Լրահոս
Օրվա լրահոսը

«ԻՐԵՆՔ

Դեկտեմբեր 17,2005 00:00

«ԻՐԵՆՔ ՇԱՏ ԵՆ ԽՈՐԱՑԵԼ ԱՌԵՎՏՐԻ ՄԵՋ» Ղարաբաղի հարցում իշխանությունների դիրքորոշումը այդպես է բնութագրում ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը «Այս փաստաթուղթը ձեւավորվել է որպես այլընտրանք այն առաջարկներին եւ պայմանավորվածություններին, որոնց մասին այսօր խոսվում է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ ընթացող զրույցների ընթացքում». այսպես բնութագրեց ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանը օրերս ընդունված փաստաթուղթը: Խոսքը Դարթմության կոնֆերանսի շրջանակներում Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների կողմից ընդունված համատեղ փաստաթղթի մասին է: Սա միակ ձեւաչափն է, որտեղ լիիրավ մասնակցություն ունի նաեւ ԼՂՀ-ն: Աշխատանքային խմբի մասնակից են Ադրբեջանից՝ Ազրո Աբդուլաեւան, Հեյդար Ալիեւի նախկին օգնական Էլդար Նամազովը, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, Հայաստանից՝ Արամ Սարգսյանը եւ Վաղարշակ Հարությունյանը (Հայկ Բաբուխանյանը բացակայում էր հարգելի պատճառով), Ղարաբաղից՝ Դավիթ Բաբայանը՝ ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը եւ Ռուբեն Զարգարյանը: Մենք հետաքրքրվեցինք, թե այդ փաստաթուղթն ի՞նչ իրավական ուժ կարող է ունենալ: «Իսկ ի՞նչ իրավական հիմք եւ ուժ ունեն նախագահների զրույցները. ոչ մի, դրանք ուղղակի զրույցներ են: Իմանալով, թե ինչի մասին են այսօր այդ զրույցները եւ ինչի մասին են արդեն ուզում նրանք պայմանավորվել, մենք կազմեցինք այս փաստաթուղթը՝ որպես այլընտրանքային տարբերակ այն ամենին, ինչ այսօր անում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Վստահաբար եմ ասում, որ (իմ ինֆորմացիան խիստ հավաստի աղբյուրներից է) նրանք արդեն կոնկրետ խոսում են այն մասին, որ բացի Քելբաջարից եւ Լաչինից, հինգ տարածքները եւս պետք է վերադարձվեն, դրա դիմաց հայերը ստանում են, այսպես կոչված, հետաձգված հանրաքվե՝ հինգ տարով, տասը տարով, ի դեպ, դեռ պարզ էլ չէ, թե քանի տարով, որից հետո, իբր՝ միջազգային համապատասխան կառույցները երաշխավորում են, որ Ադրբեջանը կընդունի այդ հանրաքվեի արդյունքները, եւ աշխարհը կընդունի: Սրանք էլ չգիտես ի՞նչ հիմքով իբր համոզված են, որ հանրաքվեն իրենց օգտին է լինելու»: Ըստ Արամ Սարգսյանի, այս ամենը անհնարին է՝ մի քանի պատճառներով. նախ՝ Լեռնային Ղարաբաղի մարզ կամ հանրապետություն ադրբեջանական սահմանադրության մեջ գոյություն չունի: Ուրեմն, եթե այդպիսի տարածք չկա, ի՞նչ հանրաքվե եւ որտե՞ղ: Եվ հետո՝ եթե տարածք ես վերադարձնում, ուրեմն փախստականները պետք է վերադառնան: Պատկերացնենք, մերոնք էլ են վերադառնում, նրանք էլ: Մեզ համար էականը այն է, թե ով է վերադառնում ԼՂ: Եվ եթե 40 հազար ադրբեջանցիք, որոնք մինչեւ 89 թվականը եղել են Ղարաբաղում, այսօր հայտարարեն, որ ասենք՝ Սամեդն այս ընթացքում ունեցել է ութ երեխա, Վուրղունը՝ 12 եւ այլն, եւ այդ ընդհանուր թիվը դառնա 150-160 հազար եւ նրանք բոլորն էլ վերադառնան, մասնակցեն հանրաքվեին հինգ տարի հետո, երբ արդեն կունենան ընտրելու իրավունք: Հետո՞, հարց է տալիս Արամ Սարգսյանը, եւ ինքն էլ պատասխանում. «Եթե հանրաքվեն արդեն կայացել է 1991-ին եւ միջազգային դիտորդների մասնակցությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակված հանրապետություն է արդեն 14 տարի, այսօր դուք ի՞նչ է, չեղյա՞լ եք ուզում հայտարարել այդ հանրաքվեի արդյունքները եւ ուզում եք զրոյի՞ց սկսել»: ՀԴԿ նախագահը շատ ճիշտ է համարում ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում եւ գտնում է, որ «Ղարաբաղը երբեք թույլ չի տա, որ Հայաստանի իշխանությունները ընդունեն հարցի կարգավորման այնպիսի լուծումներ, որոնց համաձայն չի լինի Ղարաբաղի ժողովուրդը»: Հետաքրքրվեցինք՝ արդյոք ասվածից ենթադրելի՞ է, որ այս պահին հարցի կարգավորման հետ կապված լուրջ տարաձայնություններ կան Ղարաբաղի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ. «Կոնկրետ չպատասխանեմ, բայց ասեմ, որ ես անթույլատրելի եմ համարում Վարդան Օսկանյանի պահվածքը վերջին օրերին. ի՞նչ է նշանակում, որ Օսկանյանը հերքում է ԼՂՀ նախագահի ասածները, ինքը չէ՞ր կարող նույն բանն ասել, ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի ԱԳ նախարարը հերքում է մեկ այլ հանրապետության նախագահի հայտարարությունները»: Հարցրինք նաեւ Արամ Սարգսյանի կարծիքն այն մասին, թե ուրեմն ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները համաձայն, եթե իրոք արդեն համաձայն են առաջարկվող այն լուծումներին, որոնք ամենեւին հայանպաստ չեն: Պատասխանը սա էր. «Իրենք արդեն շատ են խորացել առեւտրի մեջ. անտառում էլ, երբ շատ ես խորանում, ետ գնալը դժվարանում է: Հիմա սրանք շատ են խորացել: Քի Ուեսթում միայն Հեյդար Ալիեւն է փրկել մեզ, այսինքն՝ ամեն ինչ արդեն պատրաստ էր, միայն Ալիեւը հրաժարվեց ստորագրել: Քի Ուեսթում իսկապես Մեղրիի հարցը հստակ դրված էր, հիմա էլ չեմ բացառում, որ ադրբեջանցիները դա շահարկելու են, նրանք էլ ասում են՝ Լաչինի դիմաց կտաք Մեղրին, Քելբաջարն էլ հանրաքվեից հետո կվերադարձնեք: Իսկ Քելբաջարը մեր ջրային ռեսուրսների ակունքն է: Եվ, ընդհանրապես, Քելբաջարը վերադարձնելը նշանակում է բացել եւ Ղարաբաղը, եւ Հայաստանը»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել