմությունն այժմ «իրական իրավիճակը գնահատելու» եւ գործողություններ կազմակերպելու գործընթացում է: Եվ որպես առաջին նման գնահատական՝ ասաց. «Հանրաքվեն ցույց տվեց եւ ապացուցեց, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, անցել է իր ռուբիկոնը թե՛ արտաքին աշխարհի համար, թե՛ մեր քաղաքական կյանքում: Հետեւաբար, միանշանակ է, որ վերադասավորումներ են լինելու (դրանք պարտադրված են) թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր բուրգում»: Վերջինիս առնչությամբ նշեց, թե «կան կուսակցություններ, որոնք գտնում են, թե խնդիրները կարելի է լուծել էվոլյուցիոն ճանապարհով»: Վերստին պնդեց իր համոզմունքը, որ Հայաստանում էվոլյուցիոն ճանապարհով «հնարավոր չէ հասնել որեւէ փոփոխության», ուստի քաղաքացիական հասարակարգ կառուցելու, «երկիրը հայրենիք դարձնելու համար գոյություն ունի մի ճանապարհ՝ հեղափոխություն»: «Հանրապետություն» կուսակցության նախագահը հայտնեց, որ հեղափոխություն իրականացնելու նպատակով ընդդիմությունը ձեւավորում է վերկուսակցական մարմին. շարժում, որին կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ կուսակցական պատկանելությունից: Սպասվող ընդմիջումը (հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունվարի 27-ին) Արամ Սարգսյանը խոստացավ օգտագործել «Քաղաքացիական Հայաստան» շարժման տարածքային կազմակերպություններ ստեղծելու համար: Երեկվա հանրահավաքի եւս մի առանձնահատկություն. բոլոր հռետորները 15 օր շուտ շնորհավորում էին Ամանորը: Հնչեցին բավական յուրօրինակ մաղթանքներ: Ասենք՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Նոր տարվա սեղանների շուրջ, ցանկացած տեղ որ հավաքվում եք իրար հետ՝ խոսեք մեր երկրի եւ ազգի ապագայի մասին: Ամեն մեկդ մտածեք՝ ի՞նչ եք անելու, ի՞նչ ներդրում եք ունենալու մեր ընդհանուր գործում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել